Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Արաբական Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մուհամեդ Ալ Զաաբիին:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է Մուհամեդ Ալ Զաաբիին Հայաստանում ԱՄԷ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես` փետրվար ամսին Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարարի և Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայ էմիրության կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, ռազմական սպորտի, տեղեկատվության փոխանակման և այլ ոլորտներում:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն