Այսօր մարտի 8-ին՝ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների եւ Ազգային ժողովի միջեւ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որպեսզի ստեղծվի համագործակցության հարթակ՝ նպատակ ունենալով համատեղել ջանքերը կանանց եւ տղամարդկանց իրավունքների եւ հնարավորությունների իրական հավասարությունն ապահովելու ուղղությամբ: «ՕքսԵՋեն» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ժամանակ «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանն ասաց, որ նախապես ելույթ չէր նախատեսել, բայց քննարկման ընթացքում որոշեց՝ մի քանի հարց պետք է բարձրացնի, որոնց կարող են բոլորը միասին սկսել անդրադառնալ հենց երկուշաբթի օրվանից, որովհետեւ դրանք հրատապ են:
«Քանի որ ես հասկացա, որ այս ելույթներով եւ հեղափոխությունից հետո միայն դեկլարատիվ որոշումներ կայացնելու եւ լավ խոսքեր ասելու դարն ավարտված է, մենք կարող ենք արդեն սկսել գործել, որպեսզի կանանց իրավիճակը կտրուկ լավանա Հայաստանում»։ Ահարոնյանը, անդրադառնալով կանանց նկատմամբ բռնություններին, ասաց. «Տարիներով կանանց կազմակերպություններն ու կոալիցիան այդ հարցը բարձրացրել են՝ անցյալ տարի մի հատ խայտառակ օրենք ընդունեցին ԱԺ-ում (նկատի ունի ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքը- Ն.Բ.), որը սկիզբ էր, իհարկե ընտանեկան բռնության: Հիմա մենք շտապ խնդրի առաջ ենք ու շատ մտահոգիչ է։ Կանայք մահանում են ընտանեկան բռնության պատճառով։ 2016-17-ին 12 կին մահացել է իր զուգընկերոջ բռնության պատճառով իր տան մեջ ու շատ անգամ իր երեխաների աչքի առաջ։ 2018-ին՝ 9 կին։ Սրանք միայն թվեր են, որ գիտենք: Շատ ավելին կարող են լինել թվերը, որին մենք չեն տիրապետում։ Հիմա բոլորս պատասխանատու ենք ամենաշտապ ձեւով այս հարցը կարգավորել։ Շատ տարբեր ձեւերով՝ փոխելով նախ եւ առաջ օրենքը, քրեականացնելով ընտանեկան բռնությունը, որովհետեւ այն քրեականացված չէ։ Անպատժելիության մթնոլորտը հանել, որովհետեւ մեր մեջ դեռ կան մարդիկ՝ կին, տղամարդ, որ արդարացնում են ընտանեկան բռնությունը, ու դա ընդունելի չէ։ Ու սա վաղուց է սկսել՝ անընդհատ մեղքը դնել կնոջ վրա»։
Ապա Ահարոնյանն անդրադարձավ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթում հնչած մի մտքի՝ «Աղջիկ ջան, ուշքի արի»: «Մեկ անգամ եղել է երեք տարեկան, որի մեջքը այնքան ուժեղ են կոտրել, որ իրեն շատ դժվար է հիմա վերականգնվի։ Ու մենք պետք է անենք էդ ուղղելու գործընթացը։ Ինչպե՞ս ենք դա անում։ Շատ հեշտ ձեւով, մենք շատ արագ ստեղծում ենք պայմաններ, որ այդ անարդարությունը, որ մենք ստեղծել ենք դարեր ի վեր որպես պատրիարխալ հասարակություն, մենք ուղղենք այդ անարդարությունը։ Ու դա շատ տարբեր ձևեւրով է լինում՝ քվոտաներով է լինում, հատուկ պայմաններ ստեղծելով, հատուկ ծրագրեր ստեղծելով ու դա երբեւիցե պետք չէ դիտել որպես խտրականություն, որովհետեւ շատ քաղաքական գործիչներ կան, որ չեն տեսնում այդ խնդիրը ու շատ անգամ ասում են՝ խնդիր չկա, մենք բաց ենք, կանայք երբ ուզում են կարող են քաղաքականություն մտնել, ոչ մեկը չի արգելում։ Այ դրա համար է , որ իրենք չեն տեսել թե այս «Աղջիկ ջան, ուշքի արի»-ին, այդ երեք տարեկանին ինչպես են մեջքը կոտրել։ Էդ պետք է ավելի տեսանելի դարձնենք»,-ասաց Ահարոնյանը:
Լարա Ահարոնյանի դիտարկմամբ՝ «Շատ անգամ, երբ կնոջ մասին ենք խոսում, մենք տեսնում ենք մի տեսակ կին, մայր, շատ անգամ քույր ու վերջ։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք նաեւ միայնակ մայրերն ենք, մենք նաեւ բանակում երեխա կորցրած մայրերն ենք, մենք նաեւ մայր դառնալ չուզեցողներն ենք, մենք նաեւ տարեցներն ենք, մենք նաեւ տրանս կանայք ենք, նաեւ լեսբի եւ բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք, կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ, մենք սահմանամերձ գյուղերում ապրող կանայք ենք, աղքատներն ենք, մենք եզդի կանայք ենք, հաշմանդամություն ունեցող կանայք ենք, եւ երբ օրենքներ են մշակվում, մենք պետք է ուշադիր լինենք, եւ դուք բոլորդ, որպեսզի միայն մեկ կերպարի կանայք չօգտվեն այդ օրենքներից։ Այսինքն այս բոլոր կանայք են, որ ձեր մտքում պիտի գան, ներառելով այս ամենը, որ ասացի, նաև միացնելով դրան ՄԻԱՎ-ով ապրող կանայք, սեքս աշխատող կանայք եւ շատ ուրիշներ»։
Նա նաեւ նշեց՝ «Կանայք էլ են հավասար իրավունքներով քաղաքացիներ, անպայման չէ, որ բոլորիս միակ նպատակը կյանքում մայր դառնալն է, շատ ուրիշ նպատակներ ունենք եւ եթե ուզում ենք իրոք Հայաստանը առաջ գնա, ու ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ բոլորս ներգրավված ենք, մենք մեր օրենքների մեջ էլ , մեր խոսակցությունների մեջ էլ՝ ինչպես ենք արտահայտվում առանց անընդհատ մեղքը նորից դնելով կնոջ վրա, որովհետեւ եթե ուզում է՝ ինքը կարող է, կամ ինքը իր վրա պետք է աշխատի միայն․․․ իհարկե, աշխատում ենք մենք մեր վրա, բայց հասարակությունը, որ այդ անիրավությունը եւ անարդարությունը ստեղծել է, ինքը նաեւ պիտի ուղղի իր սխալը եւ դնի այնպիսի պայմաններ, որ բոլորս էլ լինենք ներգրավված։ Որովհետեւ առանց մեզ ոչ մի ձեր եւ մեր երազած այդ հավասար Հայաստանը չենք կարող ստեղծել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ