Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ անում են, փաստաբանների դեմ չի, հասարակության դեմ է, դե եթե դուք հասարակության թշնամին եք, արեք, ինչ ասեմ». Փաստաբանների բողոքը

Մարտ 07,2019 21:42

Այսօր «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն «Փաստաբանների իրավունքների պաշտպանությունը» թեմայով քննարկում էր կազմակերպել, որի ժամանակ փաստաբանները խոսեցին իրենց նկատմամբ հետապնդումների, նախկին ճնշումների մասին: Մասնավորապես, ՀՀԿ-ի իշխանության ժամանակ ուժի մեջ մտած, բայց մինչ օրս ուժը կորցրած չճանաչված մինչեւ 100 հազար դրամ տուգանքների դրույթը փաստաբաններին հանգիստ չի տալիս:

Ասոցիացիան դրա վերաբերյալ դիմում է ուղարկել ԱԺ՝ հորդորելով փաստաբան պատգամավորներին այդ օրենքը փոխել: Նինա Կարապետյանցի խոսքով՝ «Մի ամիս է, որ ուղարկել ենք, պատասխան էլ չենք ստացել: Դա սահմանադրական օրենք է, այսօրվա իշխող ուժն ունի այդքան ձայն ու կարող է օրենքը փոխել, բայց դեռ չի արել»:

Առայժմ որեւէ փաստաբանի նկատմամբ այդ օրենքը չի կիրառվել ու չեն տուգանել, բայց քննարկման մասնակիցներն ասացին, որ ցանկություն կա դատավորների կողմից. «Օրենքը չէր ընդունվել, Գագիկ Պողոսյանը մատ թափ տվեց, որ հեսա էդ օրենքը ընդունվելու է, նայեք ձեզ ինչ եմ անելու: Այդ օրենքը գործիք է»:

Հարցին՝ այն, որ հեղափոխությունից առաջ փաստաբաններին ճնշում էին, գիտենք, բայց հեղափոխությունից հետո՞ էլ են ճնշում՝ Նինա Կարապետյանցը պատասխանեց, որ այդ մասշտաբի ճնշում չկա.«Բնականաբար, ունենք գործեր, որ կարգապահական վարույթ են հարուցել, վիճելի գործեր կան, որոնք կարող են քննարկվել, բայց այդ մասշտաբի, որը կար, իհարկե, նման բան չկա»:

Անդրադառնալով Հարկային օրենսգրքի նախագծով փաստաբաններին հարկելուն, Նինա Կարապետյանցն ասաց. «Հարկերը բարձրացնելու դեպքում ծառայությունների գներն են բարձրանալու, սոցիալապես անապահով մարդիկ մնալու են առանց օգնության: Մենք ավելի շատ խախտված իրավունք ենք ունենալու, ավելի շատ դժգոհ քաղաքացիներ: Թե չէ փաստաբանները, ինքը ոնց ստացել է իր տասը միավոր եկամուտը, այդ միավոր եկամուտը ստանալու է»:

Aravot.am-ը հարցրեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ասաց, որ փաստաբանների գործունեության մեջ կա մեծ ստվեր, հետեւաբար այդ ստվերը պետք է բերվի հարկման դաշտ, ԱԱՀ-ի դաշտ, ինչպե՞ս եք դրան արձագանքում՝ փաստաբան Հարություն Բաղդասարյանը պատասխանեց. «Իսկ հարկերը, որ ավելացնում են, ստվերը չի՞ ավելանում: Ճիշտ հակառակը, ինչքան հարկերն ավելացրին, այնքան ստվերը կավելանա: Այսօրվա պայմաններում փաստաբանները ամենահարկատու կոնտինգենտն են: Փաստաբանները չեն ուզում թաքցնեն իրենց եկամուտները մի պարզ պատճառով՝ կարող է խնդիր ունենան իրենց կլիենտների հետ: Երբեմն, լինում է, որ դու քո կատարած աշխատանքի դիմաց ծախսեր ես անում, հետո չես համաձայնում, գումարը հետ ես տալիս, բայց հարկերն արդեն վճարել ես: Այ, երբ որ հարկերն ավելացնեն, էն ժամանակ կտեսնեք, թե ինչքան մեծ կլինի այդ ստվերը»:

Հարություն Բաղդասարյանն ասաց, որ եթե հարկերն ավելանան, մարդը, չկարողանալով վարձել փաստաբան, դիմելու է հանրային պաշտպանին, այսինքն՝ պետությանը, կամ էլ այդ մարդիկ իրավական դաշտում որեւէ գործողություն չեն անելու. «Դատարաններում գործերն ավելանալու են: Եթե այսօր փաստաբանները կանխարգելիչ աշխատանք են անում, հետո խնդիր է առաջանալու,գնալու են դատարան: Պետության վրա ծախսն է ավելանալու: Այդ մարդիկ, ովքեր այս օրենքը մշակել են, իրենք կյանքում դատական պրակտիկայի հետ չեն շփվել, չեն պատկերացնում, չգիտեն, որ ոչ թե պետք է երկրում ֆիսկալ ապարատը հզորացնեն, հսկողությունն ավելացնեն, որ հարկեր վճարեն, այլ անհրաժեշտ է, որ երկրում տնտեսություն լինի: 6 դեպուտատ փաստաբան կա, մենք հույս ունեինք, որ իրենք ինչ-որ ձեւով այս հարցերը կբարձրացնեն, ճիշտ հակառակն եղավ: Մարդիկ ռեալ կյանքը չեն պատկերացնում, սա է մեր պրոբլեմը, թե չէ 20 տոկոս ավելացնեն հարկերը, փաստաբաններն այն կոնտինգենտն են,որ կարող են միշտ էլ իրենց ընտանիքը պահեն: Հաստատ իմացեք, ինչ անում են, փաստաբանների դեմ չի, հասարակության դեմ է, դե եթե դուք հասարակության թշնամին եք, արեք, ինչ ասեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031