Հանրակրթական համակարգում գոյություն ունեն աշխատանքի ընդունվելու երեք հիմնական մեխանիզմներ` մրցույթ, միջնորդություն և գումար (կաշառք): Այս մասին ասվում է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հ/կ-ի օրերս հրապարակած՝ «Մարդու իրավունքները Հայաստանում 2018թ.-ին» խորագրով զեկույցում:
Ըստ ուսումնասիրության արդյունքների. «Առավել հաճախ նշվել է «խնամի, ծանոթ, բարեկամ» կապի և 1500-2500 դոլար կաշառքի մասին: Միջնորդությունն ապահովող «ծանոթի» շարքին դասվել են տնօրենները, քաղաքապետարանների և մարզպետարանների աշխատակիցները (կամ, ինչպես ուսուցիչներն են անվանում` «պաշտոնյաները»): Իսկ մրցույթները հիմնականում կրել են ֆորմալ բնույթ` քողարկել կամ լեգիտիմացրել են միջնորդությունն ու կաշառքը` խորացնելով մրցույթների հանդեպ անվստահությունն ուսուցիչների շրջանում»:
Ըստ զեկույցի՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ոչ բոլոր ուսուցիչներն են ծանոթ ՀՀ աշխատանքային օրենսգրքին կամ դրա առանձին հոդվածներին, դպրոցի կանոնադրությանը և ներքին կանոնակարգին, ինչպես նաև իրենց պայմանագրերի տեսակին, ժամկետներին և այն պահանջներին, որ իրենք կարող են ներկայացնել գործատուին:
Զեկույցում ասվում է, որ արձանագրվել է պայմանագրով չնախատեսված աշխատանքների կատարում ուսուցիչների կողմից, օրինակ` ցույցերին մասնակցություն, նախընտրական շրջանում կուսակցության օգտին ձայների հավաքում, դպրոցի մաքրությամբ զբաղվել, չվարձատրվող լրացուցիչ աշխատանքների իրականացում, թատրոնի տոմսերի իրացում, ֆոնդի, տնօրենի, ուսմասվարի համար, ինչպես նաև այլ նպատակներով գումարների հավաքում:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ