«2018թ.-ի դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների դեպքեր են գրանցվել: Ընտրություններից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչը, ակնհայտորեն չարաշահելով իր լիազորությունները, անօրինական գործողություն է իրականացրել «News.am» լրատվական կայքի խմբագրությունում»: Այս մասին ասված է օրերս «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հ/կ-ի հրապարակած՝ «Մարդու իրավունքները Հայաստանում 2018թ.-ին» խորագրով զեկույցում:
Նշվում է, որ իրավապահները պահանջել են լրատվամիջոցից քաղաքական գործիչներից մեկի առցանց ելույթի բովանդակությունը հաստատող հիմքեր տրամադրել, ինչը ԶԼՄ- ների գործունեության իրավունքի և խոսքի ազատության ակնհայտ խախտում է. «Ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին, նման անհիմն պահանջ էր ներկայացվել նաև «Aysor.am»-ի խմբագրությանը, երբ ոստիկանությունն այցելել էր խմբագրություն՝ պահանջելով գործարար Սիլվա Համբարձումյանի հարցազրույցի տեսաձայնագրության օրինակը»:
Զեկույցում շեշտվում է՝ խմբագրությունը պատասխան գրությունում նշել էր, որ Սիլվա Համբարձումյանը ոչ թե հարցազրույց է տվել Aysor.am կայքին, այլ մամուլի ասուլիս է հրավիրել, որին ներկա են եղել մի քանի տասնյակ լրատվամիջոցներ, իսկ տեսագրությունը հասանելի է Google որոնողական համակարգում: «Ընդհանուր առմամբ, 2018 թ.-ին գրանցվել է լրագրողների ու օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 21 դեպք, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների թիվը 67 է, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներինը՝ 98»,-ասվում է վերլուծությունում:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ