Անցյալ ամիս Հայաստանում տեղի է ունեցել մի շատ ուշագրավ բան: Վարչապետի աշխատակազմի արարողակարգի պետը դիմել է Գիտությունների ազգային ակադեմիա եւ Նիկոլ Փաշինյանի անունից խնդրել տրամադրել Արշակունիների դինաստիայի, կոնկրետ՝ Պապ թագավորի մասին գրքեր:
Երկու շաբաթ առաջ Գիտությունների ազգային ակադեմիան, ինչպես հաստատել է Ռադիկ Մարտիրոսյանը, վարչապետի աշխատակազմ է փոխանցել մի քանի գիրք: Մասնավորապես՝ Հակոբ Մանանդյանի «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» գործը, «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի էլեկտրոնային տարբերակը, որը հատկապես ընդգրկում է միջնադարը եւ Աշոտ Մելքոնյանի «Հայոց պատմության ակնարկները»: Ի դեպ, Աշոտ Մելքոնյանը մի առիթով ասել է, որ իր գրքի նպատակն է՝ ձեւավորել համահայկական մտածողություն:
Անկեղծ ասած՝ ես այս իրադարձությունը համարում եմ հրաշալի: Նախ սա նշանակում է, որ մենք մասնավորապես պատմություն կարդացող վարչապետ ունենք, մյուս կողմից խոսում է պետություն-Գիտությունների ակադեմիա համագործակցության մասին, որն այսօր արտահայտվում է գրքերի տրամադրմամբ, բայց դա չէ՞ որ խոստումնալից սկիզբ է: Մի քիչ վտանգավոր է թվում համահայկական մտածողության ձեւավորումը, քանի որ ինձ հրապուրիչ չի թվում մի երկրում ապրելը, որտեղ բոլորը կոնկրետ հարցերի շուրջ միասնական մտածողություն ունեն:
Ամեն դեպքում համակորեական, համաարաբական, համաթուրքական մտածողությունները վտանգավոր են, եւ, գիտե՞ք, առաջին հերթին կորեացիների, արաբների ու թուրքերի համար: Հուսանք՝ մեր վարչապետը կկարդա այդ գրքերը եւ կփակի երկիրը բռնապետություն դարձնող բոլոր ճանապարհները, մանավանդ որ Փաշինյանը ճանապարհ փակելու զգալի փորձ ունի:
Հ. ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում