Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ մարտի 9-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։
Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել հայ ժողովրդի ողբերգությունը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։
Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ իր երկրի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով. «Մենք միշտ հիշում ենք հայոց մեծ ողբերգությունը եւ ամեն տարի հիշատակի արարողություններ են լինում մեր խորհրդարանում: Այս տարի նույնպես ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն տեղի կունենա»:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ