«Ծայրահեղ բևեռվածություն է նկատվում մեր հասարակության տարբեր հատվածների միջև»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի մտահոգություն հայտնեց «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր (ՍԱՊԾ առաջին պետ) Գրիգոր Գրիգորյանը:
Ըստ նրա՝ երկիրը կանգնած է մի շարք ներքին ու արտաքին մարտահրավերների առջև. «Մեր հասարակությունը ծայրահեղ բևեռացված է: Անհնազանդության մթնոլորտն իջեցնում է մեր հասարակության դիմադրողականությունը: Դա թույլ չի տալիս աշխատանք ծավալել այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Նույնիսկ մասնագիտական խորհուրդները հաշվի չեն առնվում` դրանց տալով քաղաքական երանգ, այնինչ նույնիսկ մի շարք հարցեր գոյություն ունեն այսօր, որոնք շուտափույթ լուծում են պահանջում»:
Ըստ Գրիգոր Գրիգորյանի` օրվա իշխանություններն ավելի են սրում իրավիճակը` պրովոկացիոն արտահայտություններով, փոխանակ լուծում տան խնդրին. «Օրվա կառավարությունը պետք է այս իրավիճակին լուծում տա` նախևառաջ զսպելով իր կողմնակիցներին: Կառավարության շենքի առաջ կնոջ վրա փորձում են ձեռք բարձրացնել, մարդիկ կորցնում են իրենց ունակությունը լսել, բանակցել, անգամ լսել մասնագետի խորհուրդը»:
Դառնալով այն իրավիճակին, երբ մարդկանց փորձում են գցել աղբարկղի մեջ, Գրիգոր Գրիգորյանը մտահոգություն հայտնեց, թե գնում ենք դեպի ուկրաինացում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ