Լրահոս
Օրվա լրահոսը

«Աբոսզոդային Ադրբեջանին հանձնելը նախադեպ է. հայերն այլեւս անվտանգ չեն հետխորհրդային երկրներում». Փորձագետ

Մարտ 08,2019 22:00

«Պարզ է, որ Աբոսզոդան Ադրբեջանի իշխանությունների համար բավականին նյարդայնացնող անձնավորություն էր՝ որպես թալիշական շարժման խոսափողներից մեկը: Ադրբեջանի համար շատ հեշտ կլինի ներկայացնել, թե իբր Աբոսզոդան հայերի համար լրտեսություն է արել, այդ պատճառով ձերբակալել են, հանրությունն էլ հեշտությամբ կհավատա եւ կուլ կտա այդ խայծը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի տեղաբնիկներից թալիշների ազգային շարժման առաջնորդներից Ֆահրադին Աբոսդոզային՝ Ռուսաստանի կողմից ձեռնաշղթաներով Ադրբեջանին հանձնելու փաստին, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ, քաղաքագետ Անժելա Էլիբեգովան:

Նրա բնորոշմամբ՝ Ֆահրադին Աբոսզոդայի դեպքը նախադեպ է նրանով, որ Ռուսաստանին է առնչվում. «Մենք պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի իշխանությունն իր ազդեցության վարկանիշի եւ ուժի ցուցադրման համար պատրաստ է գնալ անգամ նման ծայրահեղ եւ ոչ իրավական քայլերի: Սա վտանգ է նաեւ ՀՀ քաղաքացիների համար: Հասկանալի է, որ հետխորհրդային երկրներում, որտեղ Ադրբեջանն ունի քաղաքական-ֆինանսական ազդեցություն եւ հնարավորություն, մենք այլեւս անվտանգ չենք»:

Անժելա Էլիբեգովայի խոսքով՝ Ադրբեջանը ՀՀ-ի հետ կապ ունեցող կամ հայամետ հայացքներով հայտնի անձանց այսուհետեւ հեշտությամբ կարող է «ստանալ». «Այս առումով միջազգային հանրությանը լուրջ ուղերձ ունենք հղելու այն մասին, թե ինչպիսի գործընթաց է սկսել Ադրբեջանը»: Իսկ թե Աբոսզոդայի՝ Բաքվում ձերբակալվելն ինչպես կազդի թալիշական ազգային շարժման վրա, փորձագետը նշեց, որ գնահատականներ տալը բարդ է. «Նա թալիշական շարժման միակ առաջնորդը չէ, բայց այլ է հարցը, որ այս պահին թալիշական շարժումը, ազնվորեն ասած, զարթոնք չունի, թեեւ դրսից որոշ կազմակերպություններ փորձում են տպավորություն ստեղծել, թե շարժումը կա»: Հիշեցնենք, որ թալիշ հասարակական-քաղաքական գործիչ Ֆահրադին Աբոսզոդան եղել է ՀՀ-ում, թալիշներին կոչ արել չմասնակցել ապրիլյան ռազմական գործողություններին, իսկ վերջերս՝ քաղաքական ապաստան խնդրել ՀՀ-ից՝ հայտարարելով, որ իր կյանքը վտանգված է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031