Չարենցի՝ Կարս քաղաքի տան քանդելու արձագանքները
Կարս քաղաքում քանդվել է այն շինությունը, որը Կարս մեկնող հայ մտավորականների, զբոսաշրջիկների համար ընկալվում էր մեր հանճարի՝ Եղիշե Չարենցի տուն։ Բանաստեղծի տուն-թանգարանում նախորդ օրը հավաքվել էին մտավորականներ, գրողներ, Կարս երբեւէ ուխտագնացության մեկնած չարենցապաշտներ, որոնք փորձեցին քննարկել, կիսել իրենց մտահոգությունները:
Տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանն իր խոսքը սկսեց Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսօյին ուղղված գրավոր հարցապնդմամբ, Փայլանի հարցերով՝ «Մտածե՞լ եք, արդյոք, այն հուսախաբության և վիրավորանքի մասին, որ կարող է Չարենցի տան փլուզումից հետո առաջանալ բանաստեղծի հիշատակը հարգող մարդկանց մեջ: Չարենցի տան փլուզման որոշումը ո՞ր հաստատության կողմից է կայացվել: Ձեր նախարարությունը տեղյակ եղե՞լ է: Որո՞նք են այն շոշափելի քայլերը, որ նախարարությունն իրականացնում է ըստ արժանվույն արժևորելու և որպես մշակութային ժառանգություն պահպանելու հիշողության այն վայրերը, որոնք առնչվում են հայ արվեստագետներին և մտավորականներին: Չարենցի տունը կարո՞ղ է դառնալ հայկական մշակույթի և Կարսի համար հիշողության կարևոր վայր: Տան վերանորոգման և որպես թանգարան օգտագործման ուղղությամբ նախագիծ պատրաստե՞լ է նախարարությունը:
Կենթադրեմ, որ հիշողության այս վայրը քանդվել է Չարենցի հայ լինելու պատճառով։ Համամի՞տ եք»։
Ա. Ասատրյանն ասաց, թե գոյություն ունի սիմվոլիկ տունը, որի մոտ մոմավառության են գնում հայ զբոսաշրջիկները, կա պատմություն, որ փորձել են այդ տունը գնել:
Ապա ներկաներին հիշեցրեց, որ կա նաեւ Մայկոպի, Թիֆլիսի տունը. «Մենք ինչ-որ բան արե՞լ ենք», քանի որ ըստ նրա, Թուրքիայում գտնվող տան դեպքում խոչընդոտներից մեկն էլ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է: Նա ասաց, որ դիմել է մշակույթի նախարարությանը, որպեսզի թանգարանին տրվի «պոեզիայի կենտրոնի» կարգավիճակ, իսկ ատհասարակ, որպես գործուն քայլ առաջարկում էր մեր գաղթօջախներում բացել Չարենցի կենտրոններ, ինչպես գերմանացիներն ունեն Գյոթեի հետ կապված:
Ելույթ ունեցած միջնադարի մասնագետ տիկինն ասաց, թե երկու անգամ տեսել է Չարենցի տունը. «Իրոք գետի ափին էր, մի հարկանի է, չէի ասի խրճիթ է, չէի էլ ասի, թե՝ աղայի տուն է»: Նա ասաց, թե կառավարության մարդ չի, որեւէ կուսակցության մեջ չկա, եւ որ Չարենցի հիշատակը պետք է պահենք ոչ թշնամի երկրներում:
Գրականագետ Եղիազարյանն ասաց. «Պետք է դիմել պատկան մարմիններին, եւ ասել՝ Արեւմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը ոչնչանում է»:
2005 թվականին տողերիս հեղինակը եղել էր այն խմբում, որը գնացել էր Կարս («Առավոտ», «Կարսն ինչպես որ է», մարտ 16,2005), բանաստեղծի ծննդյան 108-ամյակի առթիվ: Ներկայացնելով քննարկման մասնակիցներին Կարսի քաղաքապետարան մեր այցի մասին՝ նշենք. «Մարտի 13-ին մենք նախ այցելեցինք թուրք Չալիկլիի տուն: Այն գնվել է 1921-ին: Գտնվում էր Վարդանի կամրջի կողքին, Առաքելոց եկեղեցու հարեւանությամբ: Կարծիք կա, թե այստեղ է ծնվել բանաստեղծը: Տունը միհարկանի է, բակով: Կարսի քաղաքապետը հարգելի պատճառով չկարողացավ մասնակցել հայ մտավորականների ընդունելությանը: Քաղաքապետի տեղակալ Աջանան Սիօղլին հայտնում է քաղաքապետի «դրական ցանկությունը». «Ձեր բանաստեղծի տունն անպայման կվերցնենք հսկողության տակ եւ անպայման կվերանորոգենք»:Հիշում եմ, երբ մեր մտավորականներն ասացին, թե տուֆն էլ հայրենիքից կբերենք, թուրք պաշտոնյան ժպտալով ասաց՝ մենք տուփ ունենք»:
Այդ խմբի նախաձեռնողն ու ղեկավարը գյումրեցի իրավաբան Մարտին Թադեւոսյանն էր: Նա ասաց, որ հիսուն տարի առաջ է եղել առաջին անգամ Անիում: Ու հերթական անգամ, երբ Անի-Կարս պետք է մեկներ, շատ պատահական հանդիպել է թանգարանի նախկին տնօրեն Լիլիթ Հակոբյանին. «Լիլիթը ցույց տալով նկարը՝ ասաց, սա Չարենցի տունն է, արխիվից եմ վերցրել, գնա, տես ինչ վիճակում է: Ասաց՝ մի քանի պարտադիր կետեր կան. տունը բերդի տակ է, եկեղեցու մոտ, Վարդանի կամրջի մոտ…»: Գնացի, տեսա, մի տուն՝ երկու հարկանի, մեկ հարկն էր մնացել…եկա, ասացի տնօրենին»: Դրանից հետո Մ. Թադեւոսյանը իր մեկ ծանոթի հետ որոշել է տունը գնել, ենթադրյալ տանտերը սկզբում քսանհինգ հազար էր ասել, ապա քառասուն…Նա ասաց, անուն չի տա, սակայն տունը գնված է, իրավական խնդիրն է մնացել:
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն ասաց, որ եղել է այդ տանը. «Կարծես Մոլորակի տղայինն էր…ուզում ես մի սիմվոլ ունենաս՝ քո պետությունը քո հանճարին ներկայանալի դարձնելու համար: Այդ տան գոյությունը պատիվ է պետության համար: Կարող ենք առաջարկ անել քաղաքապետին, կամ ողջ հայությանը, գնանք մեր տարածքներին տեր կանգնենք, մի քիչ էներգիա, մի քիչ ֆինանս, կմոտենանք: Կգա ժամանակ, բոլոր տարածքները կարող են ամայանալ առանց կրակոցների, եւ մոլորակը ազատազրկողներից կարող ենք վերցնել: Մենք պետք է փայփայենք մեր նվիրական անձերի ամեն բան»:
Երգահան Սասուն Պասկեւիչյանն ու հրապարակագիր Հովհաննես Պապիկյանը նույն այն խմբում էին եղել, որը 2005-ին եղել էր Կարսում: Վերջինս թանգարանին նվիրել էր ուխտագնացության մասին գիրքը, իսկ երգահանի համար մեր մշակութային արժեքները փրկելու նպատակային քաղաքականություն վարելն էր:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
08.03.2019