Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել զերծ մնալ ձևաչափի փոփոխության մասին հայտարարություններից

Մարտ 09,2019 17:07

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ողջունել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնառությունները՝ առաջիկայում հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Համանախագահները երկու երկրների արտգործնախարարների հետ աշխատանքի արդյունքում նախապատրաստել են երկու առաջնորդների հանդիպումը, որը կլինի նրանց առաջին ուղղակի հանդիպումը ԵԱՀԿ հովանու ներքո: Այս մասին ասվում է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:

Համանախագահները ողջունել են տարածաշրջանում ձեռնարկված քայլերը՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ և կողմերին խրախուսել են ակտիվացնել այդ քայլերը: Միաժամանակ, համանախագահները վերահաստատել են լարվածությունը և սադրիչ հռետորաբանությունը թուլացնելու հույժ կարևորությունը: Այս համատեքստում նրանք կոչ են արել կողմերին զերծ մնալ այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք իրավիճակի նշանակալի փոփոխության կհանգեցնեն տեղերում՝ կանխորոշելով հետագա բանակցությունների համար պայմաններ ստեղծելու ելքը, կամ հայտարարություններից, որոնք պահանջում են բանակցությունների ձևաչափի փոփոխություն առանց մյուս կողմի համաձայնության, կամ որոնք պատրաստակամություն են արտահայտում վերսկսել ակտիվ ռազմական գործողությունները:

Հղում կատարելով վերջին շրջանում իրար հակասող որոշ հրապարակային հայտարարություններին՝ կապված Մինսկի խմբի գործընթացի էականության հետ, համանախագահները վերահաստատել են, որ արդար և հարատև կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, այդ թվում՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, հավասար իրավունքներ և ժողովուրդների ինքնորոշում:

Այն նաև պետք է ընդգրկի լրացուցիչ տարրեր, որոնք առաջարկվել են համանախագահ երկրների նախագահների կողմից 2009-2012 թթ., այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը կերաշխավորի անվտանգություն և ինքնավարություն, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում՝ իրավաբանորեն պարտավորեցնող կամարտահայտման հիման վրա, բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր, և անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կեզրափակեն խաղաղաշինության գործընթացը:

Համանախագահներն ընդգծել են իրենց տեսակետն առ այն, որ այս սկզբունքները և տարրերը պետք է հիմք ծառայեն հակամարտության արդար և հարատև կարգավորման համար և պետք է ընդունվեն որպես ամբողջություն: Այս սկզբունքներից կամ տարրերից որևէ մեկին առաջնահերթություն տալը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելու գործընթացը, ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահները պատրաստակամություն են հայտնել ցանկացած պահի հանդիպել երկու երկրների ղեկավարների և արտգործնախարարների հետ, և կոչ են արել առաջնորդներին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բանակցությունները: «Բաքվի ու Երևանի միջև շարունակական երկխոսությունը ԵԱՀԿ հովանու ներքո մնում է որպես հիմնական տարր վստահության կառուցման և խաղաղության հասնելու գործընթացում: Համանախագահները նաև կշարունակեն համապատասխան հարցերը քննարկել շահագրգիռ կողմերի հետ, որոնք անմիջապես առնչվում են հակամարտության հետ, հաշվի առնելով, որ հաջողության հասնելու համար պետք է նկատի ունենալ նրանց տեսակետը և մտահոգությունները»,- ասվում է հայտարարության տեքստում:

Համանախագահներն ընդգծել են, որ իրենք, համաձայն իրենց մանդատի, հավատարիմ են օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ լուծման հասնելու գործում: Համանախագահները նաև հաստատել են իրենց աջակցությունը անկողմնակալ և կարևոր մշտադիտարկման գործընթացին, որն իրականացվում է գործող նախագահի անձնական ներկաւյացուցչի հետ համատեղ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031