Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ-իրանական ներկայիս պայմանավորվածությունների հետ կապված ոգևորությունը չափազանցվա՞ծ է

Մարտ 09,2019 13:30

Ըստ փորձագետ Էմմա Բեգիջանյանի` ամենառեալը պայմանավորվածություններից, որ մեզ շատ կօգնի, հյուսիս-հարավ մայրուղին է, մյուս կողմից միս արտահանելը դեպի Իրան, սպանդանոցների բարելավումը:

«Հայ-իրանական ներկայիս պայմանավորվածություններում շատ մեծ առաջընթաց չկա»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանը: Ըստ նրա` այն հուշագրերը, որ ստորագրվեց, հասկացվում է` եւ Իրանում, եւ Հայաստանում դրանք իրականացնելու տրամադրվածություն կա: Մեր հարցին` այս փուլում կարելի՞ է արձանագրել մեկ քայլ առաջ հայ-իրանական հարաբերություններում, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Այդ նույն հարցերով հուշագրեր նույնիսկ ստորագրվել է 2017-ի հոկտեմբերին, երբ Կարեն Կարապետյանն էր գնացել Իրան: Ուղղակի, երբ ցանկացած բան Ադրբեջանը ստորագրում է, նա ամեն ինչ անում է, որ իրականացվի: Իսկ ՀՀ դեպքում եւ ՀՀ-ն է կրավորական դիրք գրավում, եւ Իրանը, քանի որ ինչ-որ տեղ Իրանը տեղ էր տալիս ոչ Ռուսաստանին, ոչ Ադրբեջանին, բայց հիմա ես նկատել եմ, որ կողմերում պայմանավորվածությունները կյանքի կոչելու կամք կա: Ինչքանով դա կիրականանա, չեմ կարող ասել, բայց այդ առումով քայլ առաջ է»:

Դիտարկմանը` կարծիքներ կան, որ Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցման մասին խոսելը մի փոքր անլուրջ է, Էմմա Բեգիջանյանն այսպես արձագանքեց. «Դեռ 2000-ականների սկզբից այդ հարցը լուրջ է, քանի որ անգամ եվրոպական փորձագետները բոլորն էլ այն կարծիքին են, որ քանի դեռ Ադրբեջանով և Վրաստանով չեն կառուցել այդ խողովակաշարերը, Իրանի գազի` դեպի Եվրոպա տանելու լավագույն տարբերակը ՀՀ-ի և Վրաստանի միջոցով է»: Այս առիթով նա մանրամասնեց. «ՀՀ-ում խողովակաշարերի անվտանգությունը ապահովված է ի տարբերություն Ադրբեջանի: Ադրբեջանում փոխհարաբերությունները ելևէջներով են ընթանում, երբ պանթյուրքիստական բռնկում լինի, կամ շիաների հարցերն են, որ ապահով չեն: Թուրքիայի դեպքում անցնում է Թուրքիայի քրդաբնակ հատվածներով, ինչը դարձյալ վտանգված է: Փորձագետները միակարծիք էին, որ ՀՀ-ով և Վրաստանով տարանցումն ամենաապահով տարբերակն է: Այդ խողովակաշարերը «Գազպրոմինն» են, այդ տարանցիկության օգուտը ստանալու է «Գազպրոմը»: «Գազպոմն» էլ ինչո՞ւ պիտի խոչընդոտի, երբ հավելյալ եկամուտ է ստանում»:

Դառնալով այն հարցին` փաստորեն չափազանցվա՞ծ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իրան այցից հետո հայ-իրանական հարաբերությունների նեկայիս փուլի վերաբերյալ ոգևորությունը, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Կարելի է այդպես ասել: 2017-ին էլ Կարեն Կարապետյանին իրանցիները մեծ ոգևորությամբ ընդունեցին: Նույն թեմաներով էին բանակցությունները, նույն ճանապարհի: Այն ժամանակ էլ մայրուղիների կառուցման շուրջ բանակցություններ եղել են: Եթե գոնե հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը հիմա լուրջ վերաբերվեն, դա առաջընթաց է»:

Դառնալով ռուսական կողմի արձագանքին, մասնավորապես նրան, որ ՌԴ Պետական դումայի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հայտարարեց՝ Ռուսաստանը միայն ողջունում է Իրանի հետ Հայաստանի ցանկացած տիպի կապի ընդլայնումը, փորձագետն ասաց. «Պայմանագրում հիմնական շեշտը դրված է ԵՏՄ-ի տնտեսական ազատ գոտու վրա: Իսկ դա ռուսներին էլ է ձեռք տալիս, որտեղ պիտի ԵՏՄ-ի հետ համագործակցենք հատկապես հիմա, երբ իրենք արդեն համաձայնագիրը ստորագրել են, մնում է հաստատվի: Այստեղ ամենառեալը պայմանավորվածություններից, որ մեզ շատ կօգնի, հյուսիս-հարավ մայրուղին է, մյուս կողմից միս արտահանելը դեպի Իրան, սպանդանոցների բարելավումը: Այսօրվա դրությամբ պարսիկները Ռումինիայից են միս ներմուծում, իսկ ՀՀ-ից ամեն առումով ավելի ձեռնտու է»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

08.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031