Այս համոզմանն է ԵՊՀ պռոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը
Ինչո՞ւ բուհերում սովորող եւ նաեւ ավարտած երիտասարդները չունեն բիզնես մտածողություն: Այսօր մասնագետները մտահոգություն են հայտնում, որ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդները չունեն համապատասխան հնտություններ, որպեսզի բուհն ավարտելուց հետո կարողանան նախաձեռնել նոր գործող ընկերություններ եւ այդ ընկերությունները լինեն շահութաբեր: Ըստ մասնագետների, բիզնես մտածողությամբ երիտասարդների դեֆիցիտը լուրջ վնասներ է հասցնում տնտեսության զարգացմանը: Փորձագետները վստահեցնում են, որ խորհրդային տարիներից իներցիայով եկած կրթական ծրագրերը բիզնես մտածողություն չեն զարգացնում:
«Առավոտի» հետ զրույցում ԵՊՀ պրոռեկտոր, երիտասարդական զբաղվածության խնդիրներով փորձագետ Ռուբեն Մարկոսյանը գտնում է, որ բուհի շրջանավարտները, որոնք կունենան համապատասխան հմտություններ, եթե նույնիսկ, ուսումնառությանը զուգահեռ կամ հետագայում չկարողանան էլ ստեղծել նոր ընկերություններ, ապա գոնե վաղը մյուս օրը, կարող են շատ լավ աշխատուժ լինել արդեն իսկ գործող ընկերությունների համար:
Պարոն Մարկոսյանին հանդիպեցինք երիտասարդության շրջանում ձեռնարկատիրության զարգացմանը նվիրված համաժողովում:
Փորձագետի համոզմամբ, նորարարական մտածողություն ունեցող շրջանավարտների կամ երիտասարդների առկայությունը աշխատաշուկայում շատ կարեւոր է եւ մեծ ընկերությունները միշտ էլ կարիք ունեն ներքին ինովացիաների. «Այսինքն` նոր ընկերություն չի ստեղծվում, բայց արդեն իսկ գործող կազմակերպության մեջ լինում է ներքին նորարարություն»:
Հարցին, թե ի՞նչ է պետք, որպեսզի այդպիսի շրջանավարտներ տան բուհերը, պարոն Մարկոսյանը պատասխանում է` «Առաջինը` ձեռնարկատիրությունը խթանող կրթություն, կրիտիկական մտածողություն, որոշակի ստեղծարարական հմտություններ»:
Մեր հարցին, թե արդյոք մեր կրթական համակարգը տալիս է այդ հնարավորությունը, Ռուբեն Մարկոսյանն ի պատասխան ասաց` տալիս է, բայց ոչ բավարար քանակով. «Երբ խոսում ենք կրթական համակարգից, մենք պետք է, միգուցե, խոսենք միջնակարգ կրթությունից, ավագ դպրոցից եւ շարունակենք բուհական համակարգով: Արդյոք ավագ դպրոցը տալիս է այնպիսի դիմորդներ, որոնք պատրաստ են համակարգում ակտիվ ներգրավվել կրթական գործընթացին, ինտենսիվ աշխատանքին եւ ունենալ լավ արդյունքներ: Մենք այդպիսի դիմորդներ ցավոք սրտի չենք ունենում»:
Ռուբեն Մարկոսյանը հարց է բարձրացնում` արդյոք բուհական համակարգն անում է առավելագույնը որպեսզի հասնենք այդ նպատակին. «Պետք է ասեմ` ոչ: Ես չեմ խոսում կոնկրետ ինչ-որ մի բուհի մասին, այլ ընդհանուր եմ ասում: Ո՞րն է խնդիրը: Նախ` այն ինչ-որ մենք հիմա ուզում ենք ունենալ, դեռեւս տասը տարի առաջ այդքան էլ արդիական չէր: Եթե մենք թերթենք բուհական զարգացման ծրագրերը 10-15 առաջ, ապա կտեսնենք, որ այդպիսի ձեռներեցության խթանման միտված նպատակներ, խնդիրներ այդքան էլ շեշտադրված չէին: Եթե կային էլ, ապա դրանք էպիզոդիկ բնույթ էին կրում: Կրթական համակարգը, քանի որ ունի որոշակի իներցիոն բնույթ, խորհրդային համակարգում կարծես թե այդ ամենը ընդհանարապես չէր կարեւորվում եւ դրա մասին խոսելն ավելորդ էր եւ անցումային բավականին մեծ շրջան ենք ունեցել, բայց այդ իներցիոն ազդեցությունը մեր կրթական համակարգում ցավոք առկա է: Այսինքն` նախկինում չկային համապատասխան ավանդույթներ եւ դեռեւս 10-15 տարի առաջ այդպիսի շեշտադրումներ դրված չէին բուհական զարգացման ռազմավարության մեջ: Թե՛ կառավարության, թե՛ նախարարությունների կողմից, թե տնտեսական բլոկի համապատասխան նախարարությունների կողմից հիմա այդ խնդիրը շեշտադրված է:
Տնտեսական զարգացման հեռանկարների շեշտադրումով մենք տեսնում ենք որ մեզ պետք է խիստ նախաձեռնողական վարքագիծ եւ նախաձեռնողականությունը պետք է գա աշխատուժի կողմից` լինեն դրանք կազմակերպության ղեկավարներ, նոր ընկերության հիմնադիրներ, թե պարզապես սովորական աշխատողներ: Ես կարեւորում եմ, որ մենք մեր աշխատուժի արտադրողականության բարձրացման խնդիր ունենք: Եթե մենք նայում ենք մեր ՀՆԱ-աշխատաշուկայում զբաղված անձանց փոխհարաբերությունը, ապա տեսնում ենք, որ այդ ցուցանիշը միջին եվրոպական ցուցանիշից բավական ցածր է, եւ նույնիսկ Արեւելյան Եվրոպայի երկրների առումով այդքան էլ գոհացուցիչ արդյունքներ չունենք: Իսկ ինչպե՞ս բարձրացնել մեր աշխատուժի արտադրողականույունը: Դա հնարավոր է միմիայն նորարարության եւ ստեղծարարական մոտեցումների միջոցով»:
Պարոն Մարկոսյանի խոսքով, այսօր արդեն կարծես թե ընդհանուր հանրային ընկալում կա, թե՛ պետությունը, թե՛ բիզնես միջավայրը, թե՛ բուհերը կարեւորում են այդ խնդիրը. «Հիմա շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք այդ խնդրի ամենաարդյունավետ լուծումը տեսնել: Ամենաարդյունավետ լուծումը ես տեսնում եմ ձեռնարկատիրական կրթության տարրերի ներդրմամբ` թե՛ միջնակարգ եւ թե՛ նաեւ ավագ դպրոցում, ինչպես նաեւ բուհական համակարգում: Եվ դա լինի պարտադիր ակադեմիական կրթական ծրագրերի տեսակետից, ինչպես նաեւ արտաուսումնական գործընթաց` լրացուցիչ դասընթացներ եւ այլն: Միմիայն առանձին առարկաներ ներդնելով չեմ կարծում, որ այս խնդիրը հնարավոր կլինի լուծել: Կրթական համակարգը պետք է փորձի իր դասավանդման մեթոդաբանությունը վերանայել, փորձի քննադատողական մտածողությունը ներդնել եւ այլն»:
«Առավոտի» այն հարցին, թե ուղեղների արտահոսքը, երիտասարդների արտագաղթը, որքանո՞վ են հետ գցում պետության ծրագրերը այս ոլորտում, կա՞ ուսումնասիրություն` աշխատաշուկայի որ սեգմենտն է հեռանում, առավել մրցունա՞կը թե սեզոնային աշխատանքի գնացողները, Ռուբեն Մարկոսյանը պատասխանեց. «Որպեսզի գնահատական տանք, մենք պետք է բավականին բազմագործոն համակարգի հետ գործ ունենանք: Արդյոք եղե՞լ են ուսումնասիրություններ, թե մեր արտագաղթած անձանց կազմում, որքան են կազմում այդ սեգմենտի ներկայացուցիչները եւ որքան են կազմում առավել ոչ մրցունակ մարդիկ, որովհետեւ մենք նաեւ ունենք սեզոնային աշխատանքների մեկնող: Թե՛ առաջինի, թե՛ երկրորդի դեպքում տնտեսության համար միեւնույն է դա բացասական է: Որովհետեւ եթե մեզ մոտ ունենք արտագաղթ, դա նշանակում է, որ նրանց մասնակցությունը մեր տնտեսության մեջ, հավելյալ արժեքի ստեղծման տեսանկյունից, անկում է ունենալու: Բացի դրանից շուկան է փոքրանում: Մարդիկ այստեղ աշխատում են, այստեղ վաստակում են եւ այստեղ վաստակածը ծախսում են, այսինքն` մեր շուկան ունենում է որոշակի քանակով սպառողներ: Արտագաղթելով նրանք չեն նպաստում տնտեսության զարգացմանը: Երբ որ մենք հասկանանք, թե այդ արտագաղթողներից որքան են կազմում աշխատաշուկայում մրցունակները, դրանից հետո կարող ենք որոշակի եզրակացություն անել»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
07.03.2019
Նախ, ամբիոնները ազատեք կիսագրագետ տարրերից, որոնք ծանոթով-փողով ընդունված, դասախոս են աշխատում՝ խայտառակելով թե ամբիոնը, թե երկիրը, նոր դրանից հետո բիզնես-մտածողությամբ օժտված կադրերից խոսեք։ Հետո, ինչ է նշանակում, բիզնես-մտածողություն։ Բոլորս պիտի առևտրական լինենք՞։ Անձամբ ես դրա համար չեմ համալսարանում սովորել։ Պատրաստեք իր մասնագիտությունը իմացող և սիրող կադրեր, իսկ թե նրանցից ով կվաճառի իրեն, իսկ ով՝ կզբաղվի գիտությամբ և ուղղակի լավ մարդ կլինի, դա արդեն իրենց անելիքն է։ Տհաճ էր բիզնես-մտածողության մասին լսել համալսարան ներկայացնող, հուսով եմ՝ գիտնականից։ Սարսափելի տհաճ էր։ Ափսոս, որ մեր պրոռեկտորն եք։
Սրանք բոլորը իրենց տեղերի համար եմ մտածում՝ հատկապես նախկին «կոմսոմոլ- ուսխորհրդի անդամները»: Ա.Ս.- ի կադրերն են, շատ են սիրում ոչինչ չասող հարցազրույցներ տալ…