«Հույսը լույս է սփռում ամեն ինչի վրա»
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ ստեղծագործական գործուղման մեկնած ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը Տորանս քաղաքում՝ «Մերի» առաջադեմ խնամքի կենտրոնի «Պրովիդենս» ընկերությունում ցուցադրեց իր նոր աշխատանքը. «Հույսը լույս է սփռում ամեն ինչի վրա»՝ իր մշտական տեղը գտնելով այնտեղ: Սա նրա առաջին նվիրաբերությունը չէ Կալիֆոռնիայի բժշկական հաստատություններին:
Վերջին տարիներին նա իր աշխատանքները նվիրաբերել է Պրովիդենս բժշկական կենտրոններին, այդ թվում՝ Սուրբ Ֆերնանդո հովտի Mission Hills-ում գտնվող «Պրովիդենս Սուրբ Խաչ» և «Պրովիդենս Տարզանա» բժշկական կենտրոններին: «Բժշկական հաստատությունը, որին ես նվիրեցի իմ նոր աշխատանքը, կարևոր առողջապահական կենտրոն է, ուր համոզված են՝ արվեստը բուժում է մարդկանց,- ասում է Շմավոն Շմավոնյանը,- անցյալ տարի բացված առաջադեմ խնամքի կենտրոնն առաջարկում է վերականգնողական ծառայություններ, ներառյալ սրտի և ֆիզիկական, թոքային, զբաղմունքի և խոսքի թերապիա: Կենտրոնում գործում է նաև բազմաբնույթ քաղցկեղի կենտրոն, օրթոպեդիկ և ողնաշարի ինստիտուտ, կանանց կրծքագեղձի քաղցկեղի կենտրոն»:
Հենց Տորանսի քաղաքապետ Պրո Տիմ Միլթոն Ս. Հերրին է արվեստագետ Շմավոն Շմավոնյանին առաջարկել իր նվիրաբերած նկարը ցուցադրել նորաբաց «Մերի» առաջադեմ խնամքի կենտրոնի «Պրովիդենս» ընկերությունում:
Գեղանկարչական աշխատանքի ներկայացման արարողությանը ներկա են եղել Տորանսի քաղաքապետը, բժշկական կենտրոնների ղեկավարները, հայկական համայնքի ներկայացուցիչները: «Սիրով եմ աշխատանքները նվիրում նման հաստատություններին,- ասում է Շմավոն Շմավոնյանը,- դրանք այսպես, թե այնպես Հայաստանի և հայկական ջերմությունն են բերում այստեղ և դրա կարիքը ունեցող մարդկանց»:
Շմավոն Շմավոնյանի ստեղծագործական գործուղման ընթացքում ստեղծած նկարները կցուցադրվեն տարբեր սրահներում, որ հասանելի լինեն արվեստասերներին:
Կ. ՏԻՏԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
08.03.2019