Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ համար Ռուսաստանը կա՝ որպես պետություն և գործընկեր. դրանով բավարարվենք. Բորիս Նավասարդյան

Մարտ 07,2019 20:30

«Ես միշտ  կարծել եմ, որ մեզ համար Եվրասիական միությունում  անդամակցությունը պետք է դիտարկել զուտ Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերությունների հետ համատեքստում: Այսինքն՝ ուրիշ ակնկալիք, ստանալիք մենք Եվրամիությունում չունենք», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների մասին՝ ասաց «Երևանի մամուլի ակումբ»-ի նախագահ Բորիս Նավասարդյանը: Վերջինիս կարծիքով՝ մեր կառավարությունը արտաքին քաղաքականության և տնտեսական կապերի մասին մտածելիս հենց այդ տեսանկյունից պիտի դիտարկի անդամակցությունը տարբեր եվրասիական  նախաձեռնություններում՝ տեսնելով այնտեղ մեկ շատ կոնկրետ շահ. Ռուսաստանի հետ մենք սերտ համագործակցության այլընտրանք չունենք այսօր:

«Եվ ուրեմն հենց դա պետք է լինի մեխը մեր հարաբերությունների, անդամակցության և գործունեության: Եթե մենք կարող են  այդ երկկողմանի հարաբերությունները պահել քիչ թե շատ նորմալ վիճակում, մնացածը՝ ինչ կատարվում է Եվրասիական միությունում կամ ՀԱՊԿ-ում մեզ չպետք է մտահոգի. սկանդալները կապված ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, որ ինչ-որ մեկը մեզանից կնեղանա, ինչ-որ մեկը մեզնից կդժգոհի, մեզ չպետք է մտահոգի, որովհետև միևնույնն է Ռուսաստանից բացի այնտեղ մենք չունենք իրական և բնական գործընկեր»,- նշեց պարոն Նավասարդյանը:

Ըստ նրա՝ որպեսզի մենք կարողանանք կանխատեսել, թե ինչպիսի մարտահրավերներ և խնդիրներ կարող ենք ունենալ, պետք է նկատի ունենալ Ռուսաստանի ներքին զարգացումները, և դա շատ կարևոր է: Բանախոսը նկատեց, որ Ռուսաստանի ներքին զարգացումները հետևյալն են. կարծես թե վերնախավը համակերպվել է կամ ընտրել է Վլադիմիր Պուտինի՝ երկրի ղեկավար մնալու տարբերակը նաև 2024 թ-ից հետո, և դրա հետ մեկտեղ, բանախոսի կարծիքով, ակնհայտորեն Ռուսաստանի նախագահի վարկանիշը ընկնում է, որը պայմանավորված է որոշակի զարգացումներով՝ կապված կենսաթոշակների հետ և ընդհանրապես Ռուսաստանի քաղաքացիների կյանքի որակի վատթարացման հետ:

«Այս երկու հանգամանքները՝ վարկանիշի անկում, բայց միևնույն ժամանակ այլընտրանքի բացակայություն, նյարդայնացնում է Ռուսաստանի տարբեր շրջանակներին, երբ ընդհանրապես այդ դաշտը նյարդային վիճակում է, ապա դրա հետ գալիս է նաև կասկածամտություն գործընկերների նկատմամբ և որոշակի անվստահության դրսևորումներ: Մենք տեսնում ենք, թե դա ինչպես է անդրադառնում Հայաստանի հետ հարաբերութունների վրա և Հայաստանի նկատմամբ տարբեր ազդակների ձևով: Կարծում եմ մենք դրան պետք է հանգիստ վերաբերենք, դա օբյեկտիվ զարգացում է՝ կապված Ռուսաստանի ներքին խնդիրների հետ և ոչ թե Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների հետ», -ասաց բանախոսը:

Պարոն Նավասարդյանի գնահատմամբ՝  Ռուսաստանում շատ լավ գիտակցում են, թե ինչ կարող են որպես գործընկեր Հայաստանին առաջարկել,և դա շատ ավելի քիչ է, քան այն, ինչ Հայաստանին կարող են առաջարկել ԵՄ-ն, ԱՄՆ-ն, բայց, բանախոսի խոսքով, միևնույն ժամանակ օբյեկտիվ,  որ Ռուսաստանը և Հայաստանը ունեն ընդհանուր շահեր, և դա գիտակցում են և այնտեղ, և այստեղ. ուրեմն պետք է մտածել այդ շահերի իրականացման, այլ ոչ թե դրանք շրջապատող տրամադրությունների մասին:

«Մեզ համար Ռուսաստանը կա որպես պետություն և գործընկեր. դրանով բավարարվենք: Սիրո կամ բարի վերաբերմունքի ակնկալիքներ չպետք է ունենանք»,- հավելեց պարոն Նավասարդյանը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031