Լրահոս
Օրվա լրահոսը

Գժանոցում ռադիոն չանջատեք (աբորիգենի աբսուրդ հուշերից)

Մարտ 09,2019 21:30

Դիտարկելով աբորիգենների պետության փառահեղ անցյալն ու անցյալում առկա իրադարձությունները` գալիս ենք շատ հետաքրքիր եզրահանգման: Մենք բարգավաճում ենք ո՛չ անկախության մեջ և մենք կայանում ենք ստրկության դաշտում: Այնինչ կատաղի անասուններ ենք դառնում այնժամ, երբ մեր քթանցքների մոտ հանկարծ բուրում է անկախ լինելու միսը:

Եվ այսպես, հիմա վստահ կարող ենք լինել, որ աբորիգենների պետության ամենացնցող հաղթանակներն են՝ արտագաղթն ու հաղթանակով պարտված լինելը:

– Կարո՞ղ եք բացատրել վերևում գրվածը, ինչ որ՝ լավ չհասկացանք:

Այս հարցի հեղինակը գյուղից էր եկել՝ ծակ շալվարով ու կոշիկներով, և քանի որ փող չուներ դերձակին ու կոշկակարին միաժամանակ վճարելու համար, կոշկակարին խնդրել էր, որ շալվարն էլ բլանդի:

– Ուրեմն լսիր, բարեկամս: Երբ քո պապը հող էր մշակում և բարիք էր քամում քարից, աբորիգենների պետության նախագահը, վարչապետը, նախարարներն ու պատգամավորները պառկած էին գժանոցում, բայց սրա մասին ոչ ոք չգիտեր: Նախագահը գժանոցի ի՛ր պալատում էր աշխատում, խորհրդարանի նիստերը կանոնավոր հաճախականությամբ կայանում էին գժանոցի մեծ դահլիճում, իսկ վարչապետը կորել էր: Բանն այն է, որ վարչապետը տառապում էր հոգեզառանցական շիզոֆրենիայով: Նրան թվում էր, թե ինքը մուկ է և խցկվում էր հնարավոր բոլոր անցքերի մեջ, որոնք հանկարծ հայտնաբերվում էին հետո, այսինքն՝ վարչապետին հայտնաբերելուց հետո: Ամենամեծ անցքը բյուջեի ճեղքվածքն էր:

– Չեմ հավատում,- բղավեց կոշկակարը՝ շալվարի շղթան սոսնձելով («Նաիրիտ»):

– Դե, ինչ կա որ, ես էլ չէի հավատում առ այն պահը, երբ Հանրապետության հրապարակում մեծ շինարարություն սկսվեց: 184 մետր երկարությամբ և 47 մետր լայնությամբ խիստ գեղեցիկ կառափնարան կառուցեցին, որպեսզի յուրաքանչյուր աբորիգեն կարողանա վայելել զոհաբերության գնալու և զոհաբերության տարվողին ծափահարելու հաճույքը:

– Սա ի՞նչ է,- հրճվում էին մարդիկ՝ փայլփլուն խաղալիքներով ու վառվռուն լույսերով կառափնարանը դիտարկելիս:

– Սա տոնածառ է, սիրելի իմ ժողովուրդ,- պատասխանում էին քաղաքապետարանի աբորիգենները՝ գժանոցից:

… Եվ իմ ազգի երեխաները զօր ու գիշեր պարում էին… Պարում էին ձեռք-ձեռքի՝ կառափնարանի շուրջը պտտվելով:

Բնականաբար, կանոնավոր հաճախականությամբ կյանքի էին կոչվում օրենքներ, որոնք խիստ թեթևացնում էին մեռնելով ապրողների առօրյան: Օրինակ՝ «Պատվավոր արտագաղթ կազմակերպելու մասին» օրենքը:

– Որտե՞ղ կարող ենք կարդալ,- հարցնում էին բարակիրան ու եռահարկ գոտկատեղերով կանայք:

– Ի՞նչ հիմար հարցեր եք տալիս,- զայրանում էին գժանոցից:- Չգիտե՞ք, որ մեր բոլոր օրենքները գրված են 1-ից 12-րդ դասարանների այբբենարաններում, քանզի տառաճանաչ երեխան օրենքից զատ ոչինչ չի կարող իմանալ:

– Սա երբվանի՞ց:

– Այն օրվանից, երբ Կրթության և Տգիտության նախարարը համախմբեց դպրոցը, վարսավիրանոցը, մանկապարտեզը, ատամնաբուժարանը, տակաշորերի լվացքատունը, ծերանոցն ու համալսարանական կրթության հեռանկարը՝ դրանք բոլորը մեկ միավոր շենքի մեջ խցկելով:

Սակայն՝ չշեղվենք:

«Պատվավոր արտագաղթի մասին» օրենքը պարտադրում էր. «Թող Հայրենիքում անմիջապես արձաններ կանգնեցվեն բոլոր նրանց համար, ովքեր կարտագաղթեն կամավոր ցնծությամբ, առանց լաց ու կոծի»:

Թվում էր՝ գժանոցից նաև կատակում են, բայց որոշ ժամանակից ի վեր երկրում լայն ծավալով շինարարություն սկսվեց: Արձաններ էին կանգնեցվում ամենուրեք, հնարավոր բոլոր փողոցներում, նրբանցքներում և ոչ այնքան նուրբ այլ անցքերում: Որոշ ժամանակ անց, քաղաքում ազատ տեղ չկար այլևս, և հիմա այստեղ արձանները ավելի շատ էին, քան կենդանի մարդիկ:

– Հպարտացեք,- քաջալերում էր հանրապետության նախագահը, որ հետո փոշմանեց ու վարչապետի ուսադիրներ կարեց իր կոստյումին՝ անվճար օգտագործելով գժանոցի թելն ու ասեղը:- Բոլոր այս մարդիկ, ում արձաններն այլևս ձեր կյանքի մեջ են, անվճար կմնան ազգի պատմության մեջ՝ իբրև հերոսներ: Քանզի նրանք կրկնել են Խաչատուր Աբովյանի սխրանքը: Հպարտացե՛ք:

Քաջալերանքին հետևելով, ոմանք հպարտանում էին իսկապես, ոմանք՝ երկարատև տանջանքներից հետո, իսկ հպարտանալ չկարողացողներին ԱԱԾ-ի աշխատակիցները տանում էին գժանոց, հպարտացնում ու ետ էին ուղարկում: Ահա այսպես առաջացավ հզոր մի կարգախոս. «Աբորիգենների հանրապետության հպարտ քաղաքացի»:

– Ի՞նչ եք կարծում, մեր պետության ղեկավարները գիտե՞ն, թե երկրում ինչ է կատարվում:

– Իհարկե գիտեն, գյուղացի իմ բարեկամ, քանզի խնդրել են քայլ անելուց առաջ. «Գժանոցի ռադիոն հանկարծ չանջատեք»:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել