Մարտի 7-ին տեղի ունեցավ «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի երկրորդ՝ լրամշակված հրատարակության շնորհանդեսը:
Այս թեմայի առնչությամբ «Ermenihaber.am»-ը զրուցել է գրքի համահեղինակ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ:
Պարո՛ն Մելքոնյան, ի՞նչով է տարբերվում «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի երկրորդ հրատարակությունը նախորդից:
Գրքի հրատարակումը 2014թ. էր և ընդգրկում էր Թուրքիայի պատմությունը 1918թ-2011թ.: 2011թ. մասին համառոտ անդրադարձ կար գրքում: Այն կարևոր զարգացումները, որոնք տեղի ունեցան այդ ժամանակաշրջանում և այդ ժամանակաշրջանին հաջորդող, մասնավորապես՝ սահմանադրական փոփոխություններ, խորհրդարանական ընտրություններ, նախագահական 2 ընտրություններ, ըստ էության, դուրս էին մնացել և թերի էին:
Երկրորդ՝ լրամշակված տարբերակում պատմությունը ներկայացվում է ընդհուպ մինչև 2018թ. վերջը: Ավելացվել են քարտեզներ, վիճակագրական տարբեր տվյալներ, տոներ և դրանց գաղափարախոսական նշանակությունը, ինչպես նաև ներկայացվել է սոցիալ մշակութային փոփոխությունները, որ տեղի են ունեցել տվյալ ժամանակաշրջանում:
Ի՞նչ նպատակով է վերաթողարկվել գիրքը և ո՞րն է հիմնական ուղերձը:
Նպատակը, բնականաբար կրթական գործընթացներում ավելի ճիշտ տեղեկատվություն ներկայացնելն է և թուրքագետ ուսանողների համար ավելի դյուրին և օբյեկտիվ ինֆորմացիա փոխանցելը, որը կնպաստի և՛ լավ մասնագետ դառնալուն, և՛ Թուրքիայի Հանրապետության պատմության, և՛ տարբեր մանրամասներին ավելի ճիշտ տիրապետելուն, ընկալելուն:
Բացի այդ, մենք հայալեզու դասագրքեր, որ վերաբերում է Թուրքիայի պատմությանը և որը համապատասխանում է օբյեկտիվ իրականությանը, ինչպես նաև հայերի համար կարևոր խնդիրներին, ըստ էության, չունեինք: Սա գալիս է լրացնելու այդ բացը:
Ի՞նչ արդյունք եք ակնկալում դասագրքից և արդյո՞ք նախորդ դասագիրքը արդարացրել է Ձեր սպասելիքները:
Արդեն այս դասագրքով դասավանդում է իրականացվում: Նախորդ դասագրքով կուրսեր կան, որ ավարտել են: Արդյունքն այն է, որ մենք ակնկալում ենք ավելի խորագիտակ, ավելի պատրաստված թուրքագետներ և կարծում եմ, որ արդեն իսկ այս շրջանավարտները ապացուցում են, որ դասագիրքը ունի և ունեցել է լավ արդյունք: Վստահ եմ, որ արդյունքը կշարունակվի, քանի որ հայերենով և համապարփակ Թուրքիայի պատմության ներկայացումը առաջին հերթին նպաստելու է լավ մասնագետների ձևավորմանը:
Հարցազրույցը` Էլեն Քոքչյանի
Աղբյուր` Ermenihaber.am