Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը խախտում է մեր իրավունքները, իսկ մենք պետությունից պահանջում ենք, որ մեր իրավունքները պաշտպանի

Մարտ 09,2019 20:10

Ոստիկանությունում էքսկուրսիա կազմակերպելու գաղափար հազիվ թե որևէ մեկիս մոտ ծնվի, բայց երբ հանգամանքների բերումով դառնում ես «տուրիստ» և հայտնվում միաժամանակ ոստիկանության և քննչական կոմիտեի տարբեր շրջանների բաժիններում, այլ ելք չի մնում, քան «ներքին դիտում» անցկացնել և ուսումնասիրել իրավապահ համակարգի աշխատակիցների աշխատանքը։

Ներքին դիտում հասկացողությունը օպերատիվ հետախուզության տեսակներից է, օրինակ, երբ մարդու բնակարանում գաղտնի տեսաձայնագրող սարք են տեղադրում, որևէ հանցագործության բացահայտման նպատակով։ Շուտով կիրագործվի նաև նման սարքերի, բայց ոչ գաղտնի տեղադրումը ոստիկանության որոշ բաժիններում՝ թափանցիկ աշխատելաոճ ապահովելու, բռնությունից ու խաբեությունից զերծ մնալու համար։ Այս մտահղացումը շահեկան տարբերակ է և՛ տուժողի ու վկայի, և՛ կասկածյալի ու մեղադրյալի համար, ինչպես նաև անաչառ մոտեցում ցուցաբերող քննիչի ու ոստիկանի համար։

Ոստիկաններից ու քննիչներից դժգոհ անձանց հաճախ ենք հանդիպում, բայց նաև ԶԼՄ-ների հրապարակումներից պարզվում է, որ շատ հաճախ բողոքներն անհիմն են, նույնիսկ բողոք ներկայացրած անձանց երբեմն վերագրվում են սուտ մատնության հոդվածն ու քրեական գործեր հարուցվում։

Իսկ երբ «բախտ» է վիճակվում անձամբ առնչվել իրավապահ մարմինների աշխատանքին, ապա այս դեպքում թերություններ չնկատելու համար նույնիսկ տեսողության խնդիրը չի փրկում։ Նկատում ես այն, ինչն իրենք նկատում են օպերատիվ հետախուզական աշխատանքների կատարման ժամանակ։ Օրինակ՝ ոստիկանության Աբովյանի բաժնում  բացատրություն տալու ժամանակ մեկ այլ ոստիկան ամեն 10 րոպե մեկ մտնում է սենյակ, քեզ ընդհատում ու որևէ հանցագործության վերաբերյալ դրվագ ներկայացնում քեզ հարցաքննողին։ Եվ այսպես մոտ 5-6 անգամ։ Սա էլ, հավանաբար, ոստիկանների հնարքներից մեկն է` հարցաքննողին շփոթեցնելու։

Մեկ այլ հետաքրքիր դրվագ էլ այն է, որ տեղում պարզում ես, որ քեզ ծանուցում ուղարկած և հարցազրույցի հրավիրած ավագ քննիչ Ս. Կ. Կարապետյանի ստորագրությունն ամբողջությամբ տարբերվում է քեզ հարցաքննող «հենց իր»՝ ավագ քննիչ Ս. Կ. Կարապետյանի ստորագրությունից, որը քո աչքի առաջ մակագրում է քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու որոշման վերևի մասում։ Այստեղ էլ գալիս ես այն եզրակացության, որ քննիչները տեղերով փոխվում են։ Դա էլ մի հերթական հնարք է ջրից չոր դուրս գալու, որովհետև որևէ բողոքի դեպքում պարզվելու է, որ քո նշած քննիչը քեզ չի հարցաքննել։

Ոստիկանության Աբովյանի բաժնում նույնիսկ հետին ամսաթվերով նամակներ են գրում, սա փաստում է այն, որ չափազանց անհավանական է, որ հունվարի 11-ին գրված նամակը ոստիկանությունը որոշել է ուղարկել անմիջապես մեկ ամիս հետո՝ փետրվարի 13-ին։ Դեռ սա էլ մի կողմ, քրեական գործ հարուցելու ու վարույթ ընդունելու, ինչպես նաև քեզ տուժող ճանաչելու մասին որոշումները ոչ մի կերպ չես կարողանում ստանալ ո՛չ քննչականից, ո՛չ էլ ոստիկանությունից, չնայած գրավոր ու բանավոր պահանջներին։ Իսկ օրեր առաջ էլ պարզվեց, որ նույն գործով նույն նյութերի հիման վրա իրականացրած տարբեր շրջանների քննչական բաժինների նախաքննության արդյունքները  կարող են և տարբեր լինել։

Օրինակ՝ Աբովյանի քննչականը կարող է պարզել, որ դու հարվածել ես, օրինակ, Պողոսի ձախ ականջին, իսկ Նոր Նորքի քննչականը պարզի, որ դու հարվածել ես Պողոսի աջ աչքին, և սա նույնիսկ այն դեպքում, երբ ոչ թե հարվածել ես, այլ անվնաս հրել և տեսագրությունն էլ ոստիկանությունում է։ Այս իրավիճակն էլ կամ մասնագիտական թերացումների, կամ էլ ուղղորդված աշխատանքի հետևանք է:

Եվ այս ամենը կատարվում է մի համակարգում, որտեղ աչալրջությունն առաջնային է, չէ՞ որ այստեղ գործերն առնչվում են մարդկանց ճակատագրերի, ծանրացնող ու մեղմացնող հանգամանքների, տուժողին կրկնակի տուժման չենթարկելու, իսկ մեղավորին չարդարացնելու մեջ:

Վերջերս, հանրային դասախոսություններից մեկի ժամանակ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, անդրադառնալով մարդու իրավունքներին, շեշտադրեց․ «Պարադոքս է, պետությունը խախտում է մեր իրավունքները, իսկ մենք պետությունից պահանջում ենք, որ մեր իրավունքները պաշտպանի»։

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031