«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, արաբագետ, ԵՊՀ դասախոս Գոռ Գեւորգյանի հեղինակած՝ «Եգիպտոսի արտաքին քաղաքականության արաբական ուղղությունը նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության առաջին տասնամյակում» գիրքն այսօր «Զանգակ» գրատանը ներկայացվեց ընթերցողներին: ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը բարձր գնահատեց Գոռ Գեւորգյանի մասնագիտական եւ մարդկային հատկանիշները, ապա մտահոգություն հայտնեց, որ պատգամավորի աշխատանքը Գեւորգյանին գուցե փոքր ինչ «կտրի» իր մասնագիտությունից: «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովհաննես Իգիթյանն էլ շտապեց փարատել Սաֆրաստյանի մտահոգությունը՝ համոզմունք հայտնելով, որ Գեւորգյանը հաջողությամբ կհամատեղի պատգամավորի գործունեությունն ու գիտական աշխատանքը: «Իմ համեստ կերպարը փոքր ինչ-ընդարձակեցիք»,- անկեղծացավ Գոռ Գեւորգյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի համար արաբական երկրների նշանակությանը, Գեւորգյանը նկատեց. «Արաբական աշխարհը ներառում է 22 պետություններ, որոնց ճնշող մեծամասնությունում հայը հայտնի է ոչ միայն որպես սուրբ գրքի ժողովուրդ, այլեւ որպես կառուցող-ստեղծարար գործունեությամբ ուրույն ներդրում ունեցող ժողովուրդ: Չկա մի արաբական երկիր, որտեղ հայի հանդեպ չգտնեք խորին հարգանք, վերաբերմունք եւ ուշադրություն՝ երկրի ղեկավարների կողմից: Սա մեզ համար շատ պարտավորեցնող է: Հիշենք, որ Հայոց ցեղասպանության ժամանակ տասնյակ հազարավոր հայեր փրկություն գտան արաբական երկրներում»:
Գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գիտեմ, դուք էլ գրասեր եք եւ մեծ ժամանակ եք հատկացնում ընթերցանությանը: Հուսամ՝ իմ համեստ աշխատությունը եւս տեղ կգտնի ձեր գրադարանում, եւ այս անգամ ձեր դստրերից մեկն այն չի տանի, ինչպես նախորդն է տարել (Գոռ Գեւորգյանն արաբական աշխարհին առնչվող եւս մեկ մասնագիտական գրքի հեղինակ է), եւ դուք չէք հասցրել ընթերցել»,- դիմելով Փաշինյանին՝ կատակով ասաց Գոռ Գեւորգյանը:
Լրագրողների հարցերին պատասխանել վարչապետը հրաժարվեց՝ ասելով, որ առաջիկա շաբաթում մամուլի ասուլիս կհրավիրի:
https://www.facebook.com/aravot.am/videos/1998238350472115/
https://www.facebook.com/aravot.am/videos/2305627426154978/
https://www.facebook.com/aravot.am/videos/2122731404507131/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ