Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպում մի հակասական կերպար կա՝ Սուրենը, որ գինարբուքի սեղանի շուրջ իր հայտնի մենախոսության մեջ ի միջի այլոց ասում է. «Մեր այն թագաւորը, որ կը կոչուէր Աբգար, Գագիկ կամ Խոսրով (…) Հրամայեց, որ ոչ ոք սկսի հաշուել հարիւրմէկէն մեկնելով»: Այսինքն՝ ոչ ոք, ոչ մի թագավոր չշարունակի իր նախորդի գործը զարգացնել, նախորդի դրած քարի վրա նորը ավելացնել, քար քարի վրա դնել: Եվ կարծեք անեծք լինի դա մեր պետության ու ժողովրդի համար:
Հաջորդական մեր «թագավորները», նախագահ, սպարապետ թե վարչապետ, նրանք լինեն Լեւոն, Վազգեն, Ռոբերտ, Սերժ թե Նիկոլ, միշտ առաջ են քաշել իրե՛նց ճշմարտությունը, ժխտել նախորդի ու նախորդների գործունեությունը եւ… սկսել են հաշվել ոչ թե 101-ից, այլ՝ 1-ից: Նույնիսկ Ռոբերտից Սերժ թվացյալ անցումային իշխանությունը բացառություն չի կազմել, եւ երկրորդ նախագահը շատ անողոք է եղել երրորդ նախագահի վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի նկատմամբ, տնտեսաֆինանսական «սխալ» քաղաքականություն վարելու քննադատությամբ:
Հիմա՝ 5-րդ, այսպես կոչված «հեղափոխական» կառավարությունն է շարունակում տառապել նույն՝ «հայկական կամ պարբերական հիվանդությամբ»՝ բանիվ եւ գործով ժխտելով, հալածելով, ոչնչացնելով նախորդներին, վրեժխնդրությամբ եւ մասամբ նորին, միահեծանության ու միապետականության ողջ ուժով, բոլորին պարտադրելով ի՛ր ճշմարտությունը, տառապեցնելով, անորոշության մատնելով ողջ ժողովրդին, յուրային կամ ոչ յուրային քաղաքացիներին:
Իմ սեղանին է գտնվում «Իմ քայլը» դաշինքի կարկառուն անդամներից Ալեն Սիմոնյանի նախընտրական քարոզչական թերթիկը, որի վրա արձանագրված 3 կարգախոսներից 2-րդը «Հոգատար հանրություն» է կոչվում: Սովորաբար մենք գիտենք, որ հոգատարը իշխանությունն է լինում կամ պետք է լինի, որը հոգ է տանում մարդկանց, ժողովրդին, հանրությանը: Այս պարագայում՝ շրջված են դերերը․ իսկակա՛ն հեղափոխականություն:
Իսկապես մեղք է մեր ժողովուրդը, երկիրը, պետությունը: Ինքն իր գործով, հոգսերով զբաղվելու փոխարեն՝ հասարակությունը ստիպված է զբաղվել իր իշխանավորներով, հաջորդական իշխանություններով, ստանձնել նրանց հոգատարությունը:
Այնինչ իրական, արդյունավետ իշխանությունը չերեւացող իշխանությունն է:
Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում