Լրահոս
Օրվա լրահոսը

«Քո անունն է կին»

Մարտ 09,2019 12:00

«Նարեկացի» արվեստի միության ցուցասրահը լի էր գարնան շնչով ու գույներով, որոնք սփռում էին նկարչուհի Արմինե Թումանյանի կերտած կանացի ուշագրավ կերպարները: Գարնան և կանանց տոնի մեկնարկը տրվեց «Քո անունն է կին» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմամբ: Սրահում ասես հնչում էին Սենտ Էքզյուպերիի հայտնի խոսքերը. «Կինն ամենաիրական կենդանի մարմինն է, որը ճառագում է ամենանուրբ լույսը»: Գունային ներդաշնակությամբ, կերպարների վառ արտահայտչականությամբ ներկայացված էին Քենիայից Նաոմիի, Անգլիայից Գաբրիելլայի, Լիտվայից Դովիլեի, Հնդկաստանից Սուրեյկհայի, Իսրայելից Անատի, Ճապոնիայից Միզուի և աշխարհի տարբեր ծագերում ապրող այլ կանանց կերպարները մարմնավորող ինքնատիպ կտավներ:

Կինը մշտապես եղել է բարդ գաղտնագիր, անվերծանելի գլուխկոտրուկ, հակադրությունների միասնություն և այնքան առեղծվածային, որ միջնադարում հարյուրավոր կանանց այրում էին խարույկի վրա՝ պատճառաբանելով, որ նրանք կախարդներ են և սատանայի հետ մշտական գործարքի մեջ են: 1585 թվականին Մակեդոնյան տաճարում քննարկման առարկա է եղել՝ կարելի՞ է, արդյոք, կնոջը համարել մարդ էակ հարցը, իսկ 200 տարի անց՝ 1785 թվականին, Լայպցիգում տպագրվել է տրակտատ. «Հետաքրքիր ապացույց, որ կանայք չեն պատկանում մարդկային ցեղի» անվանմամբ:

Ինչպես գրել է Վոլտերը. «Բոլոր հակադրությունները հատվում են կնոջ սրտում»: «Կրակն ու կինը միևնույն բանն են»,-ասել է Պյութագորասը:

«Կանանց աշխարհը շատ խորն ու զանազան է, շատերի համար անհասկանալի: Այսօր ներկայացրել եմ տարբեր ազգությունների ութ կանանց և ամենակարևոր կնոջ՝ իմ ներշնչման աղբյուր հանդիսացող Մարիամ Աստվածածնի կերպարը: Այս աշխատանքներում արտահայտված է իմ էությունն ամենայն անկեղծությամբ՝ սիրով, հուզմունքով, հավատքով»,- ասաց Արմինե Թումանյանը։

Նկարչուհու անհատական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում բաց կլինի մինչև մարտի 16-ը:

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

08.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031