Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշադրություն. Հայաստանում իրականացվող ցանկացած բարեփոխում գրոշ չարժե, եթե հիմնովին վտանգված է ազգային անվտանգության հիմնասյունը՝ մարդկանց առողջությունը

Մարտ 08,2019 23:08

Ցանկացած երկրի գերնպատակն առաջին հերթին իր քաղաքացիների անվտանգ, առողջ ու երջանիկ ապրելու ապահովումն է, որով էլ հիմնականում պայմանավորված կլինի, թե տվյալ երկիրն ինչ ապագա կունենա: Կփորձեմ բարձրաձայնել բազմիցս չարչրկված հրեշավոր մի երևույթի մասին, որի արդյունքում ծագող հետևանքները կործանարար են ու անդառնալի: Խոսքը թմրամոլության (նարկոմանիա) մասին է, որի հետևանքները շատ ավելի վտանգավոր են, քան պատերազմներինը, քանզի պատերազմի ժամանակ զոհերն ու վիրավորները հետագա սերունդների համար իրենց մեջ ֆիզիկական վարակի վտանգ չեն պարունակում: Հայաստանը մի բուռ երկիր է, և  ամեն մեկը գիտի, թե մնացածներն ինչով են շնչում, մանավանդ, որ համարյա բոլորն իրար խաչաձև բարեկամներ են: Այնպես որ երկրում տեղի ունեցող շատ թե քիչ կարևոր ցանկացած իրողություն համատարած տարածում է գտնում և այն գաղտնի պահելու տարբերակներ չեն մնում:

Իսկ այն, ինչ կապված է թմրամոլության հետ և այդ առումով ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ոչ մի քննադատության չի դիմանում, քանզի դրանում ներքաշված օգտագործողների թիվն օր-օրի երկրաչափական պրոգրեսիայով աճում է: Ցավալիորեն, այդ չարիքից օգտվողների ճնշող մեծամասնությունը պատանիներ և երիտասարդներ են, որոնց մի մասն ունևոր խավից է ու այդ վիճակից է թափանցել այդ դաշտը՝ հաճույքի ու վայելքի համար, իսկ մյուս մասը աղքատ շերտից ու չունևոր վիճակից՝ իբր մոռացնել տալու և շրջանցելու իր ծանր սոցիալական վիճակը: Ինձ հայտնի չէ, թե այս առումով Ադրբեջանում ինչպիսի իրավիճակ է տիրում, որպեսզի հույս տածենք, որ գոնե տարիների ընթացքում նրանց աճող սերունդը կլինի խիստ հիվանդոտ ու կռվելու համար անպիտան ու գոնե այդկերպ հաղթանակով կավարտենք Ղարաբաղյան  հակամարտության թնջուկը: Սակայն մի բան հստակ է նաև. եթե իրավիճակը մեր երկրում շարունակվի այսպես ընթանալ, ապա ժամանակի ընթացքում հիմնականում կունենանք միայն հիվանդոտ երեխաների սերունդ, որը շատ մեծ սպառնալիք կդառնա մեր հետագա գենոֆոնդի համար: Սա մի չարիք է, որի հետ չեն կարող մրցակցել ոչ ծայրահեղ աղքատությունը, ոչ գործազրկությունը, ոչ արտագաղթը, այլ խոսքով, դրան հավասար կամ մոտիկ դժբախտություն ուղղակի հնարավոր չէ մատնանշել: Եթե նույնիսկ թմրամոլության տեմպերը չաճեն և մնան նույն մակարդակի վրա, ապա մի քանի տարի հետո Հայաստանը կունենա դեգրադացված երիտասարդություն, որոնց ոչ պակաս մասը ցավոք սրտի կլինեն իգական սեռի ներկայացուցիչներ:

Այս իրավիճակը նորություն չէ և գալիս է դեռևս  նախկին իշխանությունների ժամանակներից և ամենավատն այն է, որ այդ չարիքի տեմպերը ոչ միայն չեն նվազում, այլ գնալով աճում են ու այդ ճահճում հայտնվում են նորանոր անմեղ երեխաներ: Ցավոք դա այն տարիքային խումբն է, երբ այդտեղ ներքաշված պատանինիներն ու երիտասարդները հեշտությամբ կարողանում են «թասիբի գցել» դրանից լրիվ անտեղյակներին ու հեշտությամբ ներքաշել այդ սարդոստայնի մեջ: Ներքաշողներն անմիջականորեն ի ցույց են դնում իրենց երանելի վիճակը և այն վարպետորեն հրամցնում այդ անմեղ գառներին, ովքեր էլ առանց ծանր ու թեթև անելու կուլ են տալիս գցված խայծը, որն այդ վայրկյանից սկսած դառնում է նրանց կործանման ճանապարհի առաջին քարը, որն էլ իր հերթին ժամանակի շարունակության մեջ դառնում է ամուր պատ և ցանկացած փորձ՝ քանդելու կամ ճաքեր տալու այդ պատի վրա դառնում է ընդամենը պատին ճակատով հարվածելու նման մի փորձ: Առաջին պահերին տհաճություն պարունակող այդ մահաբեր դեղորայքը ստեղծում է նաև զգացողության անբացատրելի երանելի վիճակներ, ինչը հաղթում և տիրում է օգտագործողին, փաստացի մոռացնել տալով նրա ապրած տհաճությունները: Արդյունքում, սկսնակ օգտագործողի մոտ հաղթում է միայն իր ապրած երանելի իրավիճակը, որում ևս մեկ անգամ հայտնվելու գայթակղությունը նրան ուղղորդում է ամեն գնով հերթական չափաբաժինը դարձյալ ձեռք գցելու  մոլուցքը, որին էլ կուրորեն հանձնվում է նա:

Եթե նույնիսկ տվյալ երիտասարդը շատ աղքատ է ապրում, միևնույն է նա հետդարձի ճանապարհ չի էլ փնտրում և զուտ փորձեր է անում ամեն կերպ ու ամեն գնով ապահովել այդ թմրանյութի ձեռք բերումը, ամեն հաջորդ անգամ հուսալով, որ այդ քայլին գնում է վերջին անգամ: Քանի որ նման թմրանյութերը շատ թանկ գին ունեն և ֆինանսապես անհասանելի են իրեն, նա որոշում է ամեն կերպ հասնել դրա հայթհայթմանը՝ այդ ճանապարհին կանգ չառնելով ոչնչի առջև: Սկսնակ աղքատ թմրամոլներն անհրաժեշտ գումարը ձեռք բերելու համար բազմապիսի պատճառաբանություններով դիմում են իրենց շրջապատի մարդկանց, դրանք ներկայացնելով ընտանիքի անդամների տարատեսակ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ ու խիստ անհետաձգելի գումար (վիրահատություն, բուժում, թանկարժեք դեղորայք) կամ կուտակված վարկերի գումարների անհապաղ ու անհետաձգելի վճարումների մարման գումար, որպեսզի չհայտնվեն ԴԱՀԿ-ում կամ սև ցուցակներում: Իրականությունից լրիվ անտեղյակ, խղճով մարդիկ առաջին օրերին ընդառաջում և օգնության ձեռք են մեկնում, իսկ այդ գումարներն ամբողջովին՝ մի քանի օրվա մեջ հոսում են «բառիգների» գրպանը, որտեղից էլ համապատասխան խողովակներով բաշխվում ըստ նախապես մշակված սխեմաների: Տվյալ խմբի թմրամոլների համար թմրանյութի հաջորդ խմբաքանակի ձեռք բերումը շատ ավելի դժվարանում է, քանզի նույն պատճառաբանությամբ դիմելու ենթակա մարդկանց թիվն արդեն էապես նվազած է լինում և նրանք պարտադրված են լինում եղած սեփական միջոցներով փորձել այդ հարցերը լուծել:

Իսկ որոնք են այդ սեփական միջոցները: Նախ տարբեր հորինված տարատեսակ պատճառաբանությունների միջոցով փորձում են ծնողների, քույր-եղբայրների, մտերմիկ շրջապատի մարդկանց միջոցով ձեռք բերել այդ անհրաժեշտ գումարը և եթե հաջողվում է, ապա մեկ անգամ ևս նրանց հնարավորություն է ընձեռնվում հայտնվել թմրամոլության երանելի դաշտում ու վայելելու տառապանքով ձեռք բերված «հաճույքը»: Հաջորդիվ, խաղալով վերը հիշատակված մարդկանց զգացմունքների վրա, նրանք փորձում են մեծ ճնշումների գնով ևս մի քանի անգամ գործարկել այդ սցենարը, սակայն դեմ առնելով պատի, ստիպված են լինում գնալ սեփական տանից ինչ-ինչ ապրանքներ վաճառելուն, որին ժամանակի ընթացքում հաջորդում է եղած-չեղած անշարժ գույքի վաճառքը, որն էլ որոշակի ժամանակահատվածի ընթացքում ավարտվում է ամեն ինչ կորցնելով ու դատարկ տաշտակի առջև հայտնվելով: Քայլերի նման հաջորդականության ավարտին մի կողմում մնում են հիվանդ, ամեն ինչ կորցրած թմրամոլներ, իսկ մյուս կողմում  պատեհ առիթներից մշտապես հրաշալիորեն օգտվող,  «ամեն ինչ ջրի գնով» ձեռք բերած արարածներ:

Սա մի անվերջանալի թեմա է, այնպես որ ամփոփելով կարող ենք փաստել հետևյալը. եթե առկա թմրամոլության տեմպերը շարունակեն այսպես աճել և պետական այրերը շարունակեն չնկատելու տալ այս արհավիրքի վտանգը ու  պետության կողմից դրա դեմ արտակարգ միջոցառումներ չկիրառվեն, ապա մոտ ապագայում կունենանք հիմնականում հիվանդ երեխաների ծնունդներ և լիովին կվտանգվի անգամ առողջ զույգ գտնելու հետագա ամուսնությունների հնարավորությունը, որը կբերի ժողովրդագրական վիճակի կործանարար հետևանքների:

Այս հարցի վրա աչք փակող հայ դավաճան է…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031