«Երբ անցյալ տարի ապրիլ-մայիսին տեղի ունեցավ, ըստ որոշ վերլուծաբանների, իշխանափոխություն, իսկ ոմանց՝ հեղափոխություն, և դեկտեմբերի 9-ին դե յուրե քրեաօլիգարխիկ համակարգը Հայաստանում վերացվեց, հասկանալի էր, որ իշխող քաղաքական ուժը պետք է բերեր նոր հայեցակարգեր Հայաստանում նոր ժողովրդավարական կարգեր հաստատելու վերաբերյալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանում քաղաքական զարգացումների դրական օրակարգի բացակայության մասին, ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Վերջինիս խոսքով՝ պետք է փոխվեր Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ամբողջ իրավական բազան, որովհետև նախկինը քրեաօլիգարխիկ համակարգի սպասարկող իրավական բազա էր:
«Բայց մենք տեսնում ենք, որ դեկտեմբերի 9-ից հետո լուրջ հայեցակարգային որևիցե հարց չի ներկայացվում հասարակությանը: Ներկայացվող բոլոր հարցերը օպերատիվ են: Տեսեք, կառավարության ծրագիրը ընդամենը կառավարչական հարցի բարելավմանն էր ուղղված, չկային զարգացման օրակարգային հարցերը՝ մասնավորապես խոսք չկա սահմանադրության բարեփոխման վերաբերյալ: Այս սահմանադրությանը կարված էր կոնկրետ մեկ գործիչի համար, և հիմա այդ կարված սահմանադրությունը ուրիշ գործիչ է վայելում, այսինքն` չկա՝ սահմանադրության փոփոխության հարց: Իշխող քաղաքական ուժը նշում է բարեփոխումներ կատարելու մասին, բայց կոնցեպտուալ հանձնաժողով, որ նոր ժողովրդավարական սահմանադրություն ստեղծի, չկա: Չկա ամբողջովին այն տեսլականն ու զարգացման վեկտորը, թե ի վերջո Հայաստանը 5-10 տարի հետո ինչպիսի պետություն է լինելու: Եթե չկա տեսլական, չի բերվում զարգացման օրակարգ»,- նշեց պարոն Բադալյանը:
Բանախոսը ընդգծեց նաև, որ չկա այն հարցի պատասխանը, թե տնտեսությունը ինչպիսի տեսք պետք է ունենա 5-10 տարի հետո, խոսում են ընդամենը գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի մասին. «բայց Հայաստանում արդյունաբերություն պե՞տք է զարգանա, թե՞ ոչ, քննարկում չկա; Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դատաիրավական համակարգը, քննարկում չկա: Փաստորեն, մնում է զուտ օպերատիվ ինչ-որ հարցերի քննարկում՝ կառավարության ծրագիր, կառավարության կառուցվածք, հարկային օրենսգիրք և վերջ: Հարց է առաջանում է. լավ, կառավարության ծրագիրը քննարկեցին, անցավ, կառավարության կառուցվածքը քննարկեցինք, հարկայինն էլ, հետո ուրիշ ի՞նչ ենք քննարկելու»:
Ըստ պարոն Բադալյանի, օրակարգի դատարկությունը պայմանավորված է նրանով, որ երբ անցյալ տարի տեղի ունեցավ այդ գործընթացը, որը իշխանությունները անվանում են թավշյա հեղափոխություն, քաղաքական օրակարգ չուներ:
«Երբ քաղաքական օրակարգ չունես, հետագայում չես կարողանում քննարկելու ինչ-որ թեմա ունենալ: Շատերը պատճառաբանում են, որ Ազգային ժողովը նոր է ընտրվել, բոլորդ տեսնում եք Ազգային ժողովի աշխատանքը, մեկ-երկու հարց քննարկում են և վերջ: Հարգելի՛ պատգամավորներ, մայիսից, հունիսից չգիտեիք, որ նոր Ազգային ժողով է լինելու, առավել ևս որ աշնանը նշեցին՝ լինելու են արտահերթ ընտրություններ, բա այդ ժամանակ օրենքի նախագծեր չէիք պատրաստո՞ւմ: Փաստորեն, զրոյից պետք է պետական կառավարման համակարգ ստեղծվի՝ ամբողջ այս իրավական դաշտը, Սահմանադրությունը. բա ինչո՞ւ չէիք պատրաստում, որովհետև պատկերացում չունեն՝ ինչ են քննարկելու»,- ասաց պարոն Բադալյանը:
Ըստ բանախոսի սա կշարունակվի այնքան, մինչև խորհրդարանական կամ արտախորհրդարանական ուժերը սկսեն օրակարգ ձևավորելու ուղղությամբ ինչ-որ աշխատանք տանել: Պարոն Բադալյանը ընդգծեց նաև, որ չկա այն ուժը, որը կօգտվի վարչապետի վարկանիշի անկումից և իր վարկանիշը կբարձրացնի:
«Իշխանությունների վարկանիշը այսպես, թե այնպես անկում է ունենալու, դա քաղաքագիտական օրենք է: Եթե անգամ դրական օրակարգ էր լիներ, այսպես թե այնպես վարկանիշը կընկներ: Ասենք թե լավ, վարկանիշը ընկավ. Ո՞վ է այն մյուս ուժը, որը ավելի շատ գործողություններ կանի, որպեսզի օգտվի վարչապետի վարկանիշի անկումից և բարձրացնի իր վարկանիշը, դա էլ չկա: Այդ ուժը չկա խորհրդարանում, չկա նաև այդպիսի արտախորհրդարանական ուժ, որ օգտվի դրանից, դառնա լրատվական դաշտի կենտրոնում օրակարգ թելադրողը և իր վարկանիշը բարձրացնի, դա է խնդիրը»,- հավելեց բանախոսը:
Ռոզա Հակոբյան