Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է դիտարկել կին թեկնածուների առաջմղման հատուկ միջոցների խթանումը․ ԺՀՄԻԳ ամփոփիչ զեկույց

Մարտ 10,2019 12:45

2018 թ․-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում արտահայտման, միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների ու ազատ տեղաշարժի hիմնարար ազատությունները լիարժեք պահպանված են եղել քարոզարշավի ընթացքում: Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 26-ին և ավարտվել դեկտեմբերի 7- ի կեսգիշերին: Նախքան պաշտոնական մեկնարկը քարոզարշավ իրականացնելն օրենքով ո՛չ կարգավորված է, ո՛չ էլ արգելված:

Ընտրությունների նշանակումից կարճ ժամանակ անց կուսակցություններն ու հնարավոր թեկնածուներն սկսեցին դիմել ընտրողներին, հիմնականում Ֆեյսբուքի միջոցով, իսկ ավելի ուշ՝ նաև հանրահավաքների, դռնեդուռ քարոզչության, պաստառների ու լրատվամիջոցների միջոցով:  ԺՀՄԻԳ ԸԴԱ որոշ զրուցակիցներ նշեցին, որ քարոզարշավի սեղմ ժամկետների պատճառով առավել նպաստավոր դիրքում էին հայտնվել կայացած կուսակցությունները, որոնք ավելի մեծ ռեսուրսների էին տիրապետում, ինչպես օրինակ՝ գրասենյակներ մարզերում, գույք, հայտնի անուն և աջակիցների միջոցով ֆոնդերի հայթայթման նախապատմություն:

Քարոզարշավը լայնորեն կենտրոնացված էր կուսակցությունների ծրագրերի դրական ներկայացման, Հայասատանի ապագայի տեսլականի, իսկ մարզերում՝ տեղական համայքներին առնչվող խնդիրների վրա, թեև մասնակիցների մեծ մասը իրականացնում էր նաև որոշակի բացասական քարոզչություն: Թեև քարոզչությունը որոշ չափով հատկանշվել է մամուլում ընտրապայքարի որոշ մասնակիցների միջև սադրիչ փոխանակումներով՝ կուսակցությունների և դաշինքների՝ միմյանց և ընտրողներին դիմելու տոնայնությունը ընդհանուր առմամբ դրական շարժ է ապրել քարոզարշավի վերջին փուլերում:

Քարոզարշավի ընթացքում ագրեսիվ հռետորաբանություն նկատվել է նաև սոցիալական ցանցերի քոմենթների դաշտում: Որոշ ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցներ նշեցին, որ ենթադրյալ «կեղծ» ֆեյսբուքյան օգտահաշիվների միջոցով իրականացավում էր սադրանք, տարածվում ապատեղեկատվություն և առանձին թեկնածուների դեմ ուղղված վիրավորական արտահայտություններ:  Քարոզարշավի կուլմինացիոն կետը դեկտեմբերի 5-ին Հանրային Հ1 հեռուստաընկերության ուղիղ եթերում հեռարձակված երեք ժամ տևողությամբ բանավեճն էր, որի ընթացքում բոլոր համապետական ցուցակների առաջին համարները փոխադարձ հարգանքի և ընդհանուր համերաշխության մթնոլորտում քննարկեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական իշխանության անկախությունը, անցումային արդարադատությունը և տնտեսական զարգացումը:

Իշխանությունները պետք է կազմակերպեն ընտրողների ուսուցման արշավներ՝ խթանելու ԶԼՄ գրագիտությունը, պատասխանատվությունն ու սոցիալական ներառումը: Սադրիչ և վիրավորական լեզուն բացառելու համար ընտրապայքարի մասնակիցները կարող են մշակել և կիրառել վարքագծի կանոններ և ինքնուրույն ձևավորել լավ գործելակերպ: Օրենքն արգելում է պետական պաշտոնյաներին քարոզարշավ իրականացնել պաշտոնական լիազորությունների կատարմանը զուգահեռ, ինչպես նաև քարոզչության նպատակներով օգտագործել հանրային տարածքներ, պաշտոնական տրանսպորտային միջոցներ և այլ նյութեր:

Վարչական ռեսուրսի չարաշահումը և հանրային ծառայողների նկատմամբ ճնշումները կանխելու նպատակով իշխանությունները հանրային նախազգուշացումներ են հրապարակել և համապատասխան արգելքների մասին իրազեկման աշխատանքներ տարել դպրոցների ղեկավար աշխատակազմի, առողջապահության ոլորտի աշխատողների, ՏԻՄ պաշտոնյաների և այլոց շրջանում: ԺՀՄԻԳ ԸԴԱ բազմաթիվ զրուցակիցներ նշեցին, որ իշխանությունների, ընտրապայքարի մասնակիցների և անձամբ ընտրողների կողմից դրսևորվել է քաղաքական կամք թույլ չտալ ձայների առքուվաճառք և այլ տիպի ընտրակեղծիքներ: Շատ զրուցակիցներ պնդում էին, որ ԲՀԿ-ն մեծ թվով քարոզարշավի աշխատողների և տեղական դիտորդների ներգրավել էր կարճաժամկետ պայմանագրային աշխատանքների մեջ: Ոմանք նաև պնդում էին, որ դա արվում էր անուղղակիորեն նրանց ձայները գնելու նպատակով՝ առանց օրենքը խախտելու:

Իշխանությունները, կուսակցությունները, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիները պետք է շարունակեն ընտրական գործընթացի արդարության նկատմամբ վստահությունը պահպանելուն ուղղված ջանքերը՝ ընտրակեղծիքների բոլոր ձևերն արմատախիլ անելու և մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները խթանելու միջոցով: Կուսակցությունները հազվադեպ են կանանց ներառել իրենց քարոզարշավներում որպես կենտրոնական դեմքեր: Կին թեկնածուները շատ քիչ դեպքերում են քարոզարշավ իրականացնել միայնակ և հազվադեպ են ելույթով հանդես եկել դիտարկված քարոզարշավային հանրահավաքներում:

ԺՀՄԻԳ ԸԴԱ կողմից դիտարկված հանրահավաքների մասնակիցների գերակշիռ մասը տղամարդիկ էին. մարզերում կազմակերպված հանրահավաքներում կանայք կազմում էին մոտ 15 տոկոս, իսկ Երևանում՝ մոտ 30 տոկոս: Որոշ կին թեկնածուներ իրենց սեռով պայմանավորված դարձել են նաև ստորացնող հռետորաբանության թիրախ։

Ընտրական գործընթացի բոլոր շահառուների շրջանում պետք է իրականացվի իրազեկության բարձրացում քաղաքական և հանրային կյանքում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության կարևորության վերաբերյալ՝ հատուկ շեշտադրելով քաղաքական կուսակցություններում կանանց դերակատարությունը: Պետք է դիտարկել կին թեկնածուների առաջմղման հատուկ միջոցների խթանումը: Դա կարող է արվել թերներկայացված սեռի թեկնածուներին համապետական ցուցակների յուրաքանչյուր երկրորդ դիրքում ընդգրկելու միջոցով:

 

2018 թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ի ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ, ՄԱՍ 9 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031