«Ներքաղաքական կյանքում ամենակարևոր խնդիրները լինելու են բարեփոխումների խնդիրները՝ սկսած կառավարության կառուցվածքից: Ընդամենը 2-3 օր առաջ էլ Եվրամիությունում համաձայնություն ձեռք բերվեց CEPA–ի արդիականացման օրակարգը իրականացնելու հետ կապված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Վերջինիս խոսքով՝ այդ բոլոր բարեփոխումները պետք է կարողանանք կյանքի կոչել, որովհետև ինչպես մինչև դրա ստորագրումը, այնպես էլ հիմա, ասում ենք, որ այդ բարեփոխումները ոչ թե ուրիշների համար ենք անում, այն հենց մեր ու մեր երկրի հզորացման:
Բանախոսը կոչով դիմեց կառավարությանը, որպեսզի ուշադրություն դարձնեն բարեփոխումների մանրուքներին, տեսլականին, գործողություններին:
«Մենք սովորել ենք ասել՝ եկեք այս հարցերը միասնական քննարկենք, հետո որոշենք, բայց ես կցանկանայի, որ այդ քննարկումը չվերածվեր նրան՝ ուղղակի ամեն մեկը իր դիրքորոշումը ասի և հեռանա, այլ փորձի դիմացինին լսել, հիմնավորել իր ասածները, ընկալել դիմացինի հիմնավորումները և համատեղ քննարկումների միջոցով այնպես անել, որ այդ բարեփոխումները դառնան բոլորինս»,- նշեց պարոն Պողոսյանը:
Վերջինս խոսեց նաև արցախյան հարցի մասին՝ ընդգծելով ամենակարևոր շեշտադրումը:
«Մենք պետք է մի բան գիտակցենք՝ մեր պատերազմը չի ավարտվել: Ադրբեջանը նույն է, իր վարած քաղաքականությունը նույնն է, և այս ամենը հաշվի առնելով՝ պետք է հասկանանք, որ այո՛, պետք է օգտագործենք բոլոր դիվանագիտական և բանակցային հնարավորությունները, բայց հարցը իսկապես լուծվելու է իրական հողի վրա: Ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը՝ այս երկրի սահմանները գծվել են արյունով, բայց պետք է պահվեն քրտինքով: Այնպես որ այդ իրական հողի վրա մենք պետք է կարողանանք քրտինք թափել, որ կարողանանք պահել մեր սահմանները»,- հավելեց Թևան Պողոսյանը:
Ռոզա Հակոբյան