Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ատոմ Մարգարյան. «Ճիշտ է, այսօրվա դրությամբ ասում են, որ վերևներում կոռուպցիա չկա, բայց մենք տեսնում ենք, որ շատ լավ էլ կա». «Փաստ»

Մարտ 08,2019 12:40

Պետական ծառայության ոլորտը երբեք էլ չի եղել գայթակղիչ ու գրավիչ, քանի որ օրինական վճարվող միջին աշխատավարձը վերջին 3 տասնամյակների ընթացքում մշտապես ցածր է եղել, «Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Համեմատելով մասնավոր և պետական սեկտորների աշխատավարձերը, նրա դիտարկմամբ, պետական պաշտոնյաների միջին աշխատավարձերը մշտապես 30-40 %-ով ավելի ցածր են եղել:

«Եվ այս պղտոր ջրում ձուկ են որսացել նրանք, ում համար գլխավորը ոչ թե պետական համակարգի աշխատավարձն է եղել, այլ շորթելը, կոռուպցիան և այլևայլ անօրինական վարքագծային դրսևորումները: Այսինքն, երկրի առջև ծառացած խնդիրներից մեկն էլ հենց սա է: Ճիշտ է, այսօրվա դրությամբ ասում են, որ վերևներում կոռուպցիա չկա, բայց մենք տեսնում ենք, որ շատ լավ էլ կա: Նկատի ունեմ պետական վերահսկողական ծառայության վերջին բացահայտումները, այլ ձերբակալություններ, որոնց մասին պաշտոնապես հայտարարվում է: Այսինքն, այն, ինչ հայտարարվում է, հեղափոխական և հետհեղափոխական միֆեր են, որոնցից ժամանակն է ձերբազատվել»,- ասաց Ա. Մարգարյանը:

Տնտեսագետի կարծիքով, դրանք ընդամենը լոզունգներ են, որոնք մոտավորապես կարելի է ձևակերպել՝ «մենք եկանք, կոռուպցիան վերացրեցինք», սակայն իրականում չի կարող այն վերանալ, քանի որ մարդն իր բնույթով մշտապես հակված է օպորտունիստական վարքագիծ դրսևորելուն: Եվ եթե երկիրը կառավարող առաջին, երկրորդ դեմքերի մոտ նման երևույթներ չկան, ապա, ըստ Մարգարյանի, դա դեռ չի նշանակում, որ կառավարման ողջ բուրգի հաջորդ օղակներում ամեն ինչ նորմալ է:

«Ես խիստ կասկածում եմ, որ երրորդ, չորրորդ, հինգերորդ, տասներորդ օղակներում նման երևույթներ չկան: Իրականում, կոռուպցիան հետևանք է այն ինստիտուցիոնալ իրավիճակի, որում գտնվել և շարունակում է գտնվել մեր երկիրը: Դա առաջին հերթին մտածելակերպ է ու արժեքային համակարգ: Եվ այն հեղափոխական մեթոդներով փոխել անհնար է: Ի դեպ, քաղաքական մեթոդներով տնտեսական հեղափոխություն անելը ևս անհնար է: Այսինքն, ասֆալտին փռելով, փողոց փակելով՝ նույնպես անհնար է կոռուպցիայի դեմ պայքարել, քանի որ իրականում այդ երևույթի դեմ պայքարելու համար ծանր հետևողական և քրտնաջան աշխատանք և նվիրում է պահանջվում: Եվ եթե պաշտոնյան չունի այդպիսի որակներ, ապա նրա կեցվածքն ու խոսքը բլեֆ է, պարզ դեմագոգիա, որի կյանքը շատ կարճ է»,- ասաց Ա. Մարգարյանը:

Տնտեսագետի կարծիքով, մարդիկ շատ արագ են արձագանքում և հետևություններ անում: Այսինքն, հեղափոխական լեզվով խոսել կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական անարդյունավետության վերացման, արտադրողականության աճի, բարեկեցության թռիչքի և այլ երևույթների մասին, պարզապես անիմաստ է: Տարածված տեսակետ կա նաև, որ մարդիկ իրենց սառնարանի պարունակությունից և ամեն ամիս վճարվող վարձավճարներից ելնելով են որոշում, թե ինչ վիճակում է երկիրը: Եվ եթե մեծ հաշվով քաղաքացու կյանքում այս առումով ոչինչ չի փոխվում, ապա մնացածն, ինչպես ասում են, երևակայության դաշտից է:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031