2018թ.-ի ապրիլի 16-ից մինչև ապրիլի 23-ը անցկացված հավաքների ընթացքում ոստիկանության աշխատակիցներն անձանց հավաքների վայրերից հեռացնելիս եւ բերման ենթարկելիս գործադրել են բազմաթիվ բռնություններ՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին ասված է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հ/կ-ի օրերս հրապարակած՝ «Մարդու իրավունքները Հայաստանում 2018թ.-ին» խորագրով զեկույցում:
Նշվում է, որ 2018թ.-ի ապրիլի 22-ին նշված դեպքերով հարուցվել է քրեական գործ, 104 քաղաքացիներ ճանաչվել են տուժողներ. «2018թ.-ի ապրիլի 23-ին ոստիկանները բռնություններ են կիրառել հավաքի վայրում գտնվող Գագիկ Բունիաթյանի նկատմամբ՝ կոտրելով նրա ձեռքը և պատճառելով տարբեր մարմնական վնասվածքներ, ինչպես նաև ջարդել են վերջինիս ավտոմեքենան: 2018թ.-ի նոյեմբերի 16-ին էլ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից որոշում է կայացվել քրեական գործը կասեցնելու մասին՝ մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով: Նշված որոշումը բողոքարկվել է գլխավոր դատախազին, որը մերժվել է»:
Վերլուծությունում ասվում է նաեւ, որ 2018 թ. ապրիլի 21-ին Երևան քաղաքի Շիրազի-Սիլիկյան փողոցների խաչմերուկի մոտ փաստաբան Ավագ Լալայանը նկատել է, որ մի խումբ ոստիկաններ փորձում են բերման ենթարկել, իր կարծիքով, անչափահաս անձի. «Նա փորձել է տեղեկանալ միջադեպի պատճառի մասին, սակայն 7-8 ոստիկանության ծառայողներ հարձակվել են փաստաբանի վրա, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: 2018թ.-ի ապրիլի 21-ին փաստաբան Ա. Լալայանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար»:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ