Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շուրջ զրուցում ենք երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանի հետ։
-Տիկին Ասատրյան, այս տարի անցկացվում է Հայ կոմպոզիտորական արվեստի հոբելյանական 10-րդ փառատոնը։ Ձեր գնահատականը՝ փառատոնին։ Ի՞նչ դեր ունի այն հայ կոմպոզիտորական դպրոցի հանրայնացման, տարածման ու պահպանման գործում։
-Իմ գնահատականը փառատոնին՝ BRAVO։ Ես` որպես երաժշտագետ և երաժիշտ, շատ եմ կարևորում վերջին տարիներին հայ երաժշտական համայնապատկերում իր ուրույն և անփոխարինելի տեղն զբաղեցրած Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը: Հատկապես ուզում եմ ընդգծել փառատոնի գաղափարի հեղինակի և նրա շարժիչ ուժի՝ ՀՀ վաստակավոր արտիստ, արվեստագիտության թեկնածու Սերգեյ Սմբատյանի դերն այս կարևոր ձեռնարկում:
Փառատոնը լուծում է միաժամանակ մի քանի կարևոր խնդիր: Մի կողմից՝ նպաստում է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմանը, մյուս կողմից՝ թվայնացվում են դրա շրջանակներում հնչող բոլոր ստեղծագործությունները, և իրականացվում է համերգների ձայնագրությունը, ինչի շնորհիվ ապահովվում է դրանց հետագա պահպանումն ու փոխանցումը ապագա սերունդներին: Ընդ որում՝ համերգների ընթացքում կատարվում են հայ կոմպոզիտորների մոռացության տրված, իսկ երբեմն էլ՝ ունկնդրին անհայտ ստեղծագործություններ:
-Փառատոնի համերգներից մեկի ընթացքում Հայաստանում առաջին անգամ հնչեց Չուհաճյանի Անդադար շարժում դաշնամուրի և նվագախմբի համար ստեղծագործությունը։ Մենակատարուհի Լիլիթ Արտեմյանը նշեց, որ այն Հայաստանում կատարվել է շնորհիվ Ձեզ։ Դուք եք նրան ծանոթացրել Չուհաճյանի այդ ստեղծագործության հետ։ Հետաքրքիր է, Չուհաճյանը այլ անտիպ կամ չկատարված ստեղծագործություններ նո՞ւյնպես ունի։
-2019 թվականի փետրվարի 23-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գրեց ոչ միայն իր տարեգրության, այլև հայ երաժշտության պատմության կարևոր էջերից մեկը: Այդ օրն առաջին անգամ հայ ունկնդրին ներկայացավ Տիգրան Չուհաճյան սիմֆոնիստը: Գաղտնիք չէ, որ մենք Տիգրան Չուհաճյանին ճանաչում ենք որպես հայ օպերային թատրոնի հիմնադիր՝ նկատի ունենալով նրա «Արշակ Երկրորդ» պատմահայրենասիրական և «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» կոմիկական օպերաները: Գիտենք, որ Տ. Չուհաճյանն է հեղինակել հայկական ռոմանսի անդրանիկ նմուշները: Մինչդեռ տեղյակ չենք, որ նրա անվան հետ է կապվում հայկական դաշնամուրային երաժշտության սկզբնավորումը: Ավելին՝ հայ սիմֆոնիկ երաժշտության կենսագրությունը սկիզբ է առնում հենց Չուհաճյանից:
Ծանրակշիռ է Չուհաճյանի սիմֆոնիկ ժառանգությունը. սիմֆոնիկ նվագախմբի համար գրված երկերով (այդ թվում` «Արևելյան ֆանտազիա», «Արևելյան» պար, «Քայլերգ շնորհակալության», «Մեծ պարսկական քայլերգ» (երկու տարբերակներ), Մեծ պոպուրի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերայի մոտիվներով, Պոպուրի «Էբուդիա և Զեմիրե» օպերայի մոտիվներով, «Զեմիրե» ֆանտազիա, «Հայկական եղանակ», «Մեղեդի», «Քայլերգ» և այլն), Չուհաճյանը դրեց հայկական սիմֆոնիկ երաժշտության հիմքերը: Նրա սիմֆոնիկ opus-ները ժամանակին մեծ հաջողությամբ հնչել են կոմպոզիտորի ղեկավարությամբ՝ նա նաև փայլուն դիրիժոր էր:
Նրա մահից հետո այդ ստեղծագործությունները չեն կատարվել: Եվ ահա հենց Հայ կոմպոզիտորական արվեստի հոբելյանական փառատոնի շնորհիվ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ տեղի ունեցավ Տ. Չուհաճյանի դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Mouvement Perpétuel»-ի՝ հայկական դաշնամուրային կոնցերտի նախատիպի պրեմիերան, որը փայլուն իրականացրին մենակատար Լիլիթ Արտեմյանն ու դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Լիլիթ Արտեմյանը տաղանդավոր դաշնակահարուհի է, միջազգային մրցույթների դափնեկիր: Նա տասնյակ համերգներով և մենահամերգներով հանդես է եկել Երևանում՝ ներկայացնելով տարբեր ոճերի երաժշտություն, նաև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Դաշնակահարուհու կատարողական գործունեության կարևոր ուղղությունն է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների պրոպագանդան:
Մեծ է Լ. Արտեմյանի վաստակը հատկապես հայկական դաշնամուրային երաժշտության հիմնադիր Տիգրան Չուհաճյանի դաշնամուրային ստեղծագործության պրոպագանդման գործում: Նա Չուհաճյանի մի շարք պիեսների, այդ թվում՝ Թուրքիայի հայոց պատրիարք՝ 47-ամյա Ներսես Վարժապետյանի մահվան կապակցությամբ հորինված «Արտօսր ի շիրիմ» Մահանուագի՝ հայոց անդրանիկ “Marche funèbre”-ի, “Grande Valse Fantastique”-ի, “Illusions”-ի և “Mazurka de salon (Mignon)”-ի առաջին կատարողն է Հայաստանում: Ուստի միանգամայն օրինաչափ է, որ նա դարձավ նաև «Mouvement Perpétuel»-ի առաջին մեկնաբանը Հայաստանում:
Ուզում եմ հուսալ, որ Չուհաճյանի այս ստեղծագործությունը հետագայում իր արժանի տեղը կգրավի նվագախմբի նվագացանկում և կհնչի ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Եվ որպես Տ. Չուհաճյանի հանճարի երկրպագու, կցանկանայի, որպեսզի մեր նվագախմբի նվագացանկում առաջիկա տարիներին տեղ գտնեն Չուհաճյանի մյուս սիմֆոնիկ ստեղծագործությունները ևս, որոնք մինչ օրս անհայտ են ունկնդրին: Իսկ այս պահին կարող եմ արձանագրել, որ Սերգեյ Սմբատյանը, Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (տնօրեն՝ արվեստագիտության թեկնածու Սարգիս Բալբաբյան)՝ Լիլիթ Արտեմյանի և Ռուբեն Ասատրյանի շնորհիվ առաջին քայլը կատարեցին Տիգրան Չուհաճյանի սիմֆոնիկ երաժշտության վերածննդի գործում:
-Այս տարի նշվում է մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյա հոբելյանը։ Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը նվիրված է Տերտերյանին։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ դեր ունի Ավետ Տերտերյանը հայկական երաժշտության պատմության մեջ։
-Նշանակալի է Ավետ Տերտերյանի դերը հայ երաժշտության պատմության մեջ, պատկառելի՝ նրա թողած ժառանգությունը, որի ուսումնասիրությունը եղել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտագետների հարատև գիտական հետաքրքրությունների կենտրոնում: Տերտերյանագիտության ասպարեզում կարևոր խոսք էր հատկապետ 2002-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս տեսած՝ արվեստագիտության դոկտոր Մարգարիտա Ռուխկյանի «Авет Тертерян. Творчество и жизнь» մենագրությունը, որը լայն արձագանք գտավ նաև Հայաստանի սահմաններից դուրս:
Ավարտելով խոսքս՝ ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ, բարի ընթացք մաղթել փառատոնին, ստեղծագործական եռանդ՝ փառատոնի ղեկավարներին ու մասնակիցներին՝ իրենց շատ շնորհակալ ու ազգապահպան գործում. չէ՞ որ երաժշտությունն ապրում է ճիշտ այնքան, որքան հնչում է, իսկ այդ հարցում չափազանց կարևոր է կատարողների դերը…
Զրուցեց Սոնա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
Ես, արդեն, 2 անգամ ողջունել եմ փառատոնի այս տարվա ծրագրերը: Չեմ համարում, որ իմ նախկին դիտողություններն որևէ նշանակություն են ունեցել: Այնուամենայնիվ, մեր հասարակությունը, դեռևս, ինչպես հարկն է չի ճանաչում մեր դասականներին: Ուրեմն, պետք է հենց այսպես շարունակել զարգացնել փառատոնը … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան