«Իմ տղան ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, Մարտակերտում իր պարտքը կատարած, շուտով մյուս տղայիս բանակ ուղարկելու ժամանակն է մոտենում: Շատ եմ տխրել ու հիասթափվել, որ տղաս մեզ պաշտպանեց, իսկ հիմա մեզ պաշտպանող չկա, անտարբեր են: Ես լիահույս եմ, որ իմ խնդրանքը չեք մերժի եւ չեք թողնի, որ մեռնենք»,-ասում է «Առավոտին» ահազանգած Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Զարուհի Առաքելյանը:
«Ամեն օր ճաքում են տանս պատերը, ձայները ուժգին լսվում են, սարսափից ճամպրուկներով դուրս ենք նետվում բնակարանից եւ սպասում, որ դադարի մի քիչ: 2 տղա ունեմ, մեկը 23 տարեկան՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, իսկ մյուսը՝ անչափահաս, 15 տարեկան: Ես չեմ կարողանում պաշտպանել իմ երեխաներին: ԱԻՆ-ի աշխատողները շատ են մեզ օգնում, շուտ հասնում են օգնության, ամեն տեղ բարձրաձայնում եմ այս մասին, սակայն ապարդյուն»,-պատմում է Արզումանյան-10 շենքի 1-ին մուտքի 2-րդ բնակարանի բնակիչ Զարուհի Առաքելյանը:
Բնակիչները 1-ին մուտքի դռան շեմն են փորել ու մեծ ճաքերի մեջ քարեր են դրել: Դուռը բացելու համար նրանք ստիպված են դիմել ԱԻՆ փրկարարներին, որպեսզի կարողանան «անվտանգ» տնից դուրս գալ եւ տուն մտնել:
Զրուցակցիս տեղեկացմամբ, քաղաքապետարանը կառուցապատողների հետ քննարկումների մեջ է, սակայն հարցերի հարցն այն է, թե երբ կգտնվեն կառուցապատողներ եւ արդյոք կհամաձայնե՞ն ներդրողներն ամեն օր «մահացող» շենքը քանդել ու նորը կառուցել. «Իսկ մինչեւ այդ մենք էլ չենք լինի, կոչ ենք անում, որ մեր անվտանգությունը ապահովեն, ուրիշ բնակարան չունենք, որ տեղափոխվենք»:
Արզումանյան -10 հասցեում գտնվող շենքն ունի 3 մուտք: Շենքը կառուցվել է 1961 թ., իսկ 2000-ից սկսվել են բողոքները: Բողոքների արդյունքում 2010թ.-ին շենքը մասամբ ամրացվել էր, որից հետո բնակիչները կրկին բողոքում էին, թե ճաքեր են առաջանում. «Ամրացումը չօգնեց եւ շենքը կորցրեց իր տարածական եւ նախագծային կոշտությունը եւ գտնվում է տեխնիկական անբավարար վիճակում»:
2017 թ. հունվարից ամեն օր բնակիչները կանչում են «911»՝ իրենց դռներն ու պատուհանները բացելու համար, իսկ շենքի ճաքերը լայնանում ու ավելանում են, շենքի հիմքը իջել է նկատելի, ամեն ինչ առանձնանում է իրարից: Մուտքի աստիճանները 2018թ.-ին փլվել են: Հատակը, առաստաղը, պատերը իրարից առանձնացած շարժվում են, մաս-մաս են լինում:
Ամենօրյա փլուզումը նկատվում է ահազանգող քաղաքացու՝ 1-ին մուտքում գտնվող բնակարանում, 2-րդ մուտքում սկսվել են արդեն քարեր թափվել, իսկ 3-րդ մուտքը գնահատվել է 3-րդ աստիճանի վթարայնության: 1-ին մուտքի նշյալ բնակարանը 4-րդ կարգի վթարային է:
ՀՀ վարչապետին, ԱԺ-ին, Երեւանի քաղաքապետ Հ. Մարությանին, առանձին պատգամավորներին ուղարկած նամակներում տիկին Զարուհին գրել էր. «Ի՞նչ է լինելու վթարային Արզումանյան-10 շենքի բնակիչների ճակատագիրը, լիահույս եմ, որ կարճ ժամկետներում մեր նոր Հայաստանում մի լուծում մեզ կառաջարկեք, քանի որ վտանգն առկա է եւ կարող ենք դառնալ սպասվող աղետի զոհը: Մենք էլ ուժ չունենք կյանքի ու մահու կռիվ տալու: Խնդրում ենք նշանակել այցելության օր Արզումանյան-10 շենքի բնակիչների հետ: Պատրաստ ենք լսել եւ ուսումնասիրել Ձեր առաջարկները, քննարկել եւ համատեղ ուժերով ու փոխադարձ համաձայնությամբ գալ ընդհանուր հայտարարի»: Ի դեպ, քաղաքապետը ավագանու նիստի ժամանակ նշել է, որ ուզում է օգնել բնակիչներին, բայց բավարար բյուջե չկա:
Պարբերաբար շենքի բնակիչները «լայվ» են մտնում, իրականում բոլորի աչքի առաջ «մահացող» շենքի նկարները եւ տեսանյութն են տեղադրում համացանցում:
Բայց ո՞վ է նայում նման «լայվերին», որտեղ ճոխ սեղաններ ու գոհացող նորելուկ պաշտոնյաների դեմքերը չեն, այլ «մահացող» բնակչի՝ շենքի ահասարսուռ պատկերներն են: «Բոլոր տեսանյութերը մեր շենքի մասին վկայում են, որ փլուզումն իրեն երկար սպասեցնել չի տա»,-ասում են նրանք:
«Ապրել վախի ու սարսափի մեջ՝ շատ դժվար է: Այսքան բարձրաձայնում եմ, բայց բոլորն անտարբերության են մատնում այս հարցը, կարծես թե սպասում են, որ թարմ նյութ լինի մեր շենքի փլուզումը լրատվամիջոցների համար, դրանից հետո էլ հուշարձան կկառուցվի զոհերի հիշատակին ու ժողովուրդը ծաղիկներ կբերի»,-ասում են հուսահատ բնակիչները:
ՀՀ կառավարության անդամներին բնակիչները հիշեցնում են Արամի-23 եւ Արզումանյան-17 շենքերի պատերի փլուզման մասին: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը վերջերս դիմել էր Երեւանի քաղաքապետին՝ նշյալ վթարային շենքն անհապաղ ամրացնելու աշխատանքներ կատարելու խնդրանքով:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
07.03.2019