Գերմանացի գործարարները սկսել են հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ: Այս կարծիքին է Մարդու իրավունքների միջազգային հանրություն (ՄԻՄՀ-ISHR) միջազգային ցանցի նախագահ Թովմաս Շիրմախերը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Շիրմախերը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջեւ բիզնես-համագործակցությունը կկայանա, եւ դա շատ լավ հնարավորություն կլինի Գերմանիայի համար`օգնել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում եւ ներդրումների միջոցով զարգացնել երկրի տնտեսությունը: Նրա կարծիքով, հենց այդ նպատակին էր միտված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի`անցած տարի կատարած այցը տարածաշրջան, այդ թվում նաեւ Հայաստան:
Որ այցի ընթացքում կոնկրետ պայմանավորվածություններ չեղան, մեր զրուցակիցն ասում է`պատահում է, բայց որ ստեղծված հնարավորությունը բաց թողնել պետք չէ, դա էլ միանշանակ է համարում: «Իրականում, Գերմանիայում սպասում էին այս պահին, որ կարողանան որակական նոր հարթակ բերել հայ-գերմանական հարաբերությունները: Տիկին Մերկելի այցը հենց դրան էր միտված: Թեեւ պատմական իրադարձությունների բերումով Գերմանիան ներգրավված է եղել հայերի ցեղասպանության մեջ, բայց Գերմանիայում Հայաստանի եւ հայերի նկատմամբ վերաբերմունքը միշտ էլ լավ է եղել: Եվ դա փոխադարձ է եղել»,- ասում է մեր զրուցակիցը` իր գոհունակությունը չթաքցնելով, որ տիկին Մերկելի` Հայաստան այցի ժամանակ, Հայաստանում ցույցեր չեղան ընդդեմ Գերմանիայի ղեկավարի եւ գերմանացիների: «Վերջին 20 տարիներին Հայաստան-Գերմանիա հարաբերությունները զարգացման հենքի վրա են: Հայերը մշակութային ազգ են, կիրառական արվեստի երկիր է Հայաստանը, իսկ Գերմանիան միայն պլաստիկ ներկրող չէ. այս հարթությունում համագործակցության պոտենցիալ կա: Մերկելը գալով` բերեց գերմանական մտածելակերպը եւ Հայաստանի, հայերի համար բաց լինելու «մեսիջը». եւ 2016-ից մինչեւ թավշյա հեղափոխություն, սխալ կլիներ չօգտագործել համագործակցության ներուժը»,- կարծում է դոկտոր Թովմաս Շիրմախերը:
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Կրոնական ազատությունների միջազգային ինստիտուտի պրոֆեսոր, Մարդու իրավունքների միջազգային հանրություն (ՄԻՄՀ-ISHR) միջազգային ցանցի նախագահ Թովմաս Շիրմախերը եւ նրա տիկինը` Գերմանիայի մարդու իրավունքների ինստիտուտում ակադեմիական խորհրդական Քրիստինա Շիրմախերը հոկտեմբերի 14-16 ոչ պաշտոնական այցով Հայաստանում էին:
Թովմաս Շիրմախերը չի թաքցնում իր զարմանքը. «Մոտ չորս հազար տարի հայ ազգը պայքարել է իր անկախության համար եւ հիմա, երբ 27 տարի արդեն անկախություն ունի, շատ ժամանակ է կորցրել կայացման եւ զարգացման համար»: Ցանկացած երկրի ամենամեծ հարստությունն, ըստ նրա, ժողովուրդն է, մարդիկ են: Իրենք հիացած են հայերի հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ, ջերմությամբ ու պատրաստակամությամբ: Ասում է. «Ժամանակն է, որ այս ռեսուրսն օգտագործվի երկիրը զարգացնելու համար»:
Թովմաս Շիրմախերն, ի դեպ, մասնակցել է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի` Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթը կազմելու աշխատանքներին: Գերմանիայի նախագահը 100 տարի առաջ, Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր անվանել: Հետո`Բունդեսթագը քննարկեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Առաջին քննարկումը տապալվեց: Բունդեսթագը հայերի ցեղասպանությունը ճանաչեց մեկ տարի անց` 2016-ի հունիսին: Վերլուծելով այդ իրադարձությունները եւ անդրադառնալով հարցին`ինչո՞ւ 2015-ին Բունդեսթագում չհաջողվեց ճանաչել հայերի ցեղասպանությունը, մեր զրուցակիցը գալիս է մի փոքր հեռվից. «Չկա մարդու իրավունքներ առանց ժողովրդավարության, չկա ժողովրդավարություն` առանց կրոնական ազատության: Եգիպտոսում, բնակչության տաս տոկոսը քրիստոնյաներ են ու հրեաներ: Հիմա այդ երկրում խոսում են ժողովրդավարության մասին, բայց բնակչության տասը տոկոսը չունի խոսքի ազատություն իրավունք: Ինչի՞ մասին է խոսքը: Հայոց Ցեղասպանությունը դրա ամենավառ դրսեւորումներից էր: Ցեղասպանության արդյունքում ցիրուցան եղած հայերը զարգացրին այլ երկրներ: Նույնը եղավ նաեւ Գերմանիայի պարագայում. ցեղասպանությունից հետո, Գերմանիային հրեա բանակցությունն այլ երկրներում տեղավորվելով`ապրեց եւ աշխատեց հօգուտ այդ երկրների: Սա տնտեսական եւ մշակութային կորուստ էր»: Մեր զրուցակիցը հետազոտություններ է արել ներկայումս Թուրքիայում ապրող հայերի մասին: Ըստ այդմ, կարծում է, որ հարյուր տարի առաջ տեղի ունեցածը պատմություն չէ, իրականություն է: Ինքը Թուրքիայում մի երիտասարդի հետ է ծանոթացել, վերջինիս տատիկն իր մահից առաջ, վերջին շնչում ասել է, որ իրենք հայ են, քրիստոնյա են. տղան հիմա ոգեւորված է, ուզում է ճանաչել իր ազգը, իր մշակույթը: Արձանագրում է. «Մինչդեռ հազարավոր մարդիկ այսօր Թուրքիայում դեռ ստիպված են ապրել ծպտված`թաքցնելով իրենց ազգությունն ու կրոնական պատկանելիությունը: Սա ժողովրդավարության վերջն է: Եվ ժողովրդավարության վերջը Թուրքիայում ոչ թե Էրդողանը դրեց, այլ ավելի վաղ էր դրվել. մեկ հազարամյակ առաջ, հայերի ցեղասպանությամբ»:
Իսկ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ տեղի ունեցածի մասով էլ ասում է. «2015-ին խնդիրը կառավարության հետ էր, որը փորձում էր առհասարակ կանխել հարցի քննարկումը: Հիմնական պատճառն այն էր, որ Գերմանիայում բավական շատ թվով թուրք փախստականներ կան, նաեւ Գերմանիայի քաղաքացի, ընտրելու իրավունք ունեցող թուրք բնակչությունն է շատ: Իրականում շատ հետաքրքիր «հակամարտություն» էր կառավարության եւ պառլամենտի միջեւ: Պառլամենտն այդ գործընթացում ներգրավվեց նախագահին, որը որ կախվածություն չունի կառավարությունից, եւ նա շատ մեծ դիվանագիտություն ցուցաբերելով հարցն առաջ տարավ: Շատ կարեւոր էր, թե դա ի՞նչ անդրադարձ կունենար Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վրա, ի՞նչ վարքագիծ կդրսեւորեին Գերմանիայի թուրք ընտրողները: Նախագահը շատ խելացի գտնվեց`ասելով, որ Գերմանիան ներգրավված է եղել այդ ամենում, քանի որ Թուրքիայի դաշնակից է եղել: Այդ ճշմարտությունն այժմ ներառված է դպրոցական դասագրքերում»:
Քրիստինա Շիրմախերը հայագիտության ուսումնասիրություններ է իրականացրել, քանի որ ինքը ուսումնասիրում է Մերձավոր Արեւելքի կրոնական եւ մշակութային խնդիրները, որտեղ մեծ ուշադրություն են դարձնում ազգային փոքրամասնությունների իրավունքներին: Քրիստինա Շրիմախերը Հայաստանում եղել է Ցեղասպանության հուշահամալիրում, թանգարանում, ծանոթացել եւ խոսել տարբեր մարդկանց հետ, հայերի «մշակութային հիշողությանն» է ծանոթացել: Իր գիտական հետազոտություններն այս թեմայով 30 տարվա պատմություն ունեն:
Ամուսինները եղել են նաեւ Ադրբեջանում: Ադրբեջանում մարդու իրավունքների մասին մեր հարցին եւ դիտարկումներին, որ միջազգային կառույցները բավական հաճախ են դատապարտող բանաձեւեր ընդունում, մեր զրուցակիցները ասում են` մարդու իրավունքների մասով Ադրբեջանը շատ բարդ իրավիճակում է, Իրանի եւ Ադրբեջանի շիա բնակչության հետ կապված հարցերով. «Մեծ խնդիր է` ինչպե՞ս պահել այդ մարդկանց` առանց կրոնի ազատության հարցերը խախտելու: Այս իմաստով, Ադրբեջանի իշխանությունը շատ քայլեր է անում, որոնք ժողովրդավար երկրին հարիր չեն, որոնք բերում են խոսքի ազատության ճնշումներին: Բայց մյուս կողմից, դրանք երկրի անվտանգության պահպանմանն են ուղղված: Այլ մուսուլմանական երկրների հետ համեմատ, մարդու իրավունքների պաշտպանվածության հարցերը Ադրբեջանում բավական լավ են: Շիա բնակչությունը, որը մեծամասնություն է, նաեւ ընտրողներ են, հաճախ կրոնական էսքտրեմիզմի են գնում եւ նրանցից շատերն իրենց քաղբանտարկյալ են համարում: Սա չի նշանակում, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան: Բայց նման դեպքեր էլ կան»: Նրանք նկատում են`թե Հայաստանը, թե Ադրբեջանը հետխորհրդային երկրներ են, եւ նրանց հիմնական խնդիրը կոռուպցիան է. մի արատ, որը ԽՍՀՄ-ից է գալիս: Մեր զրուցակիցները դեռ մեծ հարց են համարում` Ադրբեջանը կկարողանա՞ այդ խնդիրը լուծել, նկատի ունենալով նաեւ շիա բնակչության մեծ ազդեցությունն այդ երկրում: Հայաստանը այս առումով, միանշանակ առավելություն ունի: Նաեւ, Հայաստանում կրոնական խնդիր չկա: «Հայաստանն ինքն է իր թշնամին, քանի որ կոռումպացված իշխանություններ է ունեցել: Օրինակ, Էկվադորում, կոռումպացված տարրերը երկրից դուրս են եւ դրսից են պայքարում, որ նոր իշխանությունը չհաջողի, եւ հին կարգերը վերականգնվեն: Իսկ Հայաստանն այս իմաստով անկախ է, իր հարցերը կարող են երկրի ներսում կարգավորվել»,- ասում է դոկտոր Թովմասը:
«Ադրբեջանում վահաբիստներն են շատ ակտիվ գործունեություն ծավալում, երիտասարդներին են ներգրավում: Հայաստանի առավելությունն այն է, որ հիմնականում քրիստոնյա երկիր է: Ադրբեջանն ավելի շատ ճակատներում պետք է կռիվ տա`իշխանությունը հավասարաչափ բաշխելու, կրոնական ազատությունները պաշտպանելու, խորհրդային արմատներից ազատվելու եւ ստեղծելու ժողովրդավարական պետություն»,-հավելում է Քրիստինա Շիրմախերը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ