Բրազիլահայը` կառնավալում Հայաստանի գույների, Նոյյան տապանի, Քարդաշյանի ու շների որդեգրման մասին
Այս տարի հայկական տարազները՝ Նոյյան տապանից մինչեւ մեր օրերի Հայաստանը, տեղ էին գտել Բրազիլիայի ամենամյա գունեղ կառնավալում:
2008-ից Բրազիլիայում ապրող եւ ստեղծագործող դերասան, ռեժիսոր Արթուր Հարոյանը «Առավոտի» հետ զրույցում հուզմունքով էր պատմում այն զգացողությունների ու հպարտության մասին, որ ապրել է կառնավալին: Բրազիլիայում «Ոսկե վարդեր» սամբայի դպրոցը Սան Պաուլոյի հանրահայտ սամբադրոմում մարտի 3-ին տեղի ունեցած կառնավալին ելույթ է ունեցել «Վիվա Հայաստան» ծրագրով: Աշխարհի 140 երկրում հեռարձակվել է ներկայացումը, բրազիլական լրատվամիջոցներից «Globo»-ն էլ մանրամասն ներկացրել է մեր երկիրը, անդրադարձել Հայոց ցեղասպանությանը, հայերի` Բրազիլիայում հաստատմանը եւ դերակատարությանը, աշխարհում հայտնի հայերին:
«Բրազիլական կառնավալն աշխարհի ամենամեծ թատրոնն է, ներկայացումն է` բաց երկնքի տակ: Շատ ուրախ էինք, որ Բրազիլիայի դպրոցներից մեկը պետք է Հայաստանի թեմայով ներկայանար: Հայաստանում շատերը չեն պատկերացնում, թե ինչ մասշտաբայնության մասին է խոսքը, երեւի մտածում էին, թե Արարատի մի երկու նկար կդնեն ու վերջ»,- ասում է Արթուրը: Նրա կարծիքով՝ ամենակարեւորները Ռիո դե Ժանեյրոյի, Սան Պաուլոյի եւ Սալվադորի պարային դպրոցներն են, որոնցից Ռիո դե Ժանեյրոյինն ավելի ավանդական բնույթ է կրում, իսկ Սան Պաուլոյինը համեմատաբար նոր է` մի 30 տարվա պատմություն ունի:
«Չզարմացանք, որ Սան Պաուլոյի դպրոցներից մեկն ընտրեց Հայաստանը, որովհետեւ հիմնական հայությունը հենց Սան Պաուլոյում ու նրա մերձակայքում է տեղակայված: Ի դեպ, հայերն ընդհանրապես կապ չունեին թեմայի ընտրության հետ: Միայն Սան Պաուլոյում կա 13 ավանդական խոշոր պարային դպրոց, որից յուրաքանչյուրն իրավունք ունի ընտրել իր ցանկացած թեման, ուղղակի պետք է այնպիսի թեմա ընտրել, որ մեծ լինի հաղթելու հավանականությունը, այսինքն` ճիշտ «Եվրատեսիլի» նման է:
Շոու ծրագրի նախաձեռնողներից Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» (Sociedade Rosas de Ouro) սամբայի դպրոցի ներկայացուցիչ Անդրե Մաշադուն (Andre Machado), որ իմ ընկերն է, «Գլոբոյով» ինչ-որ հաղորդում էր դիտել Հայաստանի մասին մեկ տարի առաջ ու շատ ոգեւորվել էր: Ինքն առաջարկել էր Հայաստանի թեման, ենթադրել, որ այն հաղթանակ կբերի… Ասել էր, որ Սան Պաուլոյում կա Արմենիա մետրո, Արասի Բալաբանյան, կա Շեր, Շառլ Ազնավուր… Հիմնավորել էր, որ թեման լավն է: Ու մեկ տարվա ընթացքում պատրաստվել էին»,- պատմեց Արթուրը: Նա հավելեց. «Մինչեւ հիմա խելքի չեմ գալիս, ուղիղ մեկ ժամ Հայաստանի մասին խոսեցին, ամբողջ մարմինս փշաքաղվում է, որ հիշում եմ: Ուրախացա, որ «Ոսկե վարդերը» լավագույն եռյակում է հայտնվել, եւ շաբաթ օրը եւս մեկ անգամ նույն ծրագիրը կներկայացնի: Այսինքն՝ եւս մեկ անգամ 140 երկիր կիմանա Հայաստանի մասին: Տեղի գաղութից 500 հայ է մասնակցել, սփյուռքահայեր ու հայաստանցիներ էլ: Ինձ եւս հրավիրել էին»:
Նա նշեց, որ ամեն պարային դպրոց բաղկացած է մոտ 3000 մասնակցից, եւ «Ոսկե վարդերի» յուրաքանչյուր մասնակցի վրա հայկական ինչ-որ դետալ կար, շքերթում էլ` 5 ալեգորիկ մեքենա, որոնք թեմատիկ էին. «Օրինակ, առաջին մեքենան իրենից Նոյյան տապան էր ներկայացնում, երկրորդ մեքենան քրիստոնեության հետ էր կապված, մի խոսքով, մեր պատմության ինչ-ինչ դրվագներ էին վերակերտված: Այն մեքենայի վրա, որտեղ նաեւ ես էի, Շառլ Ազնավուրի, Արամ Խաչատրյանի արձաններն էին, Արասի Բալաբանյանի, Ստեփան Ներսիսյանի ու անգամ Քիմ Քարդաշյանի նկարները»:
Մեր զրույցի ժամանակ Արթուր Հարոյանի ստեղծագործական գործունեությանն էլ անդրադարձ եղավ: Նա ասաց, որ հիմնականում թատրոնով է զբաղված: Նա պատմեց նաեւ իր բեմադրած վերջին` «Բենժամին» ներկայացման մասին, որը կենդանիների իրավունքների մասին է: Հայտնեց, որ ամեն ներկայացման վերջին շների կացարանից որեւէ շուն է բերվում, որը որդեգրվում է հանդիսատեսի կողմից: Ներկայացման վերջում լույսերը վառվում են, բեմին միայն շունն է լինում: Այդպես 5 շուն արդեն որդեգրվել է:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ բրազիլական մամուլից, նաեւ` Լեոնարդո Սանտոսի, Ռիկարդո Մացուկավայի:
«Առավոտ» օրաթերթ,
07.03.2019
Այս տղան Վաանձոից փախավ Բրազիլիա… Կողմնորոշումը գիտենք…