Ամերիկացի դիրիժորը հիացած է հայ կանանցով
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ ներկայացվեց համաշխարհային օպերային գրականության ամենահայտնի ու սիրված օպերաներից Բիզեի «Կարմենը», բեմադրող դիրիժոր՝ Քրիստոֆեր Օկասեկ (ԱՄՆ), ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան:
«Առավոտը» հանգամանալից ներկայացրել է ժամանակակից ռեժիսուրայով իրականացրած այս բեմադրությունն անմիջապես հանձնումից հետո (11.07.2018թ.): «Կարմենի» պրեմիերան կայացավ արտասահմանում՝ Դուբայում, 2018թ. աշնան սկզբին, իսկ մեր հանդիսատեսը օպերան դիտելու հնարավորություն ունեցավ միայն նոյեմբերին:
Հիշեցնենք, որ «Կարմենի» ժամանակակից ընթերցումը արտահայտված է նախ ռեժիսորական խաղարկային կոնցեպտի մեջ, որն իր հերթին տեսանելի է բեմի ձեւավորման, ազատ ու արագ փոփոխվող ժամանակակից թեթեւ բեմով ու ճկուն խորհրդապատկերներով: Այս ամենին գումարենք նաեւ յուրահատուկ եւ դարձյալ ժամանակակից թեթեւությամբ իրականացված, միաժամանակ շատ կերպարային բեմական զգեստների ձեւավորումը, էկրանային եւ լուսային տեխնոլոգիաների կիրառումը, եւ, որ ամենակարեւորն է՝ ռեժիսորը կարողացել է ստանալ օպերային արվեստում ամենաբարդ որակներից մեկը, երբ բարձրակարգ երգեցողությունը միահյուսվում է դերասանական խաղին: Հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆեր Օկասեկի ժամանակի սղության պատճառով նրան չէինք հրավիրել հարցազրույցի: Օրերս նրա հետ հանդիպման ժամանակ արվեստագետը տեղեկացրեց, որ երեւանյան «Կարմենը» թվով 6-րդն է: Նախկին հինգը նույնպես բեմադրող դիրիժորի կարգավիճակով իրականացրել է ամերիկյան թատրոններում: Երբ նրան փոխանցեցինք օպերային թատրոնի նվագախմբի ու երգչախմբի արտիստների, մեներգիչների հիացմունքը իր արվեստի նկատմամբ, ստացանք համարժեք գնահատական՝ ուղղված մեր արտիստներին: Իսկ այն բանից հետո, երբ դիրիժորը տեղեկացավ, որ մարտի 8-ի նախօրեին «Կարմենը» նվիրված է կանանց տոնին, սկսեց իր հիացմունքն արտահայտել հայ կանանց, մասնավորապես՝ իր հետ համագործակցած հայ Կարմեններին՝ Կարինե Բաբաջանյանին, Գրետա Բագամյանին, երգչախմբի եւ նվագախմբի կանանց, իր խոսքերով՝ տաղանդավոր ջութակահար, նվագախմբի կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանին, թատրոնի մարքեթինգի եւ PR բաժնի աշխատակցուհիներին… Ընդ որում՝ «շնորհավորում ու շատ սիրում եմ» արտահայտությունն արտաբերելով հայերեն: Նախ կատակեցինք, թե՝ հայերեն է ուսումնասիրում, հետո էլ ուղղեցինք մեզ հասած տեղեկությունն այն մասին, թե դիրիժորը սիրահարվել է Երեւանի օպերային թատրոնին եւ չի մերժի այստեղ պայմանագրով աշխատելու առիթը, երաժիշտը պատասխանեց. «Սիրահարվելը՝ սիրահարվել եմ: Կարող եմ օգտակար լինել եւ ամենաառաջինը՝ պետք է խոստովանեմ, որ սիրահարվել եմ հայ ժողովրդին: Հարգում եմ այն աշխատանքը, որ իրականացնում է մաեստրո Օրբելյանը: Ինչ վերաբերում է իմ աշխատանքին ձեր թատրոնում, ապա դա, կարծում եմ, տնօրենի որոշելիքն է»: Հավելեց նաեւ, թե «Կարմենի» նախապատրաստական աշխատանքներում զգացել է հայերի հետաքրքրությունը դեպի օպերային արվեստ եւ տեսել, թե ինչպես երեւանյան երկու պրեմիերաների ժամանակ հանդիսատեսը նույնիսկ տեղ է զբաղեցրել աստիճանների վրա եւս:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
08.03.2019