Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» գրքի շնորհանդեսը և ծննդյան 94-ամյակին նվիրված համերգ: Հեղինակը որոշ խնդիրների պատճառով ներկա չէր միջոցառմանը: Նրա կենսագրությանը ու ծավալած գործունեությանը ավելի մոտիկից ծանոթանալու համար միջոցառման սկզբում ներկայացվեց նրա մասին պատմող ֆիլմ:
Կոմպոզիտորը իր մանկությունից հիշում է մի դեպք, որը եղել է ընտրած ճանապարհի սկիզբը. «Մեր մանկապարտեզ եկավ դաշնակահար կին, որը ստուգեց երեխաների լսողական տվյալները: Նա ինձ ընտրեց: Շաբաթը մեկ անգամ նա գալիս էր, ինձ նվագել էր սովորեցնում… » :
Երբ պահն է հասել որոշում կայացնելու, Հովունցն ընտրել է երաժշտությունը: Նրա ստեղծագործությունները հայտնի ու սիրելի են և հայ, և օտարերկրացի լսարանի համար:
Կոմպոզիտորը իր մտքերը ոչ միայն երաժշտության միջոցով է արտահայտում, այլ նաև՝ թուղթ ու գրչի: 2018 թվականին «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի և «Նարեկացի» արվեստի միության համագործակցությամբ լույս է ընծայվել Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» գիրքը: Բնագիրը ռուսերեն է, բայց նաև թարգմանվել է անգլերեն, գերմաներեն:
Հեղինակն ունեցել է նոթատետրեր, որոնց մեջ գրառումներ է կատարել երաժշտության վերաբերյալ: Այս գրքույկը իր մեջ ներառում է հենց այդ մտքերը: Այն կազմված է երեք մասից, ամեն մի գլուխ ունի մի յուրահատկություն: Առաջին մասը հեղինակի փիլիսոփայական մտքերն է, միջին հատվածում՝ երաժշտական տեսությունն է, իսկ վերջին հատվածը կոչվում է « Եզրահանգում » , որտեղ հեղինակը ավելի մանրամասն է ներկայացնում իր մտքերը:
Միջոցառումն ավարտվեց «Երևան» լարային քառյակի կողմից կոմպոզիտորի ստեղծագործությունների կատարմամբ:
Մերի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ