Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են օտարերկրյա գործակալ ՀՀ քաղաքացիները

Մարտ 08,2019 14:30

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունը Արցախի հարցում թափանցիկ է գործում

«Ես զերծ կմնամ անուններ հնչեցնել, բայց մենք տեսնում ենք որոշակի գործելաոճ, հայտարարություններ, որոնք մեր ազգային անվտանգության մասով խնդրահարույց են: Հատկապես` Արցախի հարցի կարգավորման տրամաբանությանը վերաբերվող: Կան հայտարարություններ, որոնք իրապես վտանգավոր են»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը հարցին`թե ո՞ւմ կամ ի՞նչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ Սպահանում, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «պետք է թույլ չտանք, որ ՀՀ-ում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան ՀՀ քաղաքացիներ»: Հակոբ Սիմիդյանն, օրինակ, վտանգավոր հայտարարություն է համարում «հող հանձնելու թեման», որը կրկին ակտիվ շրջանառվում է. «Որի հիմնավորումը չի տրվում: Այսինքն, չկա իշխանությունների կողմից մի քայլ, որ Արցախի մասով բանակցություններն ընթանում են այնպիսի տրամաբանությամբ կամ ընթանում են առհասարակ, որտեղ վտանգներ կան»: Մեր զրուցակիցը, սակայն, չի պնդում, որ Նիկոլ Փաշինյանը հենց սա է նկատի ունեցել`այդ հայտարարությունն անելիս: Սա իր ենթադրություն- մոտեցումն է:

Նկատեցինք`«հող հանձնելու» թեման օրակարգ բերեցին եւ ակտիվ շրջանառության մեջ դրեցին նախկին իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները եւ ՀՀԿ-ի հետ համագործակցող գործիչները, «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչները, հասարակական որոշակի շրջանակներ եւ հետաքրքրվեցինք` իր գնահատմամբ, նրանք օտարերկրյա գործակալնե՞ր են: «Ես որեւէ մեկին նման մեղադրանք չեմ առաջադրի, ինձ նման բան թույլ չեմ տա: Ես ասում եմ, որ անհանգստացնող հայտարարություններ ժամանակ առ ժամանակ լինում են, որոնք խնդիր են առաջացնում`հենց որպես հայտարարություն: Տարօրինակ է, որ Հայաստանում Արցախի հարցի նման նուրբ հարցի մասին հնչում են հայտարարություններ, որոնք զրոյական հիմք ունեն: Չկա որեւէ առիթ, որեւէ գործընթաց, որեւէ հայտարարություն, որը կենթադրի հող հանձնելու տրամաբանություն: Այս իմաստով է, որ ես վտանգավոր եմ համարում այդ հայտարարությունները»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Հարցին`իշխող ուժը պատրաստվո՞ւմ է ներկայացնել Արցախի հարցի կարգավորման իր դիրքորոշումը: Նախկին երեք նախագահներն էլ իրենց տեսակետը հստակ ներկայացրել են, որը պաշտպանել են նրանց սատարող քաղաքական ուժերը: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը չի հրապարակել հարցի կարգավորման իր տարբերակը: Մեր զրուցակիցը հիշեցրեց հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, որոնք իր գնահատմամբ, բավական խոսուն են եւ արտացոլում են նրա տեսլականը: Դրանք են`«տարածքներ խաղաղության դիմաց» թեզը չի քննարկվում եւ չի քննարկվելու, Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան եւ բանակցային պաշտոնական գործընթաց այս պահին չկա, իսկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումները զուտ ճանաչողական եւ հարցի նախապատմությունն ուսումնասիրելու բնույթի են:

Իր վերջին հարցազրույցում, այս առիթով, «սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանքով կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Ինչպիսի բացատրություններով էլ, որ չփորձի քողարկել Փաշինյանը բանակցությունները, դրանք, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Կասկած է առաջացնում նույնիսկ ոչ թե բանակցությունների բուն փաստը, այլ այն ջանասիրությունը, որով վարչապետը փորձում է հրաժարվել դրանց գոյությունից։ Հանրությանը հայտնի չէ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը, քանի որ այն մինչ օրս չի բարձրաձայնվել, եւ հենց դա էլ անհանգստություն է առաջացնում։ Ինչպե՞ս կարելի է հաջող բանակցություններ վարել՝ առանց ձեւակերպված դիրքորոշման»։

Հակոբ Սիմիդյանն այսպես է հակադարձում. «Շատ կարեւոր արձանագրում հիմա պետք է անեմ. ես չեմ հիշում Հայաստանի որեւէ ղեկավարի, ով բանակցություններից հետո «օնլայն» ռեժիմով, ըստ էության, տեղեկացնում է բանակցությունների մասին: Այս պահին, իշխանությունները, նաեւ Արցախի խնդրով, բավական թափանցիկ են. յուրաքանչյուր հանդիպում-խոսակցությունից հետո անպայման լինում են հայտարարություններ, վարչապետը ներկայացնում է, թե ինչի մասին է եղել խոսակցությունը: Ուստի, որեւէ գործիչ հիմք չունի խոսել որեւէ կուլիսային կամ թաքուն գործընթացի մասին: Դա հերթական անհիմն հայտարարությունն է»:

Նույն հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նաեւ հայտարարել էր, որ անկախ իր գտնվելու վայրից, ինքն անպայմանորեն խանգարելու է Արցախի «հանձնման» որեւէ փորձ: Հակոբ Սիմիդյանը առնվազն զավեշտալի է համարում`խանգարել մի բանի, ինչը պարզապես գոյություն չունի. «Եթե որեւէ մեկն ուզում է որեւէ բանի խանգարի`գոնե պետք է ասի, թե ի՞նչ է տեղի ունենում: Դա մերկապարանոց հայտարարություն է եւ արդեն մի քիչ անհասկանալի, եթե ավելի սուր բնորոշումներ չտանք»:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը «Սորոսի սաներ» էր անվանել ՀՀ նոր իշխանություններին: Իշխող ուժի ներկայացուցիչը սա հերթական անհիմն հայտարարությունն է որակում եւ մեջբերում է այն հրապարակումները, որոնց համաձայն Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն է գործնական առնչություններ ունեցել «Բաց հասարակության հիմնադրամի» հետ. «Ընդհանրական այդ գնահատականները հիմա դաշտում շատ են, հիմնականում մանիպուլյատիվ, չհաստատված, չփաստարկված»:

Մամուլում տեղեկություններ եղան, որ ապրիլի 23-ը`Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, իշխող ուժը պատրաստվում է հռչակել «քաղաքացու ազատության օր»: Հակոբ Սիմիդյանը վստահեցնում է` ոչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ոչ «Իմ քայլը» խմբակցությունում նման քննարկումներ չեն եղել: Վարչապետի մամուլի խոսնակն, ի դեպ ասել էր, որ կառավարությունում ինչ-որ քննարկումներ եղել են: Հակոբ Սիմիդյանն, ամեն դեպքում, հորդորում է սպասել` մինչեւ հստակ լինի թե ինչի՞ մասին է խոսքը: Նա չի բացառում, որ դրանք մասնավոր խոսակցություններ են եղել, ուստի, մինչ պաշտոնական փաստաթղթի հրապարակ գալը, ինքը ձեռնպահ է մնում այդ հարցով կարծիք հայտնելուց:

Զրույցը`ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

07.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031