Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փակված» «Երեւանը» կրկին «վերաբացվել» է

Մարտ 08,2019 12:30

«Երեան» կամերային նվագախումբը պատրաստվում է իր առաջին բեմելին

Կան արվեստագետներ, որոնք դեռեւս ուսանողական տարիներին առանձնանում են, ձեռք բերում ճանաչում, հետո հիասթափվում, բայց դարձյալ «ոտքի կանգնում»: «Առավոտի» զրուցակիցը՝ ջութակահար Գեւորգ Վարդանյանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանի դասարանում ուսանելու տարիներին արտասահմանում՝ այդ թվում՝ Գերմանիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Վրաստանում, Բելառուսում մասնակցել է մի շարք նվագախմբային փառատոների՝ Վլադիմիր Սպիվակովի, Իլյիչ Ռիվասի, Արամ Թալալյանի եւ այլ ճանաչված դիրիժորների ղեկավարությամբ: Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ նման ուսանողական նվագախմբերում ընդգրկվելը կատարվում է մրցութային կարգով եւ մեծ փորձառություն է ցանկացած երաժշտի համար:
Մասնագիտական նեղ շրջանակներում հայտնի է Գեւորգ Վարդանյանի անունը, որը 2011-ին ուսումն ավարտելուց հետո հիմնեց «Երեւան» լարային քառյակը, համերգային գործունեություն ծավալելով նաեւ մարզերում: Երկու տարի անց, քառյակի գործունեությանը զուգահեռ, սերնդակից երաժիշտների հետ ջութակահարը թեեւ հիմնեց «Երեւան» կամերային նվագախումբը, բայց այն կարճ ժամանակ հետո՝ 2015-ին լուծարվեց, դադարեց գործել նաեւ քառյակը: Շուրջ երկու տարի էլ, մեր զրուցակցի խոսքերով՝ ինքն ապրել է ժամանակավոր հիասթափություն եւ միայն 2018թ. ամռանը կրկին «վերաբացեց» կամերային նվագախումբը՝ հիմնականում նոր կազմով: Երաժիշտը հավաստիացնում է, որ նվագախմբի փորձերին սիրով մասնակցում են Երեւանի կոնսերվատորիայում ուսանած մեկ-երկու արտասահմանցի երաժիշտներ: «Հիմա արդեն ամեն ինչ շատ լավ է, ապրիլին ցանկություն ունենք «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ ներկայանալ հանդիսատեսին»,- հայտնեց Գեւորգ Վարդանյանը:

Հետաքրքրությանը՝ կամերայինն ունի՞ աջակիցներ, երաժիշտը պատասխանեց. «Համերգի կազմակերպչական հարցերը հոգում է Concept կազմակերպությունը (տնօրեն՝ Արսեն Բաբաջանյան) եւ մեծ աջակցություն ունենք նաեւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանից ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանից»: Հավելեց նաեւ, թե «Երեւանի» հիմնական եւ միակ նպատակն է տարածել միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ եւ դասական, եւ ժամանակակից: Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք աջակցության ակնկալիքով նախկինում եւ այսօր դիմե՞լ են մշակույթի նախարարություն, երաժիշտն ասաց. «Նախկինում դիմել ենք, հավաստիացրել են, որ կհոգան նվագախմբի միայն համերգային գործունեության հետ կապված ֆինանսական ծախսերը, բայց… Մշակույթի նախկին նախարար տիկին Մակունցի հետ էլ եմ հանդիպել, որը ողջունելով «Երեւանի» վերածնունդը, ասաց, որ նախարարությունը նախապատվությունը տալիս է առաջին հերթին մարզային ծրագրերին եւ եթե մենք համաձայնենք՝ սիրով կընդառաջեն, բայց… Հիմա էլ սպասում ենք նախարարությունների վերակազմավորմանը, որպեսզի կրկին դիմենք նույն հարցով»:

«Երեւան» կամերային նվագախումբը:

Դիտարկմանը, թե՝ ցանկացած նորաստեղծ կոլեկտիվ, գոնե մեր երկրում, երազում է պետական կարգավիճակ ունենալու մասին, արվեստագետից ստացանք հետեւյալ պատասխանը. «Առաջինը՝ դա մեզ համար գերնպատակ չէ, երկրորդ՝ այս օրերին պտտվում են լուրեր, թե օպտիմալացումը սպառնում է նաեւ երաժշտական կոլեկտիվներին: Խոսքս, իհարկե, ֆիլհարմոնիկի կամ նման մեծ կոլեկտիվների մասին չէ: Եթե այդպես է, հակված եմ մտածել, որ Եվրոպայի օրինակով մեզանում էլ կամերային կազմով նվագախմբերը վերջապես կհայտնվեն առողջ մրցակցության դաշտում, ինչից միանշանակ կշահի հանդիսատեսը»:

Զրույցի ընթացքում Գեւորգ Վարդանյանը հատուկ նշեց, որ Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանն ընդառաջել է իրենց խնդրանքին՝ «Երեւանին» տրամադրելով փորձատեղի, նաեւ պարզեցինք, որ Գեւորգի հայրը՝ Ալեքսանդր Վարդանյանը, առաջինն էր, որ կազմակերպել է ռուսաստանյան շոու-բիզնեսի աստղերից Նատաշա Կորոլյովայի, Լադա Դենսի, Միխայիլ Շուֆուտինսկու եւ մյուսների երեւանյան համերգները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

07.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031