Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չէր մասնակցում: Հայտարարվեց, որ նա գտնվում է գործուղման մեջ: Սակայն նախարարին նույն օրը տեսել են Ամիրյան փողոցի վրա գտնվող սրճարաններից մեկում՝ «Սեգաֆրեդոյում», ինչը հարցերի տեղիք էր տվել՝ եթե նախարարը գործուղման մեջ չէր՝ ինչո՞ւ չէր եկել ԱԺ:
Այս առնչությամբ մեզ հետ զրույցում առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հարցին, թե նախարարը երեկ որտե՞ղ է եղել գործուղման ու գործուղումից ե՞րբ է վերադարձել, մասնավորապես ո՞ր ժամին՝ պատասխանեց, որ նա եռօրյա աշխատանքային այցով եղել է Արցախի Հանրապետությունում եւ վերադարձել է երեկոյան 21:30-ին:
Նախարարի խոսնակը չհերքեց, որ Արսեն Թորոսյանն իսկապես եղել է այդ սրճարանում. «Նախարարը 21.30-ին նոր հասել է Երեւան, այդ ժամանակ ԱԺ նիստը վերջացած է եղել, ժամը 22-ին ինքը եղել է «Սեգաֆրեդոյում»: Ընդ որում, քննարկել է «Աշտարակ» ԲԿ-ի վիրահատական բլոկի վերակառուցման ծրագիր, աշխատանքային հանդիպում է ունեցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ