Այսօր մարտի 8-ին՝ կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների եւ Ազգային ժողովի միջեւ հուշագիր ստորագրվեց:
Այս փոխըմբռնման հուշագրի նպատակն է ՝ ստեղծել համագործակցության հարթակ ՀՀ օրենսդիր իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ՝ նպատակ ունենալով համատեղել ջանքերը կանանց եւ տղամարդկանց իրավունքների եւ հնարավորությունների իրական հավասարությունն ապահովելու ուղղությամբ:
ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր ելույթում նկատեց՝ շատ այլ քաղաքական գաղափարների հետ միասին մարտի 8-ի գաղափարը Հայաստանում իմաստազրկվել էր վերջին տասնամյակներին՝ այն համարվել է կանանց տոն՝ զուտ ծաղիկ նվիրելու, կանանց կենացը խմելու օր, ու այդ ընթացքում մոռացության է տրվել իսկական խորհուրդը.«Ես ուրախ եմ, որ այսօր վերարժեւորում ենք եւ մարտի 8-ը նշում ենք ոչ թե պարզապես կանանց տոն, այլ կանանց իրավունքների եւ քաղաքական պայքարի օրը»:
Լենա Նազարյանի խոսքերով՝ «Իրենց գործով կամ օրինակով պայքարած բազմաթիվ կանանց պատմությունները մեզ չեն պատմվել, նրանց մասին դպրոցներում եւ նույնիսկ համալսարաններում չեն ուսուցանել, բայց մենք այսօր վայելում ենք այն ազատությունները եւ իրավունքները, որոնք նվաճվել եւ իրացվել են այդ կանանց կողմից: Հետեւաբար, մարտի 8-ը նախեւառաջ մեր շնորհակալության օրն է աշխարհի բոլոր այն կանանց, որոնք մեզանից առաջ եռանդ, ջանք ու կյանք են դրել կանանց ազատագրման եւ խնդիրների լուծման պայքարում»:
Լենա Նազարյանը հայտարարեց՝ կանանց իրավունքների համար պայքարը պետք է շարունակվի: Այսօր Հայաստանում, ինչպես ասաց Նազարյանը, կանայք ունեն ակնառու եւ չերեւացող խնդիրներ, թեեւ Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենքներով կանայք ունեն ամրագրված իրավահավասարություն, սակայն գործնականում կանանց իրավունքների իրացման հնարավորությունները մնում են սահմանափակ:
Մանրամասներն՝ տեսանյութում
Հայաստանում կանայք ճիշտ է՝ ունեն հավասար կրթության իրավունք, սակայն, ըստ ԱԺ փոխխոսնակի, կան համայնքներ, որտեղ աղջիկների կրթությունն առաջնահերթություն չի դիտվում.« Ճիշտ է՝ կանայք ունեն ընտանիք կազմելու ու անձնական կյանքը տնօրինելու իրավահավասարություն, սակայն էլի լինում են դեպքեր, երբ կենսական որոշումները կանանց փոխարեն կայացնում են այլք, իսկ շատերն էլ իրենց զգում են հանրային կարծիքի ճնշման ներքո: Կանայք ունեն առողջության պահպանման իրավունք, սակայն միշտ չէ, որ պաշտպանված են նրանց վերարտադրողական առողջության եւ սեփական մարմինը տնօրինելու իրավունքը: Օրենքով կանայք պետք է պաշտպանված լինեն բռնությունից, սակայն, ցավով պետք է նշենք, որ լինում են բռնության եւ շահագործման դեպքեր՝ ընտանիքում եւ աշխատանքում»:
ԱԺ փոխնախագահը հիշեցրեց՝ թեեւ Հայաստանում կան քաղաքական կյանքին կանանց մասնակցությունը խրախուսող քվոտաներ, բայց դրանք բավարար չեն բարձր ցուցանիշով կանանց ընդգրկվածության համար: Նազարյանի խոսքով՝ այսօր խորհրդարանում, չնայած այսօր խորհրդարանում կանանց ներգրավվածությունը համեմատաբար ավելի մեծ է, բայց այն ընդամենը 24% է. «Մենք պետք է ընդունենք, որ մեր բնակչության 50 % -ից ավելին կազմող կանայք ունեն այնպիսի թանկ ռեսուրսների պակաս, ինչպիսիք են ազատ ժամանակը, ֆինանսական միջոցները, հանրային վստահությունն ու աջակցությունը: Բացի այդ, մենք պետք է արձանագրենք, որ տարբեր սոցիալական խմբերի կանայք ունեն այս ռեսուրսների եւ իրավահավասարության տարբեր չափի հասանելիություն: Այնինչ դրանք անհրաժեշտ են բոլոր կանանց, որպեսզի նրանք առավել մեծ մասնակցություն ունենան հանրային, քաղաքական կյանքին եւ խնդիրներին լուծում տալու իրական հնարավորություն ձեռք բերեն: Այս հարցերը, նախեւառաջ, մենք կանայքս պետք է իմաստավորենք»:
Նազարյանի խոսքով՝ մարտի 8-ը՝ առաջին հերթին ընդունում են կանանց խնդիրների գոյությունը եւ դրանք հաղթահարելու հանձնառությունը:
«Եթե մարտի 8-ի ծաղիկներ, ապա միմիայն որպես համերաշխության նշան կանանց իրավունքների լիարժեք հաստատման պայքարի»,-ասաց Լենա Նազարյանը:
Մանրամասներն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ