Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք այլ հանձնարարականներ դեռևս մնում են չկատարված

Մարտ 10,2019 11:08

Հայաստանի Հանրապետության նախագահի հրավերով, և իր մանդատին համապատասխան՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) Ընտրությունների դիտորդական առաքելություն (ԸԴԱ) գործուղեց 2018թ.-ի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների համար:

Ընտրությունների օրը ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին միացան ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունները՝ կազմելով Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելություն (ԸՄԴԱ): Դեկտեմբերի 10-ին հրապարակված «Նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը» գտել էր, որ ընտրություններն «անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը, ինչը պետք է պահպանվի ընտրական հետագա բարեփոխումների միջոցով:

Քաղաքական բաց բանավեճը, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, նպաստել է աշխույժ քարոզարշավի անցկացմանը՝ չնայած առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել: Կանխամտածված ընտրախախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների ընդհանուր բացակայությունը իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել: Քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է կարգավորման, հաշվետվողականության և թափանցիկության պակասի պատճառով: Չնայած կարճ ժամկետների՝ ընտրությունները լավ էին կազմակերպված: Ընտրությունների օրն անցել է հանգիստ և խաղաղ, որի բոլոր փուլերը դրական են գնահատվել ԸՄԴԱ գրեթե բոլոր դիտորդների կողմից, ովքեր նաև նշել են ընթացակարգերի հետ ընդհանուր համապատասխանության մասին»:

Ընտրությունները համապարփակ ձևով կարգավորվում են սահմանադրությամբ և 2016 թ. ընտրական օրենսգրքով: Ընտրական օրենսդրության 2018 թ. մայիսի փոփոխություններով ընդլայնվել է այն անձանց ցուցակը, որոնց արգելվում է քարոզչություն իրականացնել, վերացվել են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումները և խստացվել կամ ներմուծվել են պատժամիջոցներ և տույժեր ընտրական հանցագործությունների համար՝ համաձայն ԺՀՄԻԳ և «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախկին հանձնարարականների:

ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք այլ հանձնարարականներ դեռևս մնում են չկատարված, այդ թվում այնպիսիք, որոնք վերաբերում են քարոզարշավի ֆինանսավորման կանոնակարգումներին, ընտրական վեճերի հետ կապված բողոք բերելու իրավունքի սահմանափակումներին և թեկնածուների քաղաքացիության հետ կապված պահանջներին:

Ընտրություններից կարճ ժամանակ առաջ կառավարությունը նախաձեռնել էր ընտրական օրենսգրքի բարեփոխում՝ փորձելով զգալի փոփոխություններ մտցնել ընտրական համակարգում և ընտրությունների այլ ասպեկտներում: Ազգային ժողովը չհաստատեց առաջարկվող փոփոխությունները: Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ Ազգային ժողով անցնում են առնվազն 101 պատգամավորներ երկաստիճան համամասնական ընտրակարգով՝ մեկ փակ համապետական ցուցակով և 13 բաց տարածքային ցուցակներով: Ի հավելումն դրա, լրացուցիչ չորս մանդատ է հատկացվում վերջին մարդահամարի տվյալներով ամենամեծ մշտական բնակչություն ունեցող չորս ազգային փոքրամասնություններին:

Եթե հաղթանակած կուսակցությունը կամ դաշինքը ստանում է սկզբնական 105 մանդատների երկու երրորդից ավելին, խորհրդարան անցած ընտրապայքարի մյուս մասնակիցներին տրամադրվում են լրացուցիչ մանդատներ՝ միասնաբար մեկ երրորդի փոքրամասնություն կազմելու համար: Այս ընտրություններից հետո հատկացվել են ընդհանուր թվով 27 լրացուցիչ մանդատներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իր աշխատանքը կատարել է արհեստավարժ կերպով ու թափանցիկության պայմաններում և պահպանել է օրենքով սահմանված բոլոր ժամկետները՝ չնայած ժամանակի սղությանը: ԿԸՀ-ն և Տարածքային ընտրական հանձնաժողովները (ՏԸՀ) վայելում էին ընտրական շահառուների վստահությունը: Մինչ ԿԸՀ բոլոր որոշումները հրապարակվել են սահմանված ժամկետներում, ՏԸՀ որոշումներն ընտրությունների ժամանակահատվածում առցանց չեն հրապարակվել:

ԿԸՀ-ն իրականացրել է ընտրողների ուսուցման համապարփակ արշավ՝ քաջալերելով քվեարկության մասնակցությունը, բացատրելով քվեարկության ընթացակարգերը և նախազգուշացնելով ձայների առքուվաճառքի արգելքի մասին: Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովները (ԸԸՀ) կազմավորվել են օրենքով սահմանված ժամկետներում: ԸԸՀ վերապատրաստումները ընդհանուր առմամբ գնահատվել են դրական: Այնուհանդերձ, ընտրությունների արդյունքների ամփոփման արձանագրություններում նկատվել են բազմաթիվ տեխնիկական սխալներ, ինչը մատնանշում է, որ այս մասով հետագա ուսուցման կարիք կա:

ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցներից շատերն ընդհանուր առմամբ վստահություն են հայտնել ընտրողների ցուցակների ճշգրտության նկատմամբ: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը շարունակական ջանքեր է ձեռնարկել ընտրողների տվյալները թարմացնելու ուղղությամբ: Ընտրողները ողջամիտ հնարավորություն են ունեցել դիմելու ցուցակներում ուղղումներ կատարելու կամ քվեարկությանը մասնակցելու նպատակով ըստ ժամանակավոր բնակության վայրի գրանցվելու համար: Ընտրությունների օրը ընտրողների նույնականացումն արվել է ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների միջոցով՝ բազմակի քվեարկության կանխարգելման նպատակով:

Օրենքի պահանջի համաձայն, և չնայած տվյալների գաղտնիության մասին մտահոգություններին՝ ԿԸՀ-ն առցանց հրապարակել է քվեարկությանը մասնակցած բոլոր ընտրողների ցուցակները՝ անձնական տվյալներով և ստորագրություններով: Դատարանի վճռով անգործունակ ճանաչված անձինք չունեն ընտրելու իրավունք, ինչը հակասում է հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական իրավունքների ոչ ողջամիտ սահմանափակումների վերացման մասին միջազգային պարտավորություններին: Ներառական և թափանցիկ գործընթացում ԿԸՀ-ն գրանցել է հայտ ներկայացրած բոլոր ինը կուսակցությունների և երկու կուսակցությունների դաշինքների ընտրացուցակները:

Թեկնածուները պետք է լինեն բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և բնակիչներ նախորդող չորս տարիների ընթացքում: Մեկից ավելի քաղաքացիություն ունեցող անձանց առաջադրվելու իրավունքի սահմանափակումները հակասում են ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորություններին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Կանայք մնում են թերներկայացված քաղաքականության մեջ: Քաղաքական կուսակցությունները գրանցել են կին թեկնածուների ընդհանուր թվի 32 տոկոսը, իսկ նորընտիր Ազգային ժողովում պատգամավոր կանայք կազմում են 24 տոկոս:

Կուսակցությունները հազվադեպ են կին թեկնածուներին դարձրել իրենց քարոզարշավի կենտրոնական դեմք: Կանայք շատ քիչ դեպքերում են քարոզարշավ իրականացրել միայնակ և հազվադեպ են ելույթով հադես եկել քարոզարշավային հանրահավաքներում: Որոշ կին թեկնածուներ իրենց սեռով պայմանավորված դարձել են նաև ստորացնող հռետորաբանության թիրախ: Կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման և տեղաշարժի հիմնարար ազատությունները լիարժեք կերպով հարգված են եղել: Քարոզարշավի պաշտոնական ժամկետը կարճ էր, սակայն քարոզչությունը սկսվել էր ավելի վաղ, ինչն արգելված չէ օրենքով:

Քարոզարշավի ընթացքում արձանագրվել են ապատեղեկատվության տարածման դեպքեր, ինչպես նաև սոցիալական ցանցերում ընտրապայքարի որոշ մասնակիցների միջև ագրեսիվ և թեժ փոխանակումներ: Վարչական ռեսուրսի չարաշահման և պետական ծառայողների վրա ճնշումների կանխարգելման նպատակով իշխանությունները համապատասխան արգելքների մասին իրազեկման բարձրացում են իրականացրել ՏԻՄ և այլ պաշտոնյաների շրջանում: Իշխանությունների, ընտրապայքարի մասնակիցների և անձամբ ընտրողների մոտ առկա էր մեծ քաղաքական կամք՝ չքաջալերելու ընտրակաշառքի կիրառումը: Դրական է, որ ընտրական շահառուներն ընտրակաշառքի կիրառման կամ այլ ընտրական խախտումների սիստեմատիկ փորձերի մասին հաղորդումներ չեն ներկայացրել:

Մի շարք ԺՀՄԻԳ ԸԴԱ զրուցակիցներ պնդում էին, սակայն, որ տեղի էր ունեցել որոշ քարոզարշավի աշխատողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դիտորդների ներգրավում կարճաժամկետ աշխատանքային պայմանագրերի մեջ, հիմնականում մեկ կուսակցության կողմից, նրանց ձայները անուղղակի կերպով գնելու նպատակով: Նախընտրական հիմնադրամը կարող է ներառել դրամական մուծումներ և ապրանքների ու ծառայությունների տեսքով նվիրատվություններ ընտրողների, թեկնածուների և քաղաքական կուսակցությունների կողմից՝ թե՛ մուծումների, և թե՛ ծախսերի համար առավելագույն շեմերի կիրառմամբ: Նախքան քարոզարշավի պաշտոնական մեկնարկը ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվություն ներկայացնելու հստակ օրենսդրական պահանջներ չկան, ինչն առավելություն է տալիս կայացած քաղաքական կուսակցություններին և նվազեցնում է քարոզարշավային միջոցների թափանցիկությունը:

Որոշ թեկնածուներ շրջանցել են օրենքը՝ չօգտագործելով իրենց առաջադրած կուսակցության կամ դաշինքի նախընտրական հիմնադրամը: Չնայած ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախկին հանձնարարականներին՝ կազմակերպչական ծախսերը, ինչպիսիք են օրինակ գրասենյակային տարածքների, հաղորդակցման, փոխադրման և աշխատակազմի վարձերի վճարները, չեն համարվում քարոզարշավային և ուստի կարող են չներառվել հայտարարագրերում՝ այդպիսով կասկածի տակ դնելով հաշվետվության համակարգի արժանահավատությունը և ընտրական շահառուներին հասանելի տեղեկատվության թափանցիկությունը: Սահմանադրությամբ երաշխավորված արտահայտվելու ազատությունը հարգվել է:

Մինչ հեռուստատեսությունը քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուրն է, առցանց լրատվական կայքերի և սոցիալական ցանցերի դերակատարությունը բարձրացել է: ԺՀՄԻԳ ԸԴԱ կողմից մշտադիտարկված հեռարձակողներն ընդհանուր առմամբ լուսաբանել են ընտրապայքարի բոլոր մասնակիցներին՝ նպաստելով տեղեկացված ընտրություն կատարելու համար ընտրողներին հասանելի տեղեկատվության բազմազանությանը: Այնուհանդերձ, բազմաթիվ մասնավոր լրատվամիջոցներ քաղաքական կուսակցությունների հետ սերտորեն փոխկապակցված են թվում, իսկ դրանցից մի քանիսը ցուցաբերում են հստակ նախապատվություն: Հանրային հեռուստատեսությունը պաշտոնական քարոզարշավի ընթացքում իրականացրել է ողջամտորեն հավասարակշռված լուսաբանում:

Դրական է, որ Հանրային հեռուստաընկերությունը և մի շարք այլ լրատվամիջոցներ կազմակերպել են իրական բանավեճեր՝ ներգրավելով թեկնածուներ ընտրապայքարին մասնակցող բոլոր կուսակցություններից ու դաշինքներից: Չնայած ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախկին հանձնարարականներին և միջազգային լավ գործելակերպին՝ ընտրական գործընթացին առնչվող դիմում-բողոքների ներկայացման իրավունքը սահմանափակ է և հիմնականում վերապահված է վստահված անձանց ու թեկնածուներին: Մինչ բողոքների ներկայացման և քննման օրենքով սահմանված ժամկետներն ընդհանուր առմամբ ողջամիտ են, առկա են ժամանակային համընկնումներ ՏԸՀ-ների կողմից հետընտրական շրջանի բողոքների վերաբերյալ որոշումներ ընդունելու և այդ որոշումները ԿԸՀ բողոքարկելու ժամկետներում, ինչը մտահոգիչ է:

Օրենքը թույլատրում է տեղամասային կենտրոնում դիտարկում իրականացնել միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դիտորդներին, ԶԼՄ-ներին և վստահված անձնանց ու ընտրապայքարի մասնակիցներին: ԿԸՀ-ն գրանցել է ընդհանուր թվով 17.813 դիտորդներ քաղաքացիական հասարակության 22 կազմակերպություններից: Թեև կայացած և փորձառու ՔՀԿ-ների կողմից առկա էր ընտրությունները դիտարկելու իրական ջանք՝ ԺՀՄԻԳ ԸԴԱ մի շարք զրուցակիցների կողմից հնչել են մտահոգություններ առ այն, որ որոշ հավատարմագրված ՔՀԿ դիտորդների և քաղաքական կուսակցությունների միջև առկա է ուղղակի, այդ թվում պայմանագրային փոխկապակցվածություն, ինչը կարող էր կասկածի տակ դնել նրանց անաչառությունը: Ընտրությունների օրը տեղամասային կենտրոններում ՔՀԿ դիտորդների հարաբերականորեն փոքր թիվը՝ համեմատած հավատարմագրված դիտորդների թվի հետ, խոսում է այն մասին, որ ոմանց մոտ առկա է ընտրությունների օրվա գործընթացներին հետևելու իրական հետաքրքրության կամ մտադրության պակաս:

Ընտրությունների օրն անցել է հանգիստ, խաղաղ և առանց ընտրողների նկատմամբ ճնշումների ու ահաբեկումների: ԸՄԴԱ դիտորդները մեկնարկի և քվեարկության գործընթացը դրական են գնահատել դիտարկված գրեթե բոլոր տեղամասային կենտրոններում, ինչը խոսում է այն մասին, որ ընտրական ընթացակարգերը պահպանվել են ԸԸՀ-ների կողմից: Այնուհանդերձ, դիտարկված տեղամասային կենտրոնների համարյա երեք քառորդը հասանելի չէր տեղաշարժման դժվարություններ ունեցող անձնաց համար: ԸՄԴԱ-ն ձայների հաշվարկը դրական է գնահատել դիտարկված բոլոր տեղամասային կենտրոններում, բացի երկուսից: Նկատվել են վստահված անձանց և դիտորդների կողմից միջամտության առանձին դեպքեր: Աղյուսակավորման գործընթացը դրական է գնահատվել գրեթե բոլոր ՏԸՀ-ներում՝ չնայած որոշ կազմակերպչական թերություններին և ԸԸՀ արձանագրություններում բազմաթիվ մանր վրիպակներ ուղղելու անհրաժեշտությանը: Ընտրական վարչարարության մարմիններն ընտրությունների օրվա խախտումների առնչությամբ ստացել են սահմանափակ թվով բողոքներ:

Մասնավորապես ՏԸՀ-ները բողոքները քննելիս ակտիվորեն խորհրդակցել են ԿԸՀ-ի հետ: ՏԸՀ-ները ձայների վերահաշվարկ են իրականացրել 57 տեղամասային կենտրոններում և՛ ընտրապայքարի մասնակից կուսակցությունների ու դաշինքների դիմումների հիման վրա, և՛ սեփական նախաձեռնությամբ: Հայտնաբերված սխալները եղել են չնչին և չեն ազդել Ազգային ժողովում մանդատների բաշխման վրա: ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքներն ամփոփել է դեկտեմբերի 16-ին: Ընտրապայքարի մասնակիցներից և ոչ մեկն ընտրությունների արդյունքները չի բողոքարկել սահմանադրական դատարան: Սույն զեկույցը ներկայացնում է հանձնարարականներ ի աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացը ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների և ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային պարտավորությունների ու չափանիշների հետ ներդաշնակեցնելու ջանքերի:

Առաջնահերթ հանձնարարականները վերաբերում են ընտրական գործընթացի արդարության նկատմամբ վստահության ամրապնդմանը, ընտրական օրենսդրության բացերի և երկիմաստությունների վերացմանը, ընտրողների անձնական տվյալների պահպանմանը, կանանց քաղաքական գործընթացներին մասնակցության խթանմանը, հաշվետվողականության և քարոզարշավի ֆինանսավորման մասին հաշվետվությունների բարելավմանը, ԶԼՄ խմբագրական անկախության աջակցմանը և ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների վերապատրաստումների բարելավմանը: ԺՀՄԻԳ-ն իր պատրաստականությունն է հայտնում աջակցել իշխանություններին ընտրական գործընթացի բարելավման և սույն ու նախկին զեկույցներում տրված հանձնարարականների կատարման հարցում:

 

2018 թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ի ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ԺՀՄԻԳ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ, ՄԱՍ 1

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031