Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուշակներ ու ձնծաղիկներ ձեռքերին՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց անցորդ-կանանց

Մարտ 08,2019 19:20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտի 8-ի առթիվ այսօր դուրս եկավ կառավարության շենքից ու փոքր-ինչ շրջեց՝ զամբյուղից ձնծաղիկ-մանուշակներ բաժանելով եւ շնորհավորելով կանանց: Նրան միանգամից շրջապատեցին քաղաքացիները՝ լուսանկարվելու ակնկալիքով: «Մի րոպե, մի անցեք, ձեզ էլ շնորհավորեմ»,-մինչ կանայք փորձում էին «սելֆի» անել, ձայնում էր նա մյուս կանանց: Ապա` նա հարցրեց. «Ի՞նչ եք մտածում ՀՀ-ում կանանց իրավունքների պաշտպանության մասին»: Կանանցից մեկը դժվարացավ պատասխան տալ, մյուսն էլ դժգոհեց, որ պետական աշխատավայրերում տղամարդ-կին տարբերակում կա. «Անգամ եթե կինը լավ մասնագետ է, տղամարդուն են առաջնայնություն տալիս»:

Փաշինյանը հարցրեց. «Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անի կառավարությունը, որպեսզի կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց ունենանք»: Կանանցից մեկն արձագանքեց. «Խրախուսի, որ աշխատավայրերում հավասարություն լինի: Երեւի օրենսդրական փոփոխություններ են պետք»: Մի կին էլ, որը ներկայացավ որպես մանկապարտեզի տնօրեն, ասաց, որ աշխատավարձի բարձրացում են ակնկալում. «55 000 դրամ ենք ստանում»:  Փաշինյանն այնուհետեւ նշեց. «Կարծում եմ՝ լավ կլինի, որ կանայք ակտիվ լինեն հանրային-պետական կառավարման համակարգում: Վերջերս աշխատանքային նախաճաշ եմ ունեցել IT ոլորտի առաջատարների հետ, որոնցից մեկն էր միայն կին: Գլխավոր ուղերձն այն է, որ կանայք պետք է նախաձեռնող լինեն: Ես, օրինակ, նշանակումների ժամանակ նախընտրում եմ առավելությունը տալ կին-թեկնածուին»: Աղջիկներից մեկը միացավ քննարկմանը. «Միեւնույնն է՝ տղամարդկանց կարծիքը չի փոխվել, նրանք թույլ չեն տալիս, որ կանայք առաջ գնան: Դա հայի մտածելակերպ է»:

«Այսօր տղամարդկանց հետ չեմ շփվում»,-կատակեց Նիկոլ Փաշինյանը, երբ մի տղամարդ ցանկացավ նրան ասել, որ ինչ-որ բան է ուղարկել իրեն: Մի կնոջ էլ եղբայրը զանգահարել էր եւ հայտնել, որ Փաշինյանը կառավարության դիմաց է: Կինն Ամիրյան փողոցից շտապել էր եւ հասցրել բարեւել վարչապետին: «Ազի՜զ, ուզում եմ նկարվեմ, որ երեխեքս տեսնեն, Մոսկվա են»,-այսպես դիմեց մի տատիկ Նիկոլ Փաշինյանին: «Ասում եմ՝ եկեք, չեն ուզում: Ասում են, որ ՀՀ-ն վատ վիճակում է: Ես էլ ասում եմ, որ ոչ»,-անկեղծացավ տատիկը: Վարչապետին այդպես էլ չհաջողվեց կանանց իրավունքների վերաբերյալ բովանդակային քննարկում ծավալել. անցորդների «սելֆիները» չափազանց շատ էին: «Աննա, արի մի քիչ թեթեւացու»,-նկատի ունենալով «սելֆիների» առատությունը՝ կատակով այսպես դիմեց կնոջը Նիկոլ Փաշինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031