Երբ կհաղթահարվի Երեւան-Մոսկվա հարաբերություններում որոշակի լարվածությունը
Հայաստանում անցյալ տարի գարնանը տեղի ունեցած քաղաքական գործընթացներից հետո մի քանի առիթներով, նույնիսկ պաշտոնական հայտարարությունների մակարդակով, պարզ դարձավ, որ պաշտոնական Մոսկվան այնքան էլ չի վստահում ՀՀ իշխանություններին, կամ՝ ՀՀ իշխանություններին դիտարկում էր որպես աննախատեսելի՝ աշխարհաքաղաքական հնարավոր քայլերում:
Այսօր, թեեւ պաշտոնական Երեւանից եւ Մոսկվայից հնչող հայտարարություններին, թե հայ-ռուսական հարաբերություններն ընթանում են նորմալ հունով, այնուամենայնիվ, առայժմ չկա վստահություն, որ դա իրոք այդպես է:
Որոշակի ժամանակ, վստահաբար ռուս գործընկերներին պետք էր նախ՝ ծանոթանալու Հայաստանի գործընկերների հետ, ապա հասկանալու: Հանուն ճշմարտության պետք է փաստել, որ ռուսական կողմին էլ կարելի է հասկանալ, քանի որ նրանք փոփոխություններին սովոր չեն, եթե չասենք՝ դրանք առհասարակ չեն ընդունում:
Չնայած Մոսկվայից տարբեր մակարդակով պարբերաբար ու շարունակաբար բազմաբնույթ խայթոցներին՝ պաշտոնական Երեւանն ու Մոսկվան վստահաբար կշարունակեն շփումները: Այլ հարց է, թե Փաշինյանի իշխանությունը, որն ակնհայտորեն նպատակ է դրել տարբերվել նախորդից ու ՀՀ ձայնն ու ազդեցությունը լսելի դարձնել Մոսկվայի հետ հարաբերություններում, որքան կհաջողի:
Փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նրանք, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկել էին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, ինչպես նաեւ նշվել էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ խնդիրների:
Նույն օրը ՌԴ նախագահին կից գործարարների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի օրերին նախնական պայմանավորվել են հայ-ռուսական գործարար համաժողով անցկացնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տիտովն այս մասին հայտնել էր Մոսկվա-Երեւան-Մինսկ-Քիշնեւ-Տալլին տեսակամուրջի ընթացքում: «Մենք այդ հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել, դա մեր առաջին հանդիպումն էր եւ մեզ հետաքրքիր էր, թե Հայաստանի նոր ղեկավարությունն ինչ կարծիք ունի տնտեսական հարցերի վերաբերյալ: Մենք նաեւ խոսել ենք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխգործակցության մասին, եւ քննարկվել է հայ-ռուսական գործարար համաժողով կազմակերպելու մասին հարց: Նման ֆորում անցկացնելու գաղափարը հետաքրքիր է, սակայն այն դեռ նախնական է, եւ ժամկետներ չեն ֆիքսվել»,-ասել էր Տիտովը։ Նա շեշտել էր, որ երկու երկրները տնտեսական ոլորտում եւս լավ հարաբերություններ ունեն: Տիտովը հույս էր հայտնել, որ համաժողովը կկայանա:
«Հայ-ռուսական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են կրում: Հայաստանը Ռուսաստանին համարել եւ համարում է իր ռազմավարական գործընկերը», – փետրվարի 27-ին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագումար նիստում: Ընդգծելով, որ հայ-ռուսական համագործակցության առանցքային բաղադրիչներից մեկը անվտանգության եւ կայունության ապահովումն է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ, մասնավորապես՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում, Միրզոյանը շարունակել էր. «Մենք հանդես ենք գալիս հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու դեմ եւ ողջունում ենք մեր մոլորակում հարատեւ խաղաղություն եւ կայունություն հաստատելուն ուղղված ջանքերը: Այս առումով, ավելի լայն համագործակցության լույսի ներքո, վերջին օրինակներից մեկը կարող է հանդիսանալ մեր մասնագետների գործուղումը Սիրիայի Արաբական Հանրապետություն: Հայկական հումանիտար առաքելությունը, որը վերջերս է ուղարկվել Սիրիա, բացառապես ծառայում է խաղաղության եւ կայունության հաստատման նպատակներին՝ օգնելով սիրիական ժողովրդին վերականգնել կենսագործունեությունը հակամարտությունից տուժած շրջաններում»:
Խոսելով ԼՂ խնդրի թեմայով եւ հաստատելով, որ Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնվելով միջազգային օրենքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը միակն է, որ միջազգային հանրության կողմից լեգիտիմ մանդատ ունի խնդրով զբաղվելու, Միրզոյանը հավելել էր. «Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում ՌԴ-ի դերը, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: Ստիպված եմ ցավով փաստել, որ չնայած մեր երկրների միջեւ առկա դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետեւողական ջանքերին, մեր որոշ ռուս գործընկերներ տառացիորեն երեկ մասնակցել են ընդգծված հակահայկական ուղղվածությամբ ակցիայի, որը տեղի է ունեցել Բաքվում եւ որը ուղղված է տարածաշրջանում կայունության խախտմանը»:
Հայտնի է, որ պաշտոնական Երեւանը՝ ի դեմս Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի, իր վրդովմունքն է հայտնել Բաքվում փետրվարի 26-ին կայացած հակահայկական միջոցառմանը ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորների մասնակցության առթիվ: Դեսպանն այս մասին ասել է ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին: Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հայկական կողմը վերաբերվում այն փաստին, որ մի խումբ ռուս խորհրդարանականներ Բաքվում մասնակցել են «Խոջալուի դեպքերի» հերթական տարելիցին նվիրված միջոցառմանը, դեսպանն ասել է. «Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում այն կապակցությամբ, որ մի խումբ ռուս պատգամավորներ մասնակցել են Բաքվում կայացած հակահայկական երթին»: Տողանյանն ընդգծել էր, որ այդ երթը ակնհայտ հակահայկական բնույթ ուներ, եւ Բաքուն այն օգտագործել է տարածաշրջանում վստահության խաթարման նպատակով: ՀՀ դեսպանը հավելել էր, որ ռուս խորհրդարանականների դրդապատճառները հասկանալի չեն: «Ո՞րն էր նրանց առաքելությունը, ի՞նչ նպատակով են նրանք մասնակցել առանձին պետության իշխանությունների քարոզչական արշավի մաս կազմող այդ միջոցառմանը», – հարցնում էր Տողանյանը:
Հիշեցնենք, որ այդ երթին մասնակցել է նաեւ Պետդումայի պատգամավոր, Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդնինան: Իսկ Ռուսաստանի պետական «Վեստի 24» հեռուստաընկերությունը փետրվարի 26-ի երեկոյան իր եթերում պատմել էր երթի մասին, ինչպես նաեւ խոսել էր ղարաբաղյան խնդրի կարգավորման կազանյան փաստաթղթի մասին:
Սարսափելի եւ արյունալի ղարաբաղյան հակամարտությունը մահ եւ տառապանք է բերել բազմաթիվ անմեղ մարդկանց՝ եւ հայերին, եւ ադրբեջանցիներին. Ռուսաստանը դա միշտ մեծ ողբերգություն է համարել եւ շարունակում է այդպես կարծել, անցյալ շաբաթ կայացած ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Պետդումայի տարբեր խմբակցություններից պատգամավորները Բաքվում մասնակցել հակահայկական ակցիային եւ ով է եղել նախաձեռնողը՝ նախագահի աշխատակա՞զմը, Պետդումա՞ն, թե՞ ՌԴ-ում աշխատող օտարերկրյա հիմնադրամները: Զախարովայի խոսքով՝ չնայած նրան, որ ղարաբաղյան հարցով ՌԴ դիրքորոշումը հայտնի է, նա պատրաստ է եւս մեկ անգամ այն հաստատել. «Մեր երկիրը զգալի, շատ մեծ եւ վճռական ջանքեր է գործադրում կողմերին այս հակամարտության խաղաղ լուծման որոնմանը հասնելու հարցում եւ մենք հետագայում էլ դրան առաջնային ուշադրություն կդարձնենք տվյալ տարածաշրջանում մեր քաղաքականության համատեքստում: Դուք ասացիք, որ այնտեղ մասնակցել են ռուս պատգամավորներ, ինձ թվում է, որ ինքնակազմակերպման տեսանկյունից ճիշտ կլինի հարցն ուղղել հենց նրանց, հարցն ուղղել նրանց, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել այդ միջոցառմանը: ԱԳՆ-ն տվյալ միջոցառման հիմնադիրը եւ կազմակերպիչը չի եղել»:
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները իրապես պետք է դառնան ռազմավարական նշանակության, Հայաստանը կարող է դրանից միայն շահել, ոչ թե տուժել: Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով վստահեցնում են, որ հավատարիմ են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին: Թե ինչն է պակասում այդ հարաբերություններն իրապես այդպիսին դարձնելուն, թերեւս, հայտնի է ՀՀ եւ ՌԴ բարձրագույն իշխանություններին: Որոշ հարցեր, հավանաբար, ՌԴ իշխանություններին խնդրահարույց են թվում: Սակայն դիվանագիտության առավելությունն էլ հենց դրանում է, որպեսզի կարողանալ հարթել բոլոր նուրբ խնդիրները, կամ, ինչպես ընդունված է ասել՝ կնճռոտ հարցերը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
07.03.2019