«Կարեւոր է դիտակետում պահել տնտեսական միջավայրը՝ հասկանալու համար, թե օպտիմալացման արդյունքում ինչ ես ունենալու»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով կառավարության կառուցվածքի սպասվելիք փոփոխություններին, մասնավորապես՝ նախարարությունների կրճատմանը, ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:
Նա նշեց. «2018թ.-ն ավարտեցինք 1,8% գնաճով՝ այն դեպքում, երբ գյուղատնտեսության ոլորտում լուրջ անկում ունեցանք: Այս համատեսքսում պարզ է, որ հանրությունը վճարունակության խնդիր ունի: Այս ֆոնին շատ մեծ կրճատումների գնա՞լ: Պաշտպանվածություն պետք է դրսեւորել, որովհետեւ նոր մեթոդոլոգիաների համաձայն՝ գործազրկությունը 20%-ից բարձր է: Նոր գործազրկությունը տնտեսական հետեւանքների է բերելու»:
Վարդան Արամյանի բնորոշմամբ՝ օպտիմալացումն անխուսափելի է, մշտապես բախվելու ենք այդ խնդրի հետ, բայց քայլերի հաջորդականության շրջանակում առաջնահերթ պետք է առանձնացնել նախարարությունների այն գործառույթները, որոնք «հանրային արտադրանք» չեն տալիս. «Քայլերի հաջորդականություն մշակելը տնային աշխատանքի պես է: Գուցե կառավարությունն այն արել է, բայց պետք է ուշադիր լինենք, որպեսզի այն ավարտուն լինի, որպեսզի սխալի հավանականությունը լինի նվազագույն: Կառավարության վերջին նիստին հետեւել եմ: Եթե ճիշտ եմ ընկալել, գործադիրի ազդակն այն էր, որ այս պահին մակերեսային ձեւափոխումներ են արվում նախարարություններում»:
Վարդան Արամյանը հավելեց՝ եթե իր տպավորությունը ճիշտ է, նախարարություններում խորքային կրճատումներ շատ չեն լինելու. «Բայց երբ տեսանելի չէ հաջորդ քայլը եւ վերջնագիծը, վտանգավոր է: Եթե տնային աշխատանքը կատարված է, թող ներեն կառավարության գործընկերներս, գուցե սխալվում եմ, բայց դատողություններ եմ անում որպես միջին վիճակագրական սպառող: Տպավորությունն այն է, որ անգամ կառավարության ներսում էլ բաց մնացած հարցեր կան»:
https://www.facebook.com/aravot.am/videos/334420123855767/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ