Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է վարչապետի ձեռքը բռնել, որ հանձնարարի ՊԵԿ-ին, ասի՝ գնա փաստաբանների ձեռքը բռնի, էդ լոլո կարդալու ժամանակը չանցա՞վ». Հարություն Բաղդասարյան

Մարտ 07,2019 21:52

Այսօր «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն «Փաստաբանների իրավունքների պաշտպանությունը» թեմայով քննարկում էր կազմակերպել:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը պատմական ակնարկ արեց, թե փաստաբաններին ճնշելու ինչ դեպքեր են եղել: Ըստ նրա, հետապնդումները սկսեցին 2016-ի ամռանից. «Մի կողմից փաստաբանական համայնքի ըմբոստները՝ 30-40 փաստաբաններ, մյուս կողմից կոնկրետ իշխանությունը, իրավական կռվի մեջ էին՝ բառիս բուն իմաստով: 2017-ի կեսերից հետո իշխանությունները, հասկանալով,որ ըմբոստները տեղի չեն տալիս, շարունակելու են  մարտնչել, որոշեցին իրավական կարգավորումներ սահմանել: Աշնանը նախաձեռնվեց Դատական օրենսգրքում փաստաբանների նկատմամբ, որպես դատական տուգանք, նախատեսել մինչեւ 100 հազար դրամ տուգանք: 200-ից ավելի փաստաբաներ գործադուլ հայտարարեցին»:

Հարկային օրենսգրքի նախագծով փաստաբաններին հարկելու մասին խոսելով՝ ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցն ասաց, որ իշխանությունների մոտ փաստաբաններին հարկելու այդ միտքն առաջացել է այն բանից հետո, երբ քրեական վերջին գործերի հետ կապված փաստաբանների վարձատրությունը կասկած առաջացրեց. «Իրենց թվաց, թե բոլոր փաստաբաններն այնքան են վարձատրվում, որ կարելի է իրենց հարկել: Մինչդեռ սա լուրջ խնդիր է: Մեր շատ քաղաքացիներ չեն դիմելու՝ նվազագույն իրավաբանական օգնություն ստանալու համար»:

Մենք փոխանցեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի փաստարկներից մեկը՝ «եկեք մտնենք datalex ու կտեսնեք, որ փաստաբան կա՝ հարյուր հատ գործ ունի, բայց տեսեք ինչքան եկամուտ է ցույց տվել»: Վարչապետն ասաց, որ գործուն մեխանիզմներ չունեն կամուտը հաշվառելու եւ ստվերը գնահատելու համար: Ըստ Փաշինյանի, մի կողմից տնտեսական հեղափոխություն ենք ուզում, ուզում ենք ճանապարհները լավ լինի, ամեն ինչ լավ լինի, բայց հենց խոսքը հասնում է հարկելուն, ոչ ոք չի ուզում հարկվի: Նինա Կարապետյանցը հակադարձեց. «Մեր ազգանունները, որ ման գան Datalex-ում, ունենք սարսափելի մեծ քանակությամբ գործեր, բայց դրանք վճարովի չեն, մենք դա անում ենք անվճար՝ որպես ՀԿ: Մեզ դիմողի համար բացարձակ անվճար է դա: Եթե մեր ազգանունները ման գաք, տպավորություն կլինի, որ մենք միլիարդատեր ենք ու պիտի միլիարդներով հարկեր մուծենք: Բայց ի տարբերություն այն օլիգարխների, որոնք մի գիշերվա մեջ դարձան խոշոր սեփականատերեր, մենք, բնականաբար, այդ եկամուտները չունենք: Այդ հաշվարկի մեթոդը սխալ է»:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը միջամտեց՝ «Գուցեեւ վարչապետի հաշվարկը ճիշտ է, բայց ո՞վ է վարչապետի ձեռքը բռնել, որ հանձնարարություն տա հարկայինին, ասի՝ գնա փաստաբանների ձեռքը բռնի, էդ լոլո կարդալու ժամանակը չանցա՞վ: Ինքը հստակ կարող է կառավարության նիստի ժամանակ ասի՝ հարկային, մի հատ հլը էս փաստաբաններին ստուգի, հարկայինի պետն ասելու է՝ չէ, քանի որ փաստաբաններն ազնիվ են, չե՞մ ստուգելու: Ինչո՞ւ են ըտենց մենակ խոսում., ինչի՞ չեն գալիս ստուգում: Դա եղավ նույնը,որ ասում են՝ Սաշիկը 30 մլն փող է տարել, չի տվել: Ինչի՞ եք հայտարարում,դա մենք կարող ենք ենթադրություն անել, ձեր ձեռն ո՞վ է բռնել, էսօր էլ հո դուք իշխանություն եք: Այն, ինչ ասում եք, ընկեր իշխանություն, արե՛ք, եկեք ասեք՝ փաստաբան, դու փողը չես մուծել: Թե չէ ասում ես…Փաստաբանները Սասնա ծռերով մասնակցել են, քանի՞ լումա փող են ստացել ու ինչքան ենք ծախսել, ախր մենակ ասելով չի: Հեղափոխության օրերին վազելով գնում էինք ստեղ-էնտեղ, այդ թվում նաեւ Նիկոլին»:

Մյուս փաստաբաններն էլ հիշեցին, թե հեղափոխության օրերին, ընդդիմադիրների պայքարի օրերին քանի բերման ենթարկվածների հետեւից են գնացել:

Հարություն Բաղդասարյան ասաց. «Հազիվ մենք քաղաքացիական ակտիվիստի դաշտից դուրս էինք եկել, հազիվ սկսում էինք զբաղվել մեր գործերով, բայց այս ամբողջը բերելու է նրան, որ մեր երկրում թազա քաղաքացիական ակտիվիստներ լինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031