Ինչքան էլ մենք համարենք, որ մեր անկախացած երկրի առաջին դեմքերն իրարից էապես են տարբերվում, պիտի ընդունենք ու խոստովանենք, որ Արցախի հարցում նրանց մոտեցումներն իրարից առանձնապես չեն տարբերվել: Եվ չէին էլ կարող տարբերվել, քանի որ չորսն էլ գիտակցել ու գիտակցում են, որ մեր ժողովուրդն իր ղեկավարներին ամեն ինչ կարող է ներել՝ բացառությամբ Արցախի հարցում էական զիջումների ու սխալների: Եվ սա ոչ միայն մեր երկրի առաջին դեմքերն են գիտակցել ու գիտակցում, այլև մեր երկրի քաղաքական գործիչները, քաղաքագետներն ու շարքային քաղաքացիները, և չնայած առաջին հերթին մեր երկրի առաջին դեմքերն են սա գիտակցել ու գիտակցում, այդուհանդերձ, տվյալ ժամանակի ընդդիմությունը հենց առաջին դեմքերին է մեղադրել «Ղարաբաղը ծախելու» մեջ:
Մերոնք մի գլուխ «Ղարաբաղը ծախում են», բայց, փառք Աստծո, գնորդն այդպես էլ չի հայտնվում: Ավելի ճիշտ, մշտապես պատրաստակամ գնորդը կա, որի հետ մերոնցից ոչ ոք առևտրական հարաբերությունների մեջ չի մտնում, և չնայած մերոնցից ոչ ոք գնորդի հետ առևտրական հարաբերությունների մեջ չի մտնում, այդուհանդերձ, մերոնցից ոմանք մշտապես էն կարծիքին են, որ մերոնք «Ղարաբաղը ծախում են», և, իհարկե, «մերոնք» եմ ասում, բայց մերոնցից ամենաթունդ ընդդիմադիրներն են էդ արտակարգ ու արտառոց կարծիքը հայտնում, և քանի որ շարքային քաղաքացիների մեջ ընդդիմադիրների ու ընդդիմության ասածները մեխանիկորեն կրկնողներ կան, «Ղարաբաղը ծախելու» վերաբերյալ էդ արտառոց, տհաճ ու անհեթեթ միտքն էլ է երբեմն-երբեմն ընդդիմություն սիրող ոմանց կողմից մեխանիկորեն կրկնվում, և քանի որ ժողովուրդն իշխանություններին ցանկացած հարցում կարող է հանդուրժել ու ներել՝ բացառությամբ Արցախի հարցում սխալների ու զիջումների, բնականաբար, իշխանությանն ամեն գնով վնասելու ու ցավեցնելու ձգտող ընդդիմությունը հենց Արցախի գծով է իշխանություններին փորձում «սխալ հանել», և հիմա մեզանում վերստին ներքաղաքական էդպիսի պահ է, և քանի որ էս պահին Հայաստանում ամբողջ իշխանությունը պատկանում է «Իմ քայլին» ու անձամբ Նիկոլ Փաշինյանին, և քանի որ Փաշինյանի դեմ արդեն լիքը կատաղի ընդդիմադիրներ են գոյացել ու առաջացել, Արցախի հետ կապված լիքը մահացու ու չեղած մեղքեր են բարդում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա: Եվ հետաքրքիրն էն է, որ էդ մահացու մեղքերն իրենց վրա առնելով՝ մեր առաջինները չեն հակաճառել ու չեն հակաճառում իրենց մեղադրողներին և չեն արդարանում ու չեն ասում, որ իրենք Ղարաբաղը չեն ծախում, որովհետև եթե արդարանան ու ասեն, որ իրենք Ղարաբաղը չեն ծախում, ավելի ծիծաղելի դրության մեջ կհայտնվեն, և չնայած Ղարաբաղը ծախելու դեմ մեր առաջիններից որևէ մեկի դեմ որևէ փաստ ու որևէ ապացույց չի բերվել, մեր հասարակության հատկապես ընդդիմադիր հատվածը հնարավորինս լուրջ է ընդունել էդ մեղադրանքները, ի տարբերություն ադրբեջանցիների, ովքեր մեր ընդդիմության ասածները լսելով՝ լուրջ չեն ընդունել ու չեն հավատացել, որ Հայաստանի ղեկավարներն իսկապես Ղարաբաղը ծախելու մտադրություն ունեն, այլապես Ալիևն ու ադրբեջանցիք փող չէին խնայի տվյալ գործարքի համար:
Էս ասածս նշանակում է, որ մեր սիրած ու չսիրած ղեկավարներն իսկապես Ղարաբաղը ծախելու փորձեր չեն արել, և վստահաբար ներկայիս վարչապետ Փաշինյան Նիկոլն էլ էդպիսի փորձեր ոչ արել է և ոչ էլ հետագայում է անելու, չնայած դա բացարձակապես չի խանգարում, որ հակահեղափոխականներն ու Նիկոլին չսիրողները հեղափոխության առաջնորդին մեղադրեն Արցախի հարցում սխալ քաղաքականություն վարելու և նույնիսկ Ղարաբաղը ծախելու մեջ, մինչդեռ հեղափոխականներն ու Նիկոլին սիրողները ճիշտ հակառակն են ասում. Նիկոլին սիրողներն ասում են, որ Նիկոլը Արցախը վերադարձնում է բանակցությունների սեղան, և հասկանալի ու բնական է, որ դա որպես դրական իրադարձություն են մատնանշում, մինչդեռ հակահեղափոխականներն ու Նիկոլին չսիրողները նույնիսկ բանակցություններին Ղարաբաղի մասնակցությունն են սխալ համարում՝ անկապ ու անհասկանալի ինչ-որ հիմնավորումներ մատնանշելով, և էդ հիմնավորումներից միակ հասկանալին այն է, որ հիմնավորողներին հետաքրքրողը ոչ թե Ղարաբաղն է, այլ՝ վարչապետ Փաշինյան Նիկոլի ճակատագիրը, և հանրապետության նախկին առաջին դեմքերի հակառակորդներին ու ընդդիմախոսներին էլ ոչ էնքան Արցախի հարցն էր հետաքրքրում ու հուզում, ինչքան՝ էդ առաջին դեմքերի հետ կապված իշխանափոխության հարցերը, և էդ ընդդիմախոսներն ու ընդդիմադիրները շատ լավ գիտեին ու հասկանում էին, որ Արցախի հարցը իշխանափոխության լավագույն միջոցն է, ավելի ճիշտ՝ Արցախի հարցում սխալ քաղաքականությունն ու սխալ դիրքորոշումը բավական է, որ ժողովուրդը հրաժարական պահանջի տվյալ պահի իշխանությունից, և տվյալ պահի իշխանությունն էլ իսկապես հրաժարական տա, որովհետև մեր էս վերջին անկախությունը, փաստորեն, սկսվեց Ղարաբաղից և Ղարաբաղով էլ շարունակվում է և Ղարաբաղով էլ շարունակվելու է, և եթե առաջ քչերն էին հասկանում, հիմա արդեն գրեթե ողջ ազգը հասկանում է, որ Ղարաբաղի կորուստը նշանակում է Հայաստանի կորուստ:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ,
08.03.2019