Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիական կոոպերատիվներ ենք զարգացնում, բայց հարկային դաշտը նրանց համար չենք բարելավում

Մարտ 07,2019 19:55

«Գյուղատնտեսությունը բավականին հզոր ճյուղ է հատկապես՝ մեզ պես  զարգացող երկրի համար եւ շատ լուրջ ներդրումներ է պահանջում:

Ներդրումներից բացի շատ կարեւոր է կոտրել կարծրատիպերը, որոնք լուրջ արգելք են հանդիսանում նոր մեթոդներով գյուղատնտեսություն իրականացնելու գործում: Հին մեթոդներ ասելով նկատի ունեմ, որ, անպայման, պետք է պարարտացվի ոչ օրգանական նյութերով, որ, անպայման, ծառերը պետք է բուժվեն թունաքիմիկատներով եւ այլն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Թեղենիք համայնքի բնակիչ Գոհար Մովսիսյանը: Ինչպես տիկին Մովսիսյանն է ասում արտագաղթն իրենց գյուղն էլ չի շրջանցել եւ մարդիկ հեռացել են աղքատության եւ աշխատանքի բացակայության պատճառով: Մինչդեռ, նրա համոզմամբ, Թեղենիքն ունի բոլոր նպաստավոր պայմանները գյուղատնտեսությունը զարգացնելու:

 

Այսօր տիկին Գոհարը մասնակցում էր «Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի գյուղատնտեսական դաշինքը: Այս տարի մրցանակների արժանացան  գյուղատնտեսության ոլորտում հաջողություններ արձանագրած 11 կանայք՝  Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի մարզերից, որոնց թվում էր նաեւ Գոհար Մովսիսյանը: Նրա խոսքով, գյուաղտնտեսությունում ռիսկերը շատ մեծ են, այդ պատճառով էլ գյուղացիները ռիսկ չեն անում հող մշակել.«Նախորդ տարի կարկուտի պատճառով Թեղենիք համայնքում բերքն ամբողջությամբ վնասվեց»:

Մանրամասները՝ տեսանյութում

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Անահիտ Նավասարդյանի խոսքով, կոոպերատիվները գյուղական համայնքներում նպաստում են  աղքատության նվազեցմանը, զբաղվածության ապահովմանը, գյուղատնտեսությունից ստացվող եկամուտների աճին, մատչելի  ֆինանսական ռեսուրսների ապահովմանը: Սակայն, չնայած սրան, օրենսդրական դաշտը կոոպերատիվների համար ամենեւին էլ բարենպաստ չէ: Ըստ տիկին Նավասարդյանի,  սրա մասին վկայում է  վերջին  տարիներին գյուղատնտեսական կոոպերատիվների  թվի նվազումը: Եթե 2016 թվականին գրանցվել են  54  կոոպերատիվ, ապա, 2017-ին՝ 14,  2018-ին ընդամենը յոթ կոոպերատիվ է գրանցվել:

Aravot.am-ի հետ զրույցում Անահիտ Նավասարդյանն ասաց, որ Հարկային օրենսգրքով, գյուղատնտեսական առաջնային արտադրությունն ընդհանրապես ազատված է շահութահարկից, սակայն, չնայած սրան, կոոպերատիվները չեն կարողանում օգտվել այդ արտոնությունից, քանի որ իրենք վաճառում են, ոչ թե կոոպերատիվի իրավաբանական անձի արտադրանքը, այլ՝ իրենց անդամների եւ այստեղ խնդրի առաջ են կանգնում:

Մանրամասները շուտով՝ տեսանյութում

Միջոցառմանը ներկա գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը վստահեցրեց, որ գյուղատնտեսությունը մեր երկրի ամենաառաջնահերթ ոլորտներից է, սակայն, ցավոք, ոլորտում շարունակում են մնալ այն խնդիրները, որոնք տարիներ ի վեր իրենց լուծումն այդպես էլ չեն գտել. «Այսօր էլ այդ խնդիրները կան եւ շատ են: Ըստ Գառնիկ Պետրոսյանի, մեծագույն խնդիր է հողատարածքների մասնատվածությունը ունենք 315 հազար գյուղացիական տնտեսություններ եւ գյուղացիավարման այս ձեւը երբեք չի կարող արդյունավետ լինել: Կոոպերացիայի զարգացումը պետք է առաջնահերթ կարեւորվի եւ ծրագրերն ուղղվեն գյուղացիական կոոպերատիվների զարգացմանը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարները՝ ՀՀ գյուղատնտեսական դաշինքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031