Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Մարտ 08,2019 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ վաթսուներորդ

 

ԴԱՐՁՅԱԼ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 

Եվ Անանիան մի քիչ մտածեց ու Կորյունին ասաց՝ «Արմենը  մեր էս խոսակցությունն էլ ա գրելու», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու Անանիային հարցրեց՝ «համոզված ե՞ս, որ մեր էս խոսակցությունը գրելու ա», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «կարաս չկասկածես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «կգրի, «Առավոտի» սայթի մեջ կկարդանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրա վեպն էդ սայթի մեջ ա տպվում», եւ Կորյունը ժպտալով ինձ հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում. մեր էս խոսակցությունը գրելու ե՞ս», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Կորյունը ժպտալով ինձ հարցրեց՝ «լրիվ նույնությամբ ե՞ս գրելու», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «լրիվ նույնությամբ», եւ Կորյունը ժպտալով ինձ հարցրեց՝ «բա ե՞րբ ենք կարդալու», եւ Անանիան իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «ամենաշուտը էրկու տարի հետո», եւ Կորյունը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «բա ինչի՞ էդքան ուշ», եւ Անանիան իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ հիմա էրկու տարի առաջվա գրածն ա տպում», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «էդ էրկու տարի առաջ գրածիդ մեջ մենք չկա՞նք», եւ Ջավախյանն իմ փոխարեն Կորյունին պատասխանեց ու ասաց՝ «մենք կըլնենք, բայց դու դժվար թե ըլնես», եւ Կորյունը զարմացած նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «ե՞ս ինչի չպիտի ըլնեմ», եւ Ջավախյանը քամահրանքով պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ էրկու տարի առաջ մեր էս կամպանիայի մեջ Կորյուն անունով օքմին գոյություն չի ունեցել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մոռանում ես, որ դու էս կամպանիայում լրիվ նոր մարդ ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մի տարի հազիվ ըլնի, որ էս կամպանիա ես թափանցել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էն էլ՝ իմ շնորհիվ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իմ շնորհիվ էս կամպանիա ես թափանցել, բայց քեզ հեչ համեստ չես պահում», եւ Կորյունը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «անհամեստ ի՞նչ եմ արել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ արդեն պիտի ինքնուրույն գլխի ընկնես», եւ Կորյունը ժպտալով ինձ հարցրեց՝ «ասում ես՝ պատերազմի դեմ ոչ մի բան չես գրե՞լ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հատուկ էդ թեմայով բան չեմ գրել», եւ Կորյունը ժպտալով ասաց՝ «փաստորեն, շատ ճիշտ են արել, որ ժողովուրդների բարեկամության էդ մրցանակը Ջավախյանին են տվել», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Կորյունին ու ժպտալով ասաց՝ «հենց իմացար, որ Արմոն մեր սաղ խոսացածները գրում ա, սկսեցիր խելոք խոսալ», եւ Անանիան ավելացրեց՝ «ոչ թե խելոք, այլ՝ զգույշ», եւ Կորյունը ժպտալով ինձ ասաց՝ «լավ չես անում, Շեկոյան Արմեն», եւ ես հարցրի՝ «ի՞նչը լավ չեմ անում», եւ Կորյունը ժպտալով ինձ ասաց՝ «լավ չես անում, որ ժողովուրդների բարեկամության մասին չես գրում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, պատերազմի դեմ էլ չես գրում», եւ Անանիան Կորյունին ասաց՝ «Արմենը հիմնականում կյանքի մասին ա գրում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031