Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Կարապետյան. «Սա տոն է հակադրության եւ միասնության, ձուլման եւ տարանջատման»

Մարտ 08,2019 20:00

«Այսօր կանանց իրավունքներին տոնն է, սա մարդկային մի մեծ խմբի իրավունքների տոն է, եւ մենք՝ կանայքս շատ ընդհանուր կարիքներ, երազանքներ եւ դրանց համար ընդհանուր տեսիլք, օրակարգ եւ պայքար ունենք»,-այսօր իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ ԱԺ-ում ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ժամանակ:

Այսօր մարտի 8-ին՝ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների եւ Ազգային ժողովի միջեւ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որի նպատակն է՝ ստեղծել համագործակցության հարթակ   ՀՀ օրենսդիր իշխանության եւ քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչների միջեւ՝ նպատակ ունենալով համատեղել  ջանքերը  կանանց եւ տղամարդկանց իրավունքների եւ հնարավորությունների իրական հավասարությունն  ապահովելու ուղղությամբ:

«Մենք, իհարկե, միաձույլ հանրույթ չենք, եւ յուրաքանչյուր կնոջ փորձառությունն ու միտքը ուրույն է, եւ այսօր մեր համերաշխության տոնն է՝ մեր բազմազանության մեջ»,-ասաց Կարապետյանը: Նրա խոսքերով՝ իրավունքներից եւ իրավահավասարությունից պետք է խոսել միշտ եւ բարձր.«Ասվեց նաեւ մեր իրավունքների համար պայքարը ունի նաեւ այլ մշակույթային կողմ: Սրա վրա մի շեշտադրում անեմ՝ մարդաբանական եւ մշակութային առումով այս տոնը երկու խորհուրդ ունի՝ մի կողմից մենք՝ կանայքս յուրացրել եւ յուրացնելու ենք այն հատկանիշներն ու տիրույթները, որոնք մշակութորեն արժեւորվում են, բայց չեն համարվում մերը՝ համարձակություն եւ ըմբոստություն, ինքնուրույնություն եւ ինքնիշխանություն: Մյուս կողմից մենք պատրաստ ենք նաեւ մղել հանրային կյանք, արժեւորել եւ տոնել այն հատկանիշները եւ տիրույթները, որ մշակութորեն կանացի համարվող եւ կերտվող են՝ փոխկախվածություն եւ փոխվստահություն, զգացմունքներ եւ համայնքի զգացողություն: Եվ ուրեմն՝ սա տոն է հակադրության եւ միասնության, ձուլման եւ տարանջատման: Մեր ինքնուրույնությունը՝ մեզ, փոխկապվածությունն ու փոխկապվածությունը՝ բոլորին: Մեր անկախությունը՝ մեզ, համայնքը՝ բոլորին: Մեր ինտելեկտը՝ մեզ, զգացմունքները՝ բոլորին: Մեր կամքը՝ մեզ, եւ խնամքը բոլորին: Մեր զգոնությունը՝ մեզ, վստահությունը՝ բոլորին»,-ասաց Կարապետյանը:

Նա իր ելույթը եզրափակեց ֆեմինիստ բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի՝ «Նվեր աղջկաս» բանաստեղծությամբ, որը կանանց պայքարի մասին է:

Մանրամասներն՝ տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031