Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գրիգորյան. «0038 հրամանը չի սահմանափակվում միայն շրջանառության մեջ գտնվող տեքստով, այս հրամանի պահանջները կատարելու համար առանձին բանակային ստորաբաժանումներում օժանդակ հրամաններ են արձակվել». «Հայկական ժամանակ»

Մարտ 08,2019 12:23

Նախաքննությամբ ձեռք բերված նյութերը առավել քան բավարար են՝ այդ արարքներում Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Յուրի Խաչատուրովի եւ Սեյրան Օհանյանի մասնակցությունը եւ մեղքը հաստատված համարելու համար: Այս մասին զրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Սույն գործով կողմերը ծանոթանում են քրեական գործի նյութերին:

– Պաշտպանական կողմը պնդում է, թե 0038 հրամանի մեջ չկա այնպիսի բան, որից կարելի է ամաչել եւ այդ հրամանի մեջ որեւէ արտառոց բան չկա: Քանի որ ըստ էության գործի նյութերի մեծ մասին ծանոթացել եք, կարո՞ղ եք ասել՝ իսկապե՞ս այդ պնդումներն իրական են:

– Պաշտպանության կողմի այդ պնդումը ընդամենը պաշտպանության կողմի գնահատականներն են, դրանից ավելի չէի վերաբերվի դրան. նման պնդումներն ինձ համար զարմանալի չեն: Ես կարող եմ պնդել, որ այս հրամանի արձակման թե՛ նպատակի եւ թե՛ դրանով լուծման ենթակա խնդիրը եղել է առանցքային քաղաքական իրավիճակին ուժային միջամտությամբ արձագանքելը: Բանակի ներքաշմամբ ծայրահեղ վտանգավոր եւ երկարաժամկետ ազդեցությամբ ծանր հետեւանքով հարված է եղել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին: Ես չգիտեմ՝ սրանից առավել էլ ինչ արտառոց բան պետք է լինի, որ օբյեկտիվ դիտորդի մոտ հրամանի ընդամենը նախաբանին ծանոթանալուց պատկերացնի, թե ինչ աստիճանի տարակուսելի, տարօրինակ ու արտառոց փաստաթուղթ է դա: Այն, ինչ որ ես ասացի, բառացիորեն շարադրված է հենց հրամանի նախաբանում, որի նկարագրական մասը հնչում է բառացիորեն այսպես՝ «Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց եւ թափանցիկ ճանաչելուց հետո, որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում եւ հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը»: Ու այս պարբերությունից հետո հրամանի հաջորդ պարբերությամբ նկարագրվում է, թե ինչու պետք է Զինված ուժերը, հանդիսանալով պետության անվտանգության երաշխավորը, թույլ չտան բառացի եմ կրկնում՝ «մի խումբ անձանց վտանգելու երկրի բնականոն զարգացումը»: Սրանք բացարձակապես քաղաքական գնահատականներ են եւ այս քաղաքական գնահատականների հիման վրա արձակված հրաման է սա:

–  Պարոն Գրիգորյան, այսինքն՝ այդ հրամանով հաստատվո՞ւմ է բանակի ներգրավումը ներքաղաքական զարգացումներին:

– Ուղղակիորեն եւ ոչ միայն այս հրամանով:

– Պաշտպանական կողմի պնդմամբ՝ բանակը ներքաղաքական զարգացումներին չի ներգրավվել, ավելին՝ պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարել է, որ 0038 հրամանից չի բխում, որ բանակը մասնակցել է մարտիմեկյան դեպքերին, այլ՝ այդ հրամանի միջոցով պետք է կանխեին բանակը քաղաքականության մեջ ներքաշելու փորձերը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– 0038 հրամանը չի սահմանափակվում միայն շրջանառության մեջ գտնվող տեքստով, այս հրամանի պահանջները կատարելու համար առանձին բանակային ստորաբաժանումներում օժանդակ հրամաններ են արձակվել, որպեսզի տեխնիկապես ապահովեն 0038 հրամանի կատարումը: Այսինքն՝ բանակի ներգրավվումը ոչ միայն առանձին այս հրամանի հիմքով է, այլ բազմաթիվ այլ հրամաններով, որոնցով բանակը նախապատրաստվել է այդ գործողություններին մասնակցության: Ոչ ոք չի ասում, որ փետրվարի 23-ի դրությամբ արձակված հրամանով նախապատրաստվել է, թե ինչ պետք է աներ բանակը Մարտի 1-ին, փետրվարի 23-ին արձակված հրամանով բանակը նախապատրաստվել է ցանկացած պահին ներքաղաքական իրավիճակին միջամտելու համար, երբ է կայացվել որոշումը, դա արդեն հետագայի խնդիր է եղել եւ ինքնին բանակային ստորաբաժանումների ներգրավումը միայն հրամանով չի, որ տեղի է ունեցել, նաեւ փաստացի գործողություններ էլ են կատարել: Առհասարակ, ես նկատում եմ, որ պաշտպանության կողմը առանձին դիտարկում է այս հրամանը որպես մեղադրանքի միակ հիմք եւ դրա դեմ հակափաստարկներ է բերում. իրականությունն այլ է, իրականությունը հետեւյալն է, որ բանակի ներքաղաքական իրավիճակին ներգրավվածությունը մի պնդում է, որ կատարված է բանակի փաստացի ներգրավման հիմքով, այսինքն՝ այն ապացույցների հիման վրա, որոնք ցույց են տալիս, որ բանակային ստորաբաժանումները ուղղակիորեն ներգրավվել են ներքաղաքական գործընթացներին, մասնավորապես Մարտի 1-ի օրվա երկրորդ կեսին՝ քաղաքական բողոքի ցույցը ճնշելու:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031