«Կարս» հայրենակցական միության նախագահ Մարտին Թադեւոսյանն ասում է, որ առաջին անգամ՝ 68թ․-ին, երբ գնացել է Կարս, այդ ժամանակ Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն իրեն փոխանցել է արխիվից հանված՝ Կարսում Չարենցի տան գծագիրը։ Մի քանի նախանշան է եղել, որի համաձայն՝ կարելի է եղել գտնել բանաստեղծի տունը՝ բերդի տակ, եկեղեցու մոտ, Վարդանի կամրջի մոտ։ Այդ նշանների հիման վրա, ի վերջո, Մարտին Թադեւոսյանը գտել է այդ տունը, ավելին՝ այդ ժամանակ տեղացիները վկայել են, որ Աբգար աղան միշտ 2-րդ հարկից գորգեր է կախելիս եղել, որ մարդիկ այդպես ճանաչեին իր տունը եւ առեւտուր անելու գային։
Մարտին Թադեւոսյանը վերջին 20 տարիներին պարբերաբար խմբեր է տանում Արեւմտյան Հայաստան, այդ թվում՝ Կարս, Չարենցի տուն։ Ասում է՝ դա տուն անվանել չի էլ կարելի, որովհետեւ շներն ու հավերն են մնում, վերջերս էլ նաեւ տան պարիսպն են պոկել-տարել-վառել։ Թադեւոսյանը երկար տարիներ աշխատանքներ է տարել տունը ձեռք բերելու ուղղությամբ, բայց խնդիրն այն է, որ այլ պետության քաղաքացի Թուրքիայում սեփականություն գնելու իրավունք չունի, այսինքն՝ գնորդն անպայման պետք է թուրք լինի։
Մի քանի անհաջող փորձերից հետո, ի վերջո, տունը մի քանի տարի առաջ գնել է թուրք, հրեա արվեստագետ, գործարար, «Անադոլու Քյուլթյուր» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Օսման Քավալան, ով աչքի է ընկել իր հայամետ դիրքորոշմամբ, Չարենցի ընթերցողներից է եղել։ «Տունն արդեն մերն է, մնում է Քավալան դուրս գա բանտից, որպեսզի մենք էլ լծվենք մեր գործին»,- ասում է նա ու հավելում, որ Քավալան պիտի երաշխավորագիր գրի, որ կարողանան տան վերականգնման գործընթացը սկսել․ «Ես նույնիսկ պատշարների հետ եմ խոսել, Գյումրիից վարպետներ եմ տանելու՝ Չարենցի տունը կառուցելու համար։ Իմ ընկերները դոմիկներ են տալու, որ մեր վարպետներն այնտեղ մնան ու աշխատեն, իսկ աշխատանքները կտեւեն մեկ կամ մեկուկես տարի»։
Թե ինչքան է թուրք գործարարը վճարել Չարենցի տունը գնելու համար, Թադեւոսյանը նախընտրեց չհրապարակել, միայն նշեց, որ արդեն պատրաստ է երկհարկանի տան մակետը, 2-րդ հարկը կլինի ցուցասրահային մաս, իսկ առաջին հարկում՝ սրճարան, որը հնարավորություն կտա այցելուներին մի քիչ շունչ առնել Չարենցի տանը։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում