Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը չի հրաժարվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, իսկ դրանք չեն կատարվում, որովհետև դեմ է Ադրբեջանը: Հարցին, թե այդ դեպքում Հայաստանն ինչու է խոսում և հանդիպումների գնում, եթե Բաքուն չի կատարել պայմանավորվածությունները, Քոչարյանը պատասխանել է, որ ցանկացած հանդիպում լավ է, քան ռազմական գործողությունը: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հարցը շոշափվում է վաղուց: Ընդ որում, այստեղ օրակարգային դասավորության խաթարումները նկատվել են ոչ թե թավշյա հեղափոխությունից հետո, այլ դեռևս հենց Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո:
Մյուս կողմից, այս մասով հիմքեր կան իրավիճակը գնահատելու նաև հակառակ կողմից՝ մեխանիզմները դե յուրե ամրագրված չեն, քանի որ դեմ է Ադրբեջանը, սակայն դե ֆակտո դրանք գործում են հայկական առաջնագծի տեխնիկական հագեցման շնորհիվ, որով էապես բարձրացել է Հայաստանի թե՛ հետախուզական կարողությունների մակարդակը, թե՛ կանխարգելիչ գործողությունների: Մնում է հարցի քաղաքական կողմը՝ շարունակվո՞ւմ է ճնշումը Ադրբեջանի վրա այդ թեմայով, իրավականորեն մեխանիզմներն ամրագրելու համար, թե՞ ոչ:
Այստեղ է, որ խնդիրը նոր երանգ է ստանում Հայաստանի նոր հայտարարությունների ֆոնին, որոնք կապված են Արցախի լիարժեք բանակցային կողմ դառնալու հետ: Երևանն ավելի ու ավելի հստակ է հայտարարում, որ իր խնդիրը Արցախի լիարժեք բանակցային կողմ դառնալն է և քանի դեռ տեղի չի ունեցել դա, անհնար է խոսել տեղի ունեցող բանակցության մասին: Ադրբեջանը դեմ է արտահայտվում նաև այս մոտեցմանը, ինչպես Վիեննան է մերժում: Ստացվում է, որ Ադրբեջանն արդեն ստիպված է մերժել երկու հանգամանք, իհարկե մեկը պայմանավորվածություն, մյուսը՝ հայկական կողմի զուտ պահանջ, սակայն ահա այդ պահանջի ֆոնին ստեղծվում է հետաքրքիր իրավիճակ՝ հաշվի առնելով և այն, որ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի պահանջի հանդեպ ցուցաբերում են ոչ ուղղակի, սակայն նկատելի լոյալություն: Նրանք հայտարարում են, որ Արցախի կողմ լինելը պետք է որոշեն կողմերը: Այսինքն՝ նրանք հավասար կշիռ են տալիս թե՛ Ադրբեջանի մերժմանը, թե՛ հայկական պահանջին:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում