Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են հարուստները նախկինում «դեպուտատ» դարձել ու ինչպես են հիմա պատգամավոր դառնում

Մարտ 09,2019 14:00

Հովհաննես Իգիթյանը կոնկրետ օրինակներով նշում է, թե ինչպես է Հայաստանում հաղթահարվել կոռուպցիան

Բրուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ասաց՝ «Ուղերձը նույնն է՝ ինչքան Հայաստանը ավելի շատ բարեփոխվի, այնքան մենք ավելի շատ կաջակցենք Հայաստանին՝ ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ քաղաքականապես: Մենք Հայաստանին 2017-ից մինչեւ 2020-ը նախատեսել ենք 176 մլն եվրո աջակցություն տրամադրել բարեփոխումների համար, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության համար: Բայց, ինչպես վարչապետը նշել է, այնտեղ շատ աշխատանք կա անելու՝ հատկապես հակակոռուպցիոն ուղղությամբ եւ դատական բարեփոխումների ոլորտում»:

Այս առնչությամբ «Առավոտը» ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանին հարցրեց՝ կոռուպցիայի դեմ պայքարում մենք բավարար աշխատանք տանո՞ւմ ենք՝ հաշվի առնելով, որ ուժի մեջ մտած դատական վճիռներ չկան, ի՞նչ ունենք ցույց տալու ԵՄ-ին՝ որպես տնային աշխատանք: Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ եւ Յունկերը, ե՛ւ Մոգերինին գոհունակություն են հայտնել, որ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումները լավ ընթացք ունեն եւ կոռուպցիայի դեմ պայքարը բավականին հաջողված է. «Ինչ վերաբերում է Հայաստանում կոռուպցիա կա, թե չկա, գիտեմ, որ ժողովուրդը կոռուպցիան տեսնում է առաջին հերթին նախկիններին պատշաճ ձեւով կարգի հրավիրելով եւ պատասխանատվության կանչել, գումարները հետ վերցնելով: Այստեղ որոշ օրենսդրական բացեր կան: Չնայած Հայաստանը փոքր երկիր է ու բոլորը գիտեն ով ինչքան է գողացել ու որտեղ է պահում եւ ումից է գողացել, ինչ գույք ունի, սա մեր ներքին խնդիրն է: Բայց այն, ինչ պետք է անենք, պետք է լինի օրենքների սահմաններում: Եթե մեր օրենքները չբավարարեն ճչացող գործեր բացահայտելուն, ապա գիտեք, որ Հայաստանում շատ է խոսվում անցումային արդարադատության մասին, որը նաեւ թույլ է տալիս այդպիսի հարցեր բացահայտել: Ինչ վերաբերում է այսօրվա իշխանությանը, թե՛ օրենսդիրում գտնվող պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների, թե՛ կառավարության պաշտոնյաների շրջանում կոռուպցիա գոյություն չունի Հայաստանում»: Մենք ճշտեցինք՝ այսինքն, համակարգային կոռուպցիա չկա Հայաստանում՝ Իգիթյանը արձագանքեց. «Ես չգիտեմ համակագային ասելով ինչ նկատի ունեք, համակարգային, թե անհատական կոռուպցիա գոյություն չունի: Եթե հանկարծ մի տեղ մի օրինակ լինի, վարչապետը հայտարարել է՝ որեւէ նշանակություն չունի ով է այդ մարդը, ում բարեկամն է, ես հավատում եմ, որ դա այդպես է»:

Մեր հարցին՝ անգամ շատ զարգացած երկրներում կոռուպցիա կա, դուք ո՞նց եք ասում, որ մեր երկրում կոռուպցիա ընդհանրապես չկա, ինչ-որ մակարդակով բոլոր երկրներում էլ կա՝ Իգիթյանը պատասխանեց. «Ինչ է նշանակում կոռուպցիա կա, թե չկա. Կոռուպցիայի հիմնական հատկանիշն այն է, որ չկա անձեռնմխելի մարդ: Օրինակ, Ֆրանսիայում, երբ ասում են կոռուպցիա կա, մատնանշում են նախագահ Սարկոզիի հանդեպ քրգործը, ապա հենց դա է նշանակում, որ Ֆրանսիան զարգացած երկիր է ու որեւէ անձեռնմխելի մարդ չկա, այդ թվում՝ նախագահը՝ մի քանի տարի առաջ կատարած գործի համար: Սա ենք մենք համարում, որ կոռուպցիա չկա: Հայաստանը փոքր երկիր է, եթե այդպիսի բաներ կան, իհարկե, կհայտնաբերվեն լրագրողների միջոցով ու անմիջապես պատասխանատվության կկանչեն»:

Հովհաննես Իգիթյանը մանրամասնեց, թե իր պատկերացմամբ, ինչ է նշանակում «հայկական կոռուպցիա», որն այսօր գոյություն չունի. «Հայաստանում կոռուպցիան այսպես է գործել՝ հարուստ մարդ, կրիմինալ մարդ գալիս էր ՀՀԿ, ասում էր՝ ես ուզում եմ դեպուտատ դառնալ, ահա ձեզ գումար, ես գնամ այդ գումարը բաժանեմ ժողովրդին, քվեի մի մասն ինձ համար կբերեմ, մի մասը՝ ձեզ համար: Եվ այդ մարդը դառնում էր պատգամավոր: Այդ պատգամավորին, այդ թվում նաեւ բիզնեսմեններին թույլ էին տալիս օգտագործել իր դիրքը՝ այդ գումարը հետ բերելու համար; Այստեղից էր գալիս, որ մենք ունեցել ենք անձեռնմխելի տարբեր մարդիկ՝ կիսակրիմինալ, չենք ունեցել ընտրություններ ու ունեցել ենք անձեռնմելի հատուկ բարեկամներ: Դեկտեմբերի 9-ին մենք ընտրվել ենք, այստեղ բոլորն ընտրվել են առանց գումարի: Մենք ընտրվել ենք ժողովրդի կողմից՝ ուղիղ ձեւով, թափանցիկ ապրում ենք: Որեւէ պատգամավոր այստեղ չի եկել անձնական շահի համար: Սա վերացվել է:Որեւէ պատգամավոր՝ ոչ միայն ընդդիմադիր, նաեւ իշխանական, չի կարող զանգել ինչ-որ մեկին ու օգտագործել իր դիրքը: Դա բացառվում է: Այսօր կառավարությունում մենք ունենք նշանակված նախարարներ: Այս նախարարները չեն կարող օգտագործել իրենց դիրքը բիզնեսի համար, զանգել, նշանակել եւ այլն, նույնիսկ երբ լրագրողներն այնպիսի հարցեր են բարձրացնում, որոնք իրականությանը չեն համապատասխանում, միեւնույն է, նախարարները ճշտում են, արդարանում են: Սա է նշանակում, որ կոռուպցիա չկա»:

Իգիթյանը չբացառեց, որ ցածր օղակներում կարող է մեկը մյուսին ինչ-որ նվեր տա, այդ նվերի դիմաց փորձի ինչ-որ բան անել, բայց ընդհանուր առմամբ Հայաստանում մթնոլորտ է փոխվել. «Այդ մթնոլորտը վերեւից իջնում է դեպի ներքեւ: Ամենակարեւորն այն է, որ մեր ժողովրդի մոտ արթնանում է անհանդուրժողականություն այդպիսի երեւույթների նկատմամբ»:

Հովհաննես Իգիթյանը վստահեցնում է, որ միջազգային հանրությունը շատ լավ տեսնում է, թե Հայաստանում ինչպիսի պայքար է տարվում կոռուպցիայի դեմ: Այն, որ դատական վճիռներ չկան, մենք կարո՞ղ ենք ցույց տալ, որ մեր հանձնարարությունը կատարել ենք՝ պարոն Իգիթյանը պատասխանեց. «Դա մեր հանձնարարությունը չէ, այդ հանձնարարությունը եղել է նախորդ իշխանություններին, որոնք իմիտացիոն ձեւով ցույց էին տալիս, իբր կոռուպցիայի դեմ պայքարում են ու «իբր»-ի համար փորձում են գումար ստանալ: Հիմա մենք կոռուպցիայի դեմ չենք պայքարում, որ այդ գումարները ստանանք որեւէ տեղից, դա դարձել է մեր կյանքի ամենօրյա ոճ, մենթալիտետ, պետք է բոլորը սովորեն»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

08.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031